Ուղիղ եթեր
copy image url
Մշակույթ 1 շաբաթ առաջ - 20:58 17-04-2024

Չարենցի չստացված հարսանիքը

Այսօր նկարչուհի Ռեգինա Ղազարյանի ծննդյան օրն է։ Նկարչուհին տարիներ անց իր հուշերում խոստովանում է, որ հայ ժողովրդին մատուցած իր ամենանվիրական ծառայությունը Եղիշե Չարենցի ձեռագրերը ոչնչացումից փրկելն է եղել։

Չարենցի և Ռեգինայի բարեկամությունը սկսվել է 1930 թվականի ամռանը, երբ նա ընդամենը տասնհինգ տարեկան էր և ավարտած լինելով յոթնամյա դպրոցը՝ լիովին նվիրվել էր հեծանվային սպորտին ու պատրաստվում էր մասնակցել առաջիկա մրցություններին: Միաժամանակ գրում էր բանաստեղծություններ և երբեմն ցույց տալիս արդեն ճանաչված գրողների` այդպիսով ձեռք բերելով նրանց ծանոթությունը:

Ռեգինան հիշում է, որ Չարենցին շատ էր դուր եկել իր տատի՝ Շամիրամի տարազի պատմությունը՝ պոռթկուն ուրախություն ու ծիծաղ առաջացնելով։



«Բանն այն էր, որ ազգային համազգեստով ողջ Եվրոպան շրջած Շամիրամ տատս, անհրաժեշտության մղումով, ցարական բանակում ծառայող սեփական որդու (իմ մորեղբոր) հետագա բախտի տնօրինման հետ կապված որոշ կնճռոտ հարցեր պարզելու համար, ստիպված է լինում անհապաղ, սոսկ թարգմանիչների ուղեկցությամբ մեկնել Պետերբուրգ և որոշ ջանքեր թափելուց հետո արժանանալ Նիկոլայ Երկրորդի մոր` կայսրուհի Մարիա Ֆեոդորովնայի ընդունելությանը: Թագավորական պալատում ընդունելության ժամանակ, երբ հերթը հասնում է տատիս, կայսրուհին ուշադիր դիտելով նրա յուրահատուկ զգեստը և հարցման եղանակով ճշգրտելով հագուստի ազգային ծագումը, ընդհուպ մոտենում և շոշափում է այն:

Տատս անմիջապես խնդրում է թարգմանիչներին` հաղորդել կայսրուհուն, որ նա կստանա իր հավանած տարազը` որպես նվեր:

Իրեն ուղեկցողների փութաջանությամբ իմանալով թագուհու չափսը և իր` այդ այցի դրական արդյունքից գերերջանիկ վերադառնալով Երևան, նա հատուկ սուրհանդակով, որպես նվեր, կայսրուհուն է ուղարկում իր խոստացած հայկական մեծատոհմիկ շքեղաշուք համազգեստը` ճակատակալի վրա ամրացրած երկու խոշոր ադամանդյա քորոց»,- պատմում է ապագա նկարչուհին:

Ռեգինան հաճախ էր հյուրընկալվում Չարենցի տանը և վայելում էր նրա հովանավորությունը, անգամ նրան նվիրել է գերմանական արտադրության մի հեծանիվ, որն այն օրերին դժվար կարելի էր ձեռք բերել։



«Նա ազատ պահերին երբեմն զրուցում էր ինձ հետ: Այդ զրույցների թեմաները բազմապիսի էին: Նրանից եմ ես առաջին անգամ լսել հայ դասական ճարտարապետության հիասքանչ հուշարձանների, միջնադարի հայ մեծ մանրանկարիչ Թորոս Ռոսլինի, Պիծակի, ապա և Հովնաթանյանների տաղանդավոր սերնդի մասին: Առաջին անգամ Չարենցից եմ լսել Մարտիրոս Սարյանի և Հակոբ Կոջոյանի անունները, որոնց արվեստը նա շատ բարձր էր գնահատում: Որքան էլ մատչելի թեմաներ մատուցելու լիներ ինձ, որքան էլ տարբեր դրվագներ պատմեր իր ճանապարհորդություններից, որքան էլ միտքս զբաղեցներ Ճապոնիայի, Չինաստանի, Հնդկաստանի և այլ երկրների տարաշխարհիկությամբ, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի քաղաքակրթությամբ ու արվեստով, այնուամենայնիվ` նրա զրույցների հիմնական առանցքը հայրենիքն էր, հայ ժողովուրդը, նրա տարաբախտ անցյալը և վերածնված ներկան»,- հիշում է Ռեգինա Ղազարյանը:

Իր հուշերում Ռեգինան նաև պատմում է, թե ինչպես խափանվեց Չարենցի հարսանիքը։ Համո Բեկնազարյանի հրավերով Երևան էին ժամանել մի շարք դերասան-դերասանուհիներ` «Հայկինոյում» նկարահանվելու: Դրանց մեջ էր նաև 18-ամյա մի լեհուհի` Էռա անունով, որը տեղավորվել էր նույն «Ինտուրիստ» հյուրանոցում: Չարենցի առաջին իսկ ծանոթությունը Էռայի հետ եղավ ջերմ ու տպավորիչ, և նա որոշեց ամուսնանալ` նախապես ստանալով էռայի համաձայնությունը: Հարսանյաց սեղանի մտովի ձևավորումը և հյուրերի կազմի ընտրությունը կատարեցինք միասին (որքան հիշում եմ, հրավիրված պետք է լինեին մոտ քսան հոգի): Նշված ժամին բոլորը ներկայացան տոնական տրամադրությամբ ու նվերներով և տեղ գրավեցին «Ինտուրիստ» ռեստորանի մատուցողների ջանքերով շքեղորեն պատրաստված սեղանի շուրջը: Ուշացող հարսնացուին սպասելով` Չարենցը շարունակում էր անհանգստանալ և ստիպված եղավ պարտադրել ինձ` գնալ և գտնել նրան:



«Օտարազգի հարսնացուն ինչ-ինչ պատճառներով նույն օրը` ցերեկը, աղերսագին խնդրել էր ինձ իրեն ուղեկցել մինչև կայարան և ընդմիշտ մեկնել էր Երևանից, իսկ ես ահաբեկված այդ արտառոց դեպքից` չէի համարձակվել Չարենցին հաղորդել լուրը: Անցան րոպեներ ու դարձյալ րոպեներ…. Եվ ես ստիպված էի Չարենցին հայտնել եղելությունը: Չարենցը մի պահ քարացավ. նրա զվարթ դեմքը կարծես սրվեց ու գունատվեց: Բայց դա տևեց մի քանի վայրկյան միայն: Այնուհետև նա շտկվեց, վեհաշուք տեսք ընդունեց և կենսահաստատ ձայնով ու ժպտադեմ հայտարարեց, որ հարսանիքը փոխվում է քեֆի: Նմանօրինակ ցնցող կերպարանափոխություն և զարմանալի ինքնատիրապետում հատուկ է երևի միայն մեծերին: Խնջույքը այնուհետև ընթացավ խիստ բնական, անկաշկանդ: Ներկաներից և ոչ մեկը հեռավոր ակնարկով անգամ զգալ չտվեց պահի տարօրինակությունը»,- հիշում է նա:

Ռեգինա Ղազարյանի անասելի քաջության շնորհիվ չարենցյան մասունքները հողի տակ ննջեցին 17 տարի․․․ 17 տարի անց այս ճակատագրական կինը վերածնեց չարենցյան հանճարի թաքնված թափը։

Ամենից շատ դիտված

12:00 Փաշինյանի հայտարարությունից հետո Իսկանդեր կրակող սպային թունավորել են ու սպանել. մոր բացահայտումը
21:09 7-րդ դասարանի աշակերտուհին դպրոցից տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ էլ մահացել է. shamshyan.com
07:56 Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. Ժողովուրդ
22:30 Արցախի ղեկավարներին ազատելու դիմաց Ալիևը ՀՀ-ից ծանրակշիռ բան է ուզում ստանալ
23:08 Ժողովրդին քաղաքական ուժերը տարել են փակուղի, մարդիկ չգիտեն՝ ում վստահեն. ակցիայի մասնակից
22:53 Քաղաքացիներն իրենց օծված չեն զգում. հարցում
21:30 Բանակը Սերժ Սարգսյանի հրաժարականը կարող է պահանջել, Նիկոլ Փաշինյանինը` ոչ
13:00 էլ ինչ ասեմ, այ «դուխով» գլխարկ կրող․ համացանցը՝ Հովհաննես Դավթյանի մասին
22:36 Հազիվ քաղաք ենք էկել, կոֆե խմենք․ կիրանցեցիները դժգոհ են երևանցիների անտարբերությունից
14:00 Ով է շունը. «հեղափոխությանը» մասնակցած Հովհաննես Դավթյանը ստում է