copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:43 03-06-2022

Ինձ առաջարկ չի եղել՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը անդամակցելու․ Հրաչյա Սարգսյան

«Ինձ առաջարկ չի եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը անդամակցելու, ես էլ չունեմ նման ցանկություն։ Այս պահին աշխատանքային պրոցեսի մեջ եմ գտնվում և որպես այդպիսին՝ այդ հարցը չեմ քննարկում»։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

Անդրադառնալով ՔՊ-ականների այն հայտարարություններին, թե քաղաքապետի իրենց թեկնածուն Տիգրան Ավինյանն է, Հրաչյա Սարգսյանն ասաց. «Ժամանակը կգա, կտեսնենք, թե ես ինչ եմ անելու․ այս պահի դրությամբ որոշում չկա, թե ինչ եմ անելու, մեկ տարուց ավել ժամանակ կա դեռ»,- ասաց Սարգսյանը։

Իսկ լրագրողի այն հարցին, թե պատրա՞ստ է աշխատել Ավինյանի մոտ, Ավինյանի համար, Սարգսյանը պատասխանեց. «Մեր համար ընդհանուր թիմ է աշխատում, ես ընդհանուր թիմի հետ պատրաստվում եմ թիմային աշխատանք տանել։ Դեռ 2018թ․-ին «Իմ քայլը» դաշինքը հրապարակել է խնդիրները՝ Երևան քաղաքի հետ կապված, և այդ խնդիրների լուծումը մինչ օրս մենք իրականացնում ենք։ Այսինքն՝ քաղաքական իշխանությունների խնդիրները, ի տարբերություն գործադիր իշխանությունների, բոլոր կուսակցությունների համար նույնն են, եթե նախընտրական ծրագրերին նայենք, դրանք գրեթե 80 տոկոսով համընկնում են»։

Անդրադառնալով այն դիտարկմանը, թե նշանակված վարչական շրջանների ղեկավարները բոլորը կապ ունեն Ավինյանի հետ, Սարգսյանն ասաց. «Մենք ընդհանուր քաղաքական թիմի հետ ենք քննարկում և որոշում կայացնում, թե ում նշանակենք ղեկավար։ Մեր երկիրը բավականին փոքր է, և բոլորը բոլորին ճանաչում են»։

Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե եղե՞լ են այնպիսի զանգեր, որպիսիք լինում էին Հայկ Մարությանին՝ թույլտվություն խնդրելով քաղաքի տարբեր անթույլատրելի հատվածներում տարածքների ձեռքբերման համար, Սարգսյանն ասաց. «Այդպիսի զանգեր չեն եղել, բայց տարբեր զանգեր ստանում ենք, և այն զանգերը, որոնք օրենսդրության շրջանակում են, մենք համապատասխան ձևով ապահովում ենք, իսկ որը չէ, մերժում ենք»։