Երևան +14°
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 17:24 16-12-2021

Առաջիկայում կհայտարարվի, թե որ ավիաընկերությունները կարող են Երևան-Ստամբուլ թռիչքներ իրականացնել. Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ) ունեցած հանդիպումներին հաջորդած ասուլիսի ժամանակ խոսել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելուն միտված նախաձեռնության մասին:

Ինչպես հաղորդում է ermenihaber-ը, Չավուշօղլուն պնդել է, թե Թուրքիան ու Ադրբեջանը պատերազմից հետո շարունակաբար դրական ուղերձներ են հղում, ու ավելացրել է. «Հատկապես կարևոր է համընդգրկուն խաղաղության պայմանագիր ստորագրելու մասին Ադրբեջանի արած առաջարկը Հայաստանին: Դա նաև ցույց է տալիս մեր և Ադրբեջանի նպատակն ու մոտեցումը»:

Չավուշօղլուն նաև հայտարարել է, որ Թուրքիան ցանկանում է տեսնել տարածաշրջանում այնպիսի համատեղ նախագծեր, որոնք կբերեն խաղաղություն, կայունություն և տնտեսական վերելք: Նա այս համատեքստում խոսել է Թուրքիայի ու Հայաստանի միջև չվերթների վերականգնման մասին՝ տեղեկացնելով, որ Ստամբուլ-Երևան թռիչքների իրականացման համար իրենց արդեն դիմել են հայկական ու թուրքական ավիաընկերություններ:

«Դրանք (դիմումները-խմբ.) ուսումնասիրվում են մեր տրանսպորտի նախարարության ու Քաղավիացիայի կողմից: Սկզբունքորեն դրական ենք վերաբերվում: Առաջիկա օրերին կհայտարարվի, թե որ ընկերությունները կարող են թռիչքներ իրականացնել»,- ասել է Չավուշօղլուն:

Վերջինս հույս է հայտնել, որ Հայաստանը տարածաշրջանի խաղաղությանն ու հանգստությանը միտված կարևոր քայլեր կանի։