Երևան +18°
copy image url
Ներքին Խոսք 1 տարի առաջ - 16:12 06-07-2022

Նույն ԴՆԹ շղթայով երեխաներ են ծնվում, ովքեր գուցե ամուսնանան իրար հետ, ինչն էլ բերում է սերնդի ոչնչացման․ Գևորգ Գրիգորյան

Լիլիթ Հարությունյան

Լրագրող

Սույն թվականի հունիսի 30-ի Կառավարության նիստում ընդունվել է որոշում, համաձայն որի՝ արտամարմնային բեղմնավորման եղանակով ստացված և չօգտագործված սաղմերն այսուհետ կարող են անհատույց տրամադրվել դրա կարիքն ունեցող զույգերին։ Նախագիծը մշակվել էր ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության կողմից: Ըստ որոշման՝ կնքվելու է պայմանագիր կողմերի միջև: Պայմանագրով այն զույգերը կամ ՀՀ սահմանված կարգով ամուսնության մեջ չգտնվող կանայք, որոնք չունեն բեղմնունակ սեռաբջիջներ, հնարավորություն կստանան՝ դրանք օգտագործելու:

Այս թեմայի շուրջ oragir.news-ը զրուցեց բժիշկ, առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանի հետ, ով, անդրադառնալով թեմային, մեզ հետ զրույցում նշեց. «Այս ամենի հետևանքները շատ խայտաբղետ կարող են լինել՝ սկսած բժշկական էթիկայի խախտումից, որ, օրինակ, մարդն իր համաձայնությունը տալիս է, որ իր սաղմով իրեն բեղմնավորեն, բայց այդ չօգտագործվելու դեպքում ումի՞ց են թույլտվություն ստացել, զույգը արդյո՞ք թույլ է տալիս իրենց սաղմը, կոպիտ ասած, իրենց պոտենցիալ երեխան ուրիշի օրգանիզմում դնեն, ինչքանո՞վ է դա էթիկապես ճիշտ, կամ ինչքանո՞վ մարդիկ կհամաձայնեն, նախատեսվո՞ւմ է դա իրենցից հարցնել, թե՞ ոչ։ Դա շատ մեծ բարոյական, բարոյագիտական խնդիր է, ես ընդգծում եմ, որ գործող իշխանությունը բարոյագիտության ու բարոյականության հետ որևէ առնչություն չունի, դրա համար էլ նման օրինագծեր են հայտնվում»,- նշեց Գրիգորյանը։

Անդրադառնալով այդ ամենի հետագա ընթացքին՝ Գրիգորյանն ասաց. «Նույն ԴՆԹ շղթայով երեխաներ են ծնվում, իրենք, առանց իրար ճանաչելու, չիմանալու, որ, օրինակ, նույն հորից ու մորից են, կարող է ամուսնանան իրար հետ, ինչն էլ բերում է սերնդի ոչնչացման, տարբեր արատների զարգացման և այլն, և այլն։ Սրանք խնդիրներ են, որոնք, ավա՜ղ, մեր բնակչության տեսադաշտից դուրս են մնում»։

Իսկ մեր այն հարցին, թե ինչու է առողջապահության նախարարությունը անտեսում այդ ամենի հետագա ընթացքը՝ հաշվի չառնելով բացասական հետևանքները, Գրիգորյանը պատասխանեց. «Ավա՜ղ, ես առողջապահության նախարարության ներկայացուցիչ չեմ, ոչ էլ աշխատում եմ այնտեղ, ոչ էլ ցանկություն ունեմ՝ իրենցից մեկի հետ առնչվելու։ Երևի թե գիտելիքի բոբիկությունը նպատակաուղղված ծրագրի իրականացում է, հազար բան կարող ենք մտածել՝ սկսած տգիտությունից, վերջացրած դավադրապաշտության տեսություններով։ Դա արդեն մեր բնակչությունը թող մտածի, քանի որ իրենք են ընտրել այս իշխանությանը ու այդ նախարարությանը»,- ասաց Գրիգորյանը։