copy image url
Ներքին 2 տարի առաջ - 20:07 21-01-2022

Չափերով մեծ՝ դեռ չի նշանակում ավելի զարգացած․ Վիգեն Խաչատրյանը չստացված կենսաբան է

Մասնագիտությամբ ճարտարապետ-էլեկտրիկ, ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանն իր երեկվա ելույթում նախ վիրավորեց լրագրողներին, հետո էլ կենդանական աշխարհի հիերարխիայի ու զարգացվածության վերաբերյալ մի շարք թեզեր առաջ քաշեց՝ հղում անելով ինչ-որ գիտնականների ինչ-որ ուսումնասիրությունների․

«Հետաքրքիր մի վերլուծություն են արել հոգեբանները․ կենդանական աշխարհը ունի զարգացվածության աստիճան, կան մրջյուններ, կան սողուններ, կան բորենիներ, կան գայլեր, առյուծներ, արջեր։ Այսինքն՝ զարգացվածության աստիճանը կենդանական աշխարհում հետաքրքիր առանձնահատկություն ունի․ որքան ցածր է կենդանու զարգացվածության աստիճանը, այնքան ինքը դաժան է, և մարդու համար անտանելի հատկություններ ունի։ Օրինակ՝ մրջյունները կարան իրար մասնատեն, սողունները կարան իրար ուտեն, ավելի բարձր զարգացվածության աստիճանի կենդանին՝ գայլը, երբ վիզը դեմ ա տալիս, էն մյուսը իրան էլ չի վնասում, հանձնվում ա, հասկանում ա, որ ինքը ուժեղ ա, դիմացինը թույլ ա։

Մարդկության մեջ էլ, պարզվում ա, կա զարգացվածության աստիճան, որը չի բնոշովում դիպլոմով, բուհ ավարտելով, որոշվում ա իրա զարգացվածությամբ, որը գալիս ա ընտանիքից, գալիս ա բակից, գալիս ա իր ազգային առանձնահատկությունները ընկալելուց, և մարդկանց մեջ էլ, ըստ զարգացվածության աստիճանի, դրսևորվում է կամ դաժանություն, որը դրսևորվում է լկտիությամբ, ցինիզմով, դիմացինին ոչնչացնելու մղումով, դիմազրկելու անզուսպ մոլուցքով, և հակառակը՝ վեհանձնությամբ, համբերությամբ։ Սա նորմալ ա, ժողովուրդ ջան, և մենք պիտի հասկանանք, որ մարդկային զարգացվածության պրոբլեմը արդեն մերը չի, էդ մարդու անձնական պրոբլեմն ա, և մենք պիտի կարողանանք հանդուժել այդ մարդկանց, հասկանալ, որ դա որոշակի մի կնիք է, դժբախտություն է, էդ մարդիկ չեն հասցրել էդ աստիճանի զարգանալ, և էս սողուններին, մրջյուններին բնորոշ դաժանությամբ բավարարում են իրենց զգացմունքները»,- ասել էր Վիգեն Խաչատրյանը՝ այդ կենդանիներին համեմատելով լրագրողների հետ։

Պարզվում է, որ պատգամավորի դիտարկումներն ու համեմատությունները ոչ միայն կոռեկտ չեն, այլև կեղծ են։ Ըստ կենսաբան Տիգրան Ղռեջյանի, կենդանիների զարգացվածության աստիճանը որոշվում է ոչ թե չափերով, այլ նյարդային համակարգի բարդության աստիճանով։ Քանի որ ինչքան բարդ է նյարդային համակարգը, այնքան զարգացած է կենտրոնական նյարդային համակարգը՝ ուղեղը։

«Կա Բոնոբո տեսակի շիմպանզե, որն ամենազարգացածն ու ինտելեկտուալն է համարվում, սակայն չափերով ամենափոքրերից է կապիկների ու հենց շիմպանզեների մեջ»,- ասում է կենսաբանը: Ինչ վերաբերում է Վահագն Խաչատրյանի հիշատակած «ցածր զարգացվածությամբ ու դաժան» մրջյուններին, այստեղ ամեն ինչ ավելի բարդ է։ Բանն այն է, որ թեև մրջյունները չունեն զարգացած ու բարդ նյարդային համակարգ, սակայն ունեն շատ զարգացած համակեցություն։ Ըստ միջատաբան Տիգրան Ղռեջյանի՝ մրջյունների մոտ կան գրեթե բոլոր այն դասակարգերը, որոնք գործում են մարդկային հասարակություններում։

«Նախ, չեք գտնի միայնակ մրջյուն, նրանք բոլորը նույն սոցիումի մաս են կազմում։ Կան ստրկատեր մրջյուններ, որոնք իրենց գոյությունը պահպանում են այլ մրջյուններին ստրկացնելով, կան մրջյունների տեսակներ, որոնց համակեցության կարգը շվեյցարական մոդելով է, այսինքն՝ ուղիղ ժողովրդավարություն, որտեղ բոլոր «որոշումները կայացվում են համատեղ «քննարկման» արդյունքում»։

Ու այդ կանոնը մրջյունների սոցիումում պահպանվում է միշտ։ Երեբք չի հայտնվում ինչ-որ մեկն ու սկսում խոսել բոլոր մրջյունների անունից։ Ինչ վերաբերում է դաժանությանը, այդ եզրույթը հատուկ է միայն բանականություն ունեցող արարածներին՝ մարդկանց։

Ըստ միջատաբանի՝ դա զուտ մարդկային ձևակերպում է ու այդ հասկացությունը պրոյեկտել կենդական աշխարհի վրա ճիշտ չէ։ Եթե նայենք զուտ փիլիսոփայական տեսանկյունից, բնության մեջ դաժան են բոլորը, հատկապես երբ խոսքը վերաբերում է սեփական տեսակի պաշտպանությանն ու գոյության կռվին։

Իսկ այս հղումով կարող եք տեսնել դաժանություններ, որոնք կատարում են չափերով մեծ ու առաջին հայացքից անվնաս կենդանիները, օրինակ՝ եղնիկները։