Oragir.News-ը ներկայացնում է հոկտեմբերի 20-ի ամփոփ լուրերը:
Անհասկանալի իրադարձություններ են տեղի ունենում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պաշտոնական լրատվամիջոց Civic-ի շուրջ։
Իրավապահների գրեթե բոլոր գաղտնալսումներն ու տեսանկարահանումները հեռարձակող լրատվամիջոցի կարգավիճակը շուրջ 4 տարի չի կարողացել պարզել անգամ դատարանը։ 2022-ից ձգվող դատական պրոցեսում Civic-ը համարվել է ոչ պատշաճ պատասխանող, և միայն 2026 թվականին, երբ պատասխանող են հռչակվել Վահագն Ալեքսանյանն ու ՔՊ-ն, ի հայտ է եկել «Սիվիկ նյուզ» ՍՊԸ-ն։
Ստացվում է՝ ՔՊ-ի լրատվամիջոցը անհրաժեշտ իրավական կարգավիճակ է ստացել գործունեությունից 6 տարի անց։ Հետաքրքրական է նաև, որ պաշտոնական թղթերով այն Սայաթ-Նովայից տեղափոխվել է Թալին։
Այս փաստերը փլուզում են Նիկոլ Փաշինյանի պնդումները, թե ԱԱԾ-ն տեսանյութերը տրամադրել է անկախ մամուլին, որը, պարզվում է, մինչև 2026 թվականի մարտի 20-ը ունեցել է անհայտ կարգավիճակ։
Անհայտ կարգավիճակ է ունեցել նաև Civic.am-ի նախկին աշխատակից, այժմ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Վոլոդյա Հակոբյանը:
Լիլիթ Մկրտչյանը նշանակվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ։
Առաջին հայացքից սովորական թվացող այս նշանակումն արվել է օրենքի խախտմամբ։
Բանն այն է, որ կոմիտեն այժմ նախագահ չունի․ նախկին նախագահ Սարգիս Հայոցյանն այս ամիս սեփական դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից։
Մինչդեռ, ըստ օրենքի, կոմիտեի նախագահի տեղակալին ԿԳՄՍ նախարարին է ներկայացնում հենց կոմիտեի նախագահը։ Ստացվում է՝ առանց նախագահի կոմիտեն չէր կարող նախագահի տեղակալ ունենալ, և նշանակումն ապօրինի է։
«Ժողովուրդ» օրաթերթի ձեռքում է հայտնվել բացառիկ տեսանյութ․ իրավապահները Շաքիի բնակչի անասնագոմից դուրս են հանում Հայաստանի սահմանն ապօրինի հատած և հայ ընտանիքի վրա հարձակված ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևին։
Ձերբակալված ադրբեջանցին արդարացել է, թե վնասելու մտադրություն չի ունեցել և կրակել է միայն այն ժամանակ, երբ տանտիրուհին բռնել է զենքից։ Նա նույնիսկ պնդել է, թե ընտանիքն է հարձակվել իր վրա ու ծեծել իրեն։
Մինչդեռ կրակոցներից վիրավորված Անի Ավետիսյանը պատմել է, որ զինված ադրբեջանցին զենքն ուղղել է երեխաների վրա։ Կինը փորձել է պաշտպանել երեխաներին ու բռնել զենքը, ինչի հետևանքով վիրավորվել է ձեռքից ու ոտքից, իսկ հանցագործը փախել է տնից։
Մանրամասները՝ տեսանյութում: