Երևան +23°
copy image url
Մշակույթ 2 շաբաթ առաջ - 20:19 15-04-2024

Հայաստանը տխուր է, սակայն չհաղթված․ այսօր Արշիլ Գորկու ծննդյան օրն է

«Կյանքս նման է անհանգիստ ծովի, որն ալեկոծվում է տխրությունից ու վշտից... Ես երեք գաղափարների «արտադրանք» եմ՝ մաքրություն, տանջանք և հասունություն։ Տանջանքները հիվանդագին են, բայց անհրաժեշտ։ Ես միշտ զգում եմ մենակությունս, նույնիսկ ընկերներիս և հարազատներիս շրջապատում...»,- մի առիթով խոստովանել է Արշիլ Գորկին։

Այսօր աբստրակցիոնիզմի հիմնադիր, նկարիչ Արշիլ Գորկու ծննդյան օրն է։



Աշխարհահռչակ նկարիչը ծնվել է Արևմտյան Հայաստանում։ Երբ տեղի ունեցավ Ցեղասպանությունը, Ոստանիկը ընդամենը 11 տարեկան էր։ Մոր ու երեք քույրերի հետ ապագա նկարիչը բռնեց գաղթի ճամփան։ Այս ողբերգությունը անջնջելի հետք թողեց Ոստանիկ Ադոյանի հոգու և ստեղծագործության վրա։

Բայց հարենիքի կոսուստը դեռ ամենը չէր․ կյանքը նոր հարվածներ էր պատրաստել Ոստանիկի համար։ 15 տարեկան էր, երբ մահացավ մայրը։ Մոր կորուստը, Ցեղասպանության սարսափները նրան դարձրին այն, ինչ նա կար՝ խորը և ազդեցիկ։ Ամերիկացի նկարիչ Վիլլեմ դե Կունինգ, անդրադառնալով Արշիլ Գորկու ստեղծագործության խորությանը, իրավացիորեն նկատել է․ «Նա նման է հսկա սառցալեռան, որը 9/10 մասով ընկղմված է օվկիանոսում և երևում է ընդամենը 1/10 մասով։ Բայց այն, ինչ երևում է, հզոր է և հրաշալի իր փայլի մեջ»։



Արշիլ Գորկու ստեղծագործության մեջ առանձնահատուկ տեղ ունի մոր կերպարը։ Իր նշանավոր «Նկարիչը և իր մայրը» կտավի վրա Գորկին աշխատել է ԱՄՆ տեղափոխվելուց հետո՝ 1926 թ․-ից սկսած։ Նկարի երկու տարբերակ է ստեղծվել, որոնք իրար շատ նման են, պարզապես նկարներից մեկում մայրն ավելի ծեր է երևում, տարբեր է նաև որդու կանգնած դիրքը։

Նկատենք, որ կտավը վավերական հիմք ունի։ Հայտնի է, որ 1926 թվականին Գորկին իր քրոջից՝ Ագապիից, վերցնում է 1912 թվականին Վանում արված իր և մոր լուսանկարը, որն էլ օգտագործում է իր գաղափարի իրականացման համար։ Կտավի առաջին տարբերակը այժմ գտնվում է Նյու Յորքի Ուիտնի թանգարանում և թվագրված է 1926-1936 թվականներին։ Երկրորդը Վաշինգտոնի ազգային պատկերասրահում է և թվագրված է 1926-1942 թվականներով։ Կտավներում մոր ձեռքերը պատկերված են խմորագնդերի տեսքով։ Նկարիչը կարծես կարոտ է մայրական ջերմ գրկախառնության․ չէ՞ որ նրա համար այլևս փակ են մայրական ափերը, մայրական տաքուկ գիրկը։



Քրոջը՝ Վարդուշին ուղղված նամակում նա գրել է․ «Սիրելի քու՛յր, շատ կուրախանաս, երբ իմանաս, որ նկարների այդ շարքի մեջ է մտնում նաև մայրիկի հայկական խնոցին՝ մեր աշխատասեր գեղջուկ կանանց թագի գոհարը: Ինչպես են այդ օրերը վառ կերպով դրոշմվել հոգուս մեջ: Մայրիկի հայկական աչքերը նրանք անվանում են պիկասոյական, հայկական տխրությունը՝ բյուզանդական ու ռուսական: Եվ եթե ես ուղղում եմ նրանց ու ասում. «Ոչ, սիրելի պարոններ, դուք սխալվում եք, դրանք հայկական աչքեր են», ապա տարօրինակ ձևով վրաս են նայում ու ասում, որ դա պարզապես «փոքր ազգի շովինիզմի» չափազանցություն է: Պատկերացնու՞մ ես, եթե ուղղես նրանց, ապա դատապարտվում ես նրանց կողմից:



Մեր աչքերը: Մեր հայկական աչքերը ավելի շուտ են խոսում, քան շուրթերը կշարժվեն և դեռ շարունակում են խոսել, երբ շուրթերն արդեն դադարել են խոսել»։

Տանղանդավոր նկարչին հաջողվել է ազգային տառապանքին համամարդկային գույներ հաղորդել․ մի առիթով եվրոպական մամուլը գրել է, թե Արշիլ Գորկին այն նկարիչն է, որին հաջողվեց ամերիկյան նկարչությունը եվրոպական մակարդակի բարձրացնել։