2020 թվականին մոտ 47 հազար մարդ մահացել է մալարիայից՝ COVID-19 համաճարակի հետևանքով այս հիվանդության կանխարգելման ծառայությունների խափանումների պատճառով։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) զեկույցի տվյալներին։
Նշվում է, որ ընդհանուր առմամբ անցած տարի մալարիայով հիվանդացել է մոտ 241 մլն մարդ, մոտ 627 հազարը մահացել է այս հիվանդությունից։ 2019 թվականի համեմատությամբ դեպքերի թիվն ավելացել է 14 միլիոնով, իսկ մահերը՝ 69 հազարով։
«Այս լրացուցիչ մահերի մոտ երկու երրորդը (47,000) վերագրվել է մալարիայի կանխարգելման, ախտորոշման և բուժման խափանումներին՝ կորոնավիրուսային համաճարակի պատճառով», - ասված է ԱՀԿ զեկույցում։
Նշվում է, որ Աֆրիկայի Սահարայի շրջանը շարունակում է «կրել մալարիայի ամենածանր բեռը»։ Այս տարածաշրջանում 2020 թվականին գրանցվել է հիվանդության բոլոր դեպքերի 95%-ը և մահվան դեպքերի 96%-ը։ Ավելին, մահացությունների 80%-ը գրանցվում է մինչև հինգ տարեկան երեխաների մոտ։
2020 թվականին աշխարհում մալարիայի դեպքերը պետք է կազմեին ոչ ավելի, քան 35 մարդ 1000 բնակչին, իսկ իրականում այն կազմում էր 59 դեպք 1000 բնակչին։ Մահացության մակարդակը 2020 թվականին նույնպես գերազանցել է սպասելիքները՝ 100 հազար մարդու հաշվով 15,3 մահ՝ 100 հազարի դիմաց 8,9-ի փոխարեն, 2030 թվականի համար ԱՀԿ ռազմավարությունը նախատեսում է հիվանդացության և մահացության 90 տոկոս կրճատում։
Ինչպես նշվում է ԱՀԿ-ում, մալարիայի դեմ պայքարում առաջընթացը կանգ է առել մինչև կորոնավիրուսային պանդեմիան՝ մոտ 2017թ.։ Մինչ այդ տպավորիչ առաջընթաց էր գրանցվել․ 2000 թվականից վարակվածների թիվը նվազել է 27%-ով, իսկ մահացությունը՝ 51%-ով։