Հայկ Մարությանի այսօրվա ելույթը մինչև սրտի խորքը խոցել է Նիկոլ Փաշինյանին և իր թիմին։
Հիշեցնենք, որ Մարությանը այսօրվա իր ելույթում խստագույնս քննադատել էր իշխանությանը և ներկայացրել բոլոր այն արատավոր դրսևորումները, որոնց մասին մամուլը 3 տարի շարունակ գրում էր։ Եվ ահա, ՔՊ-ն մի քանի էշելոնով գրոհի է անցել, ընդդեմ Մարությանի թեժ մարտեր են ընթանում։
Առաջին կրակը Ալեն Սիմոնյանինն է․ «Զզվանք ու ցավ ապրեցի՝ լսելով նախկին քաղաքապետի վերջին ելույթը: Եսակենտրոն, ջղաձգվող, ուրացող մի մարդու ելույթ, ով իր դավաճանությունն ու ապիկարությունն արդարացնելու համար պատրաստ է ինչ սուտ ասես՝ ասելու և ինչ թեմա ասես՝ շահարկելու: Շատ բան կարող եմ ասել քո մասին, Տկզար, էնքան շատ, որ դեղերդ ու տանը տարիներով փակվելը քեզ հետ չեն բերի, բայց էս անգամ էլ չեմ ասի, որովհետև իմ մեղքն էլ կա, իմ լռելով, իմ` քեզ պաշտպանելով՝ ի հեճուկս ամեն բանի, իմ հանդեպ քո արածների, այդ արածներին մատների արանքով նայելու պատճառով և քեզ ներելու հետևանքով քո նման պորտաբույծը դեռ գոյություն ուներ: Չե´մ ասի... Դրա փոխարեն գնա, վերհիշիր քո էն 2 տասնյակից ավելի ընկերների անունները, ում դու գցեցիր ու դավաճանեցիր: Ու չհամարձակվես մեր Երևանի անունը տալ կամ իմ թիմի անդամներից խոսել: Դու Երևան ու ՔՊ «խոպան» էկած տղա էիր, քո քաղաքը Պրահան է, իսկ քո թիմը՝ փողը, շաատ փողը: Ամո՛թ քեզ, Տկզար»,- գրել է Ալեն Սիմոնյանը։
Այնուհետ գրոհի է նետվել ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը․ «Մարությանի փոխարեն ես մեր էնքան շատ բացթողումներ ու սխալներ կմատնանշեի, բայց խոսել նախարարի աշխատավարձից, ասել, որ տեխնոկրատը պիտի լավ վարձատրվի, իսկ 100 տեխնոկրատ ղեկավարող նախարարը՝ ոչ, դա էժանագույն պոպուլիզմ է։ Ուրեմն իմացեք, առաջ էլ, հիմա էլ հետո էլ, Հայաստանում նախարարը ունենալու է եկամուտի երկու հնարավոր աղբյուր - 1) անօրինական - սեփական բիզնես շահերի սպասարկում, իր ձեռքի տակով անցնող միլիոնավոր դոլարներից ատկատներ, ուղղակի կաշառքներ 2) օրինական - իր համար պետական բյուջեից դուրս գրված, թղթի վրա ֆիքսված ու բոլորի համար տեսանելի աշխատավարձ կամ դրան հավասարեցված այլ վճար։ Հայաստանի պարագայում հեղափոխությունը հենց այն է, որ նախարարը պետական բյուջեից ստանում է իր աշխատանքի համար նախատեսված վարձավճարը ու չի գողանում պետական բյուջեով այլ ծախսերի համար նախատեսված գումարներից, պետական գույք իրենով չի անում, չի չարաշահում իրեն վստահված պետական լծակը այլ եկամուտ ստանալու համար։ Շատ հետաքրքիր կլինի իմանալ՝ պարոն Մարությանի նոր քաղաքական թիմում քանի՞ հոգու ամսական եկամուտն է 1,5 մլն դրամից քիչ ու քանի հոգի է այդ թիմից պատրաստ լինելու ավելի ցածր աշխատավարձով նախարար աշխատել (պայմանով, որ արտերկրում վարձով տված բնակարաններից համարժեք եկամուտ չունենա)։ Մենք ունեցել ենք 500 000 դրամով աշխատող նախարարներ, տեսել ենք, թե ինչքան են նրանք նստում պետության վրա»,- գրել է Եղոյանը։
Նույնիսկ Արփի Դավոյանն է Մարությանին պատասխանել․ «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը իր ելույթում ՀՀ օրենքը Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին անվանեց հեղաշրջում քաղաքապետարանում»,- գրել է Դավոյանն ու օրենքից մեջբերումներ տեղադրել։
Ավելիին տեղեկանալու համար բաժանորդագրվեք Oragir.news-ի ֆեյսբուքյան էջին