copy image url
Արտաքին Ներքին Խոսք 1 շաբաթ առաջ - 22:30 18-04-2024

Ֆրանսիան Ալիևի հետ իր խնդիրներն ունի. դեսպանին հետ կանչելը ՀՀ-ի հետ կապ չունի

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Նախօրեին հայտնի դարձավ, որ Ֆրանսիան որոշել է հետ կանչել Ադրբեջանում իր դեսպանին՝ խորհրդակցությունների նպատակով․ Ֆրանսիայի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ Մակրոնն ընդունել է այս որոշումը՝ վերջին ամիսներին Ադրբեջանի շարունակվող գործողությունների ֆոնին, որոնք վնասում են երկկողմ հարաբերություններին։ Ելիսեյան պալատն իր հերթին հայտնել է, որ ակնկալում է Ադրբեջանից պարզաբանումներ ստանալ այդ երկրի դիրքորոշման վերաբերյալ:

Ֆրանսիայի կողմից Ադրբեջանում իր դեսպանին հետ կանչելու որոշումը Հայաստանում որոշ շրջանակների կողմից մեկնաբանվում է որպես ՀՀ-ին աջակցելու և Ադրբեջանին զսպելու ուղղությամբ Փարիզի կողմից ձեռնարկված կարևոր քայլ։ Վերջիններիս պնդմամբ՝ Ֆրանսիան գործուն միջոցներ է ձեռնարկում, որպեսզի զսպի Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի հերթական ագրեսիան։

Oragir.News-ի հետ զրույցում ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը նշեց, որ ադրբեջանական կողմը վերջին 2 տարիներին տեղեկատվական դաշտում հակաֆրանսիական քարոզչություն է իրականացնում՝ թե՛ լոկալ, թե՛ արտաքին բնույթի։ Նրա խոսքով՝ երբ Ֆրանսիան հայկական շահերի պաշտպանության, ՀՀ-ի օկուպացված տարածներն ազատագրելու, զենքի վաճառքի, կամ այլ թեմաների վերաբերյալ կոչերով ու հայտարարություններով է հանդես գալիս, ադրբեջանական կողմը թիրախավորում է վերջինիս։

«Նշեմ, որ սա միակ դեպքը չէ․ իրենք պարբերաբար թիրախավորում են բոլոր այն պետություններին, որոնք փորձում են այս կամ այն կերպով Հայաստաին օգտակար լինել։ Սա նոր մոտեցում չէ, իրենց դիվանագիտությունն աշխատում է, որպեսզի Հայաստանին տեղեկատվական ու արտաքին-դիվանագիտական հարթակում մշտապես բլոկադայի մեջ պահի, թողի միայնակ»,- կարծում է նա։

Դավթյանը Ֆրանսիայի որոշումը պայմանավորում է նաև այն հանգամանքով, որ վերջին տարիներին Ադրբեջանում այդ երկրի դեսպանատան մոտ բողոքի ակցիաներ են կազմակերպվել, որոնց ընթացքում հնչել են տարբեր բնույթի ատելության խոսքեր՝ հիմնականում հայատյացության հիմքի վրա կառուցված։ Նա ասաց՝ որոշակի վիրավորական հռետորաբանություն կա նաև Ադրբեջանի կառավարության և անձամբ փոքրիկ բռնապետ Իլհամ Ալիևի կողմից։

Ադրբեջանագետը նկատում է, որ այս ամենը երկարատև պրոցեսներ են եղել և Ադրբեջանին ուշքի բերելու լավագույն մինիմալ տարբերակներից մեկը Ֆրանսիայի դեսպանատան աշխատանքը որոշակորեն դադարեցնելն է՝ դեսպանին հետ կանչելն է։

Անդրադառնալով ՀՀ-ում հնչող այն կարծիքներին, որ Ֆրանսիայի այս որոշումը պայմանավորված է բացառապես Հայաստանին աջակցելու միտումով՝ Գառնիկ Դավդյանն ընդգծեց, որ նման պնդումներ անողները ցույց են տալիս, թե իրենք որտեղից ու ինչ ֆինանսական միջոցներից են սնվում։ Նրա համոզմամբ՝ այս պարագայում չի կարող խոսք գնալ Հայաստանի շահերից բխող գործողություններով առաջնորդվելու մասին։

«Այստեղ երևում է նման պնդումներ անողների անգրագիտության մակարդակը։ Յուրաքանչյուր պետություն առաջին հերթին առաջնորդվում է իր շահերից ելնելով, բացի այդ ոչ մի պետություն երբեք այդպիսի գործողություն չի անի, որը կբխի այլ պետության շահերից։ Սա պարզապես ցնդաբանություն է, որը կրկնում եմ՝ ցույց է տալիս այդ մարդկանց տոտալ անգրագիտությունը»,- նշեց նա։

Հարցին, թե որքանո՞վ է Ֆրանսիան ի զորու Ադրբեջանին ետ պահել Հայաստանի դեմ ագրեսիայից՝ մեր զրուցկիցը պատասխանեց, որ Ֆրանսիան միայնակ չի կարող զսպել Ադրբեջանին։ Նա հիշեցրեց՝ գոյություն ունի Եվրոպական միությունը, որտեղ Ֆրանսիան մեծ դերակատարում ունի, սակայն այնտեղ կա երկրորդ դերակատարը՝ Գերմանիան, ում դիրքորոշումը նույնպես կարևոր է։

Գառնիկ Դավթյանն ուշադրություն հրավիրեց այն բանին, որ ԵՄ-ում որոշումներն ընդունվում են կոնսենսուսի հիման վրա։ «Իհարկե Ֆրանսիան կարող է ազդեցություն ունենալ, նպաստել, որ Ադրբեջանին սնող օղակները, կամ այդ երկրին աջակցող գործողությունները նվազագույնի հասցվեն, բայց ինքը՝ որպես առանձին պետություն, չի կարող լուրջ զսպող դեր, կամ ազդեցություն ունենալ Ադրբեջանի վրա»,- նշեց նա։

Ադրբեջանագետը հավելեց, որ միջազգային կառույցների ու պետությունների կոչերն ու հայտարարություններն այլևս ոչ մի ուժ չունեն, քանի որ Ադրբեջանը երկար ժամանակ է, ինչ անտեսում է դրանք։ «Այստեղ ավելի շատ գործնական քայլեր են անհրաժեշտ, քան պարզապես հայտարարություններ տարածել»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան


Ամենից շատ դիտված

21:09 7-րդ դասարանի աշակերտուհին դպրոցից տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ էլ մահացել է. shamshyan.com
09:18 Մյասնիկյան պողոտայում Kia-ն կոտրել է արագաչափն ու գլխիվայր շրջվել․ կան վիրավորներ
16:40 Սյունիքում 14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս պայթյունից վնասվածքներ է ստացել ու հոսպիտալացվել. shamshyan.com
20:44 Հրեք՝ հանեք․ կարմիրբերետավորները ուժ են գործադրում լրագրողների նկատմամբ
08:07 Նիկոլ Փաշինյանն ամոթանք է տվել, թե` չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել, հանուն Հայաստանի անկախության․ Հրապարակ
21:33 Հովհաննես Դավթյանը` որպես ուղիղ ճանապարհ. արցախցի հայտնիներն էլ քաղաքականությամբ չէին զբաղվում
20:28 Ոստիկանությունը փակել է Սայաթ-Նովա-Աբովյան խաչմերուկը
13:30 Հերոսների ծնողներին քարշ տալը «մարսած» Հայկազ Ջոմարդյանն անցել է լրագրողներին 
15:40 Փաշինյանը վտանգավոր շեշտադրումներ է անում. Մայիսի 1-ն ի՞նչ տոն է
19:57 Երևանը պետք է ոտքի կանգնի․ Ժիրայր Սեֆիլյան