ԵՄ իշխանությունները մտադիր են Բրյուսելում բանակցային բունկեր կառուցել՝ լիովին պաշտպանված լրտեսությունից և գաղտնալսող սարքերից, հայտնում է EU Observer-ը։ Բունկերի տարողունակությունը մոտ հարյուր մարդ է, ինչը թույլ կտա այնտեղ հանդիպումներ անցկացնել ԵՄ առաջնորդների, պետությունների ղեկավարների և տեխնիկական անձնակազմի մասնակցությամբ։ Շինարարության արժեքը գնահատվում է 8 մլն եվրո։
Բունկերը միացված չի լինի համացանցին: Բոլոր այցելուներից՝ պետությունների ղեկավարներից մինչև տեխնիկական անձնակազմ, կպահանջվի մուտքի մոտ հանձնել բոլոր էլեկտրոնային սարքերը։ Յուրաքանչյուր հանդիպումից առաջ և հետո բունկերը մասնագետների կողմից կստուգվի՝ «գաղտնալսող սարքերի» հնարավոր տեղադրումը բացառելու համար։
Բունկերի շինարարությունը պետք է ավարտվի մինչև 2024 թվականը։
Բրյուսելը, որտեղ գտնվում են ինչպես Եվրամիության, այնպես էլ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը, երբեմն մամուլում անվանում են «լրտեսների քաղաք»: Փորձագետների կարծիքով՝ դրանում առավել ակտիվ են ոչ եվրոպական երկրների, առաջին հերթին՝ Ռուսաստանի և Չինաստանի գաղտնի գործակալները։