Լեհաստանի Կրակով քաղաքի կենտրոնում կրակոցներ արձակած տղամարդը Լեհաստանի քաղաքացի է և առայժմ հայտնի միակ կասկածյալը։ Այս մասին հայտնել է Փոքր Լեհաստանի վոյեվոդության ոստիկանությունը։
«Կրակովի գլխավոր շուկայի հրապարակում տեղի ունեցած միջադեպի հեղինակը Լեհաստանի քաղաքացի է։ Մենք հերքում ենք ոստիկանի մահվան և մեկ այլ կասկածյալի որոնման մասին տեղեկությունները։ Միակ հայտնի հանցագործը կալանավորված է», – ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։
RMF24-ի տվյալներով՝ հարձակվողը 25 տարեկան է։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Լեհաստանի քաղաքներից մեկում՝ Կրակովի կենտրոնում, կրակոցներ են տեղի ունեցել, որի հետևանքով հինգ մարդ է զոհվել, կան նաև տուժածներ։
Լեհական ռադիոյի հաղորդմամբ՝ Կրակովում կրակոցներ արձակողը զինվորական համազգեստ է կրել և կրակել է երկարափող ռազմական ոճի զենքից։
Տղամարդը կրակ է բացել անցնող մեքենայից՝ թիրախավորելով պատահական մարդկանց: Հինգ մարդ զոհվել է, կան նաև վիրավորներ, այդ թվում՝ ոստիկաններ: Կրակողը ձերբակալվել է. նա վիրավորվել է ձերբակալության ժամանակ և տեղափոխվել հիվանդանոց:
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը տեղի ունեցած հրաձգությունը ահաբեկչություն է անվանել։