Ուղիղ եթեր
copy image url
Մշակույթ 1 տարի առաջ - 21:45 15-04-2023

Արշիլ Գորկի. ցեղասպանությունից մինչև ինքնասպանություն

Ամերիկահայ հայտնի նկարիչ Արշիլ Գորկին (Ոստանիկ Ադոյան) ծնվել է Վանա լճի ափին գտնվող Խորգոմ գյուղում։ Նրա ծննդյան տարեթիվը հաճախ նշվում է 1904-ի ապրիլի 15, սակայն որոշ աղբյուրներում նշված է 1902 կամ 1903-ը։ 1908-ին նրա հայրը զորակոչից խուսափելու համար գաղթել է Ամերիկա լքելով ընտանիքը և հաստատվել է Ռոդ Այլենդ նահանգի Պրովիդենս քաղաքում։

1915-ին Հայոց ցեղասպանության ժամանակ Գորկին իր ընտանիքի՝ մոր և երեք քույրերի հետ գաղթել է նախ Էջմիածին, ապա Երևան։ 1919թ.-ին Գորկիի մայրը մահանում է և 1920թ.-ին՝ 16-ամյա Գորկին գալիս է Ամերիկա վերամիավորվելով հոր հետ։ Բայց Գորկին ու հայրն այդպես էլ չեմ մտերմանում: 21 տարեկանում նա տեղափոխվել է Նյու Յորք՝ ծրագրելով նկարիչ դառնալ, սակայն որպես նկարիչ նա հիմնականում ինքնուսույց էր։ Ու թեև ընդունվել էր մի շարք դպրոցներ, բայց այդպես էլ չի ավարտել: Փոխարենը նա արվեստին հետևում էր թանգարաններում և պատկերասրահների ցուցահանդեսներում:



Գորկիի վաղ շրջանի նկարներում նկատվում է Սեզանի և Պիկասոյի ազդեցությունը։ Ավելի ուշ կավելանան Ժոան Միրոյի տարրերը, հատկապես պայծառ, մթնոլորտային շղարշը, որը կատալոնացի նկարչի ստեղծագործության ֆորմալ տարրն էր և դա առավել ընդգծված կդառնա հետպատերազմյան ամերիկյան աբստրակցիայում: Ինչ վերաբերում է Գորկիի գծանկարներին՝ դրանք ցույց են տալիս, թե որքան մանրակրկիտ պլանավորված են այդ գծանկարները: Իր նկարներում Գորկին սյուրռեալիզմը իմպուլսիվ և բնազդային լինելուց վերածում է հիմնավորված, բայց ոչ պակաս հոգեբանորեն ծանր մի երևույթի:



Գորկիի հնչեղ գույներով ինքնատիպ կտավները, հետագայում նրան համաշխարհային հռչակ կբերեն՝ որպես ժամանակակից արվեստում «սյուրռեալիստական էքսպրեսիոնիզմի» սկզբնավորողի։ Նրա նկարներում 1920-ականների կեսերից մինչև 1940-ականների սկիզբը ամփոփված է ժամանակակից արվեստի էպիզոդիկ պատմությունը, որին միահյուվում է նրա անձնական պատմությունը, հատկապես մոր մասին հիշողությունները:

Արշիլ Գորկին մի քանի անգամ ամուսնության առաջարկություն է արել իր մուսային՝ նկարչուհի Կորին Միշել Ուեսթին, սակայն վերջինս մերժել է Գորկիին։ 1935-ին ամուսնացել է Մարնի Ջորջի հետ, սակայն մեկ տարի անց ամուսնալուծվում է։ 1941-ին ամուսնացել է ծովակալ Ջոն Հ. Մակգրոդերի դստեր՝ Ագնես Մակգրոդերի հետ։ Զույգը երկու դուստր ուներ՝ Մարոն և Յալդան։ Յալդան հետագայում վերանվանվեց Նատաշա։ Մի առիթով Գորկիի կինը հիշում է, որ Արշիլի հետ իր կյանքն ավելի շատ նման էր նրա նկարների հետ ամուսնանալուն, քանի որ Գորկին միշտ ավելի մեծ տեղ է տվել իր աշխատանքին։



1946-ի հունվարին նկարչի ստուդիան այրվեց։ Արդյունքում նա կորցրեց բազմաթիվ նկարներ, նույն տարում վիրահատություն տարավ ուղիղ աղիքի քաղցկեղի պատճառով, իսկ կինը՝ Ագնես Մակգրոդերը սիրային կապի մեջ էր նկարիչ Ռոբերտո Մատայի հետ։ Դժբախտությունների շղթան շարունակվեց և շուտով Գորկին ենթարկվեց ավտովթարի, որի հետևանքով ձեռք բերեց ողնաշարային խնդիրներ և ժամանակավորապես կաթվածահար եղավ աջ ձեռքը։ Նա այնքան ագրեսիվ ու անկառավարելի էր դարձել, որ բժիշկը խորհուրդ տվեց կնոջը երեխաների հետ հեռանալ տնից: 1948-ի հուլիսի 21-ին 44-ամյա Գորկին Շերմանում կախվեց՝ գրություն թողնելով այն արկղի վրա, որը կախվելիս դրել էր ոտքերի տակ, ապա քացահարել՝ «Ցտեսություն սիրելիներս»:



2005-ին նրա ընտանիքը ստեղծեց «Արշիլ Գորկի հիմնադրամ» ոչ առևտրային կորպորացիան՝ նկարչի կյանքը, ձեռքբերումները և ստեղծագործությունները լուսաբանելու մասին:

2011-ին Արշիլ Գորկիի թոռը՝ մասնագիտությամբ ռեժիսոր Կոզիմա Սփենդերը (Մարո Գորկիի դուստրը), պապին նվիրված ֆիլմ նկարեց, որում բացահայտվեցին մի շարք փաստեր նաև հանրահայտ նկարչի աղջիկների կյանքի մասին։ Մասնավորապես, Կոզիման ֆիլմում ասում է․ «Պատահական չէ, որ մայրս՝ Մարոն, և տատիկս, ապրում են տարբեր երկրներում։ Մայրս մինչ օրս բարկանում է տատիկիս վրա, որ պապիկիս ինքնասպանությունից առաջ սիրավեպ է ունեցել, իսկ հետո նրան ու մորաքրոջս ուղարկել է գիշերօթիկ դպրոց»։

Մուգուշը զղջում էր աղջիկներին շվեյցարական գիշերօթիկ դպրոց ուղարկելու համար՝ ֆիլմում ասելով, որ դա միակ բանն է, ինչի համար «իրոք զղջում է»։

Ի դեպ, Մուգուշ Ագնես Մակգրոդերի փաղաքշական անունն էր։ Այդպես էր նրան դիմում Արշիլ Գորկին։ Հետագայում շատերն էին նրան այդպես անվանում։

Արմինե Մուրադյան