Երևան +16°
Ներքին 2 տարի առաջ - 14:04 31-03-2022

Ծնողներին խնջույքի կանչելը, ձերբակալությունները ժողովրդին շեղելու էժանագին շոուներ էին. Կարին Տոնոյան

Դատախազության մոտ 44-օրյա պատերազմում զոհված տղաների ծնողները հավաքվել և ՀՀ Գլխավոր դատախազից պահանջում էին իրենց որդիների մահվան համար արդար, անաչառ քննություն անցկացնել։

Ակցիային մասնակցող «5165» ազգային-պահպանողական շարժում կուսակցության նախագահ Կարին Տոնոյանն Oragir.news-ի հետ զրույցում ասաց, որ իրենց պահանջն այն է, որ քրեական գործեր հարուցեն մեղավորների նկատմամբ։ «Իմանալով, որ պատերազմ է սկսվելու, իշխանությունը մատնվել էր հանցավոր անգործության, և դրա հետևանքով զոհվել են հազարավոր զինվորներ, զորամասերում համապատասխան միջոցներ չեն ձեռնարկվել, որ պաշտպանեն զինվորներին՝ սխալ հրամաններով և բացարձակ սխալ գործունեությամբ, որոնց փաստերը կան, հարյուրավոր, հազարավոր են, ի վերջո մահեր են եղել, և հիմա մենք ծնողներով պահանջում ենք գտնել մեղավորներին, գտնել հրաման տվողներին և նրանց ենթարկել քրեական պատասխանատվության»։

Տոնոյանի խոսքով, հանցագործություն է կատարվել նաև մեր Սահմանադրության դեմ, և իշխանությունը, հանցավոր համագործակցության մեջ մտնելով թշնամու հետ, հանձնել է տարածքներ։ Նոյեմբերի 9-ի փաստաթղթով զորքերը պետք է կանգնեին այնտեղ, որտեղ կանգնեցվել էր պատերազմը։ Մենք մինչ օրս էլ տեսնում ենք, որ թշնամին քայլ առ քայլ, եթե հաշվի առնենք նաև Արցախում վերջին գործողությունը, ադրբեջանցուն հանձնում է մեր տարածքները և այսօր էլ արդեն հրաժարվում է Արցախի անվտանգության երաշխավորը լինելուց, և արցախահայությունը բառացիորեն մատնված է հայաթափման։

«Մեր բողոքն այն է, որ մինչ օրս, արդեն երկու տարի է անցել, չեն գտնվել մեղավորները՝ ասելու, որ այդպիսի հանցագործություն է եղել բանակում։ Մենք հանել ենք հարյուրավոր փաստեր և՛ ադրբեջանական, և՛ թուրքական մամուլից, որտեղ բացահայտ երևում է, որ պատերազմ է սկսվելու, և փաստացի ոչինչ չի արվել, նույնիսկ եղել են զորամասեր, որտեղ պատերազմի օրվա առաջին գիշերը գինարբուք է եղել, և առավոտյան հարբած հրամանատարությունը չի կարողացել կռվել, ուղղակի կոտորվել է։ Խոսքը Մատաղիսի դեպքերի մասին է, բոլորը դա գիտեն, այնպես չի, որ դա կարելի է թաքցնել»։

Տոնոյանն ասաց, որ որդեկորույս մայրերին այնպիսի ցավ հասցրին, որ իրենք երկու տարի չէին կարողանում ուշքի գալ՝ պայքարելու համար, քանի որ ցավի անդունդը խորն էր. «Իշխանությունը դա հաշվարկված էր արել, որ ծնողները չկարողանան դուրս գալ այդ ցավի մեջից, որ այսպիսի ցավի տակից մինչև ժողովուրդը արթնանա՝ իրենք իրենց չար գործը անեն ու թուրքերի հետ գնան բարեկամության, որն ակնհայտ է, քանի որ ուզում են «խաղաղության պայմանագիրը» թուրքերի հետ կնքել»։

Տոնոյանն ասաց, որ իշխանության համար զինվորը նրա համար է, որ զոհվի. «Մենք մեր պայքարը շարունակելու ենք, ես շատ գոհ եմ, որ հիմա ծնողների քանակը գնալով ավելանում է, որոնք դուրս են գալիս այդ վախերի մեջից։ Որովհետև նախկինում ծնողներ ունեինք, որոնց զանգել և սպառնացել են, որ եթե միանաք բողոքող ծնողներին՝ ձեր երեխաների գործը կդժվարացնենք, նրանցից լուր չեք ստանա։ Ես մինչ օրս չգիտեի, որ նման զանգեր են եղել, և հիմա նրանք դուրս են եկել պայքարի։ Այս պայքարը գնալով ավելի մեծ թափ է հավաքելու, իրենք ավելի շատ վախենում են հենց ծնողներից, որովհետև ամենաարդար պահանջատերը մենք ենք, և մենք ամեն ինչ անելու ենք և իրար հետևից անընդհատ գործ ենք բացելու. թե ինչ արդյունք կունենանք, կտեսնեք, բայց այնքան ենք անելու, որ մեր խոսքը տեղ հասնի, քանի որ ցանկացած իշխանություն ժամանակավոր է։ Կգա, ի վերջո, այն իշխանությունը, որն ամեն ինչ կանի, որ այս արդարությունը վերականգնվի»։

Հարցին՝ արդյոք իրեն վարչապետի կին Աննա Հակոբյանը հրավիրե՞լ է խնջույքի, պատասխանեց. «Ես միշտ ասել եմ, որ իրենք անգամ չեն էլ համարձակվի ինձ զանգահարել, և նաև ասեմ, որ նրանք հատուկ շոու սարքեցին, ինչպես նաև երեկվա ձերբակալությունները ևս, որ զբաղեցնեն ժողովրդին, որի հետևում հանձնվում է Արցախը։ Այդ ամենը զոհված տղաների ծնողներին պառակտելու համար են անում։ Խնդրում եմ, որ ծնողները չտրվեն խարդախություններին, հարգեն յուրաքանչյուր ծնողի իրավունքը»։

Քնարիկ Պետրոսյան