Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը, որը Պրահայի կենտրոնական զինվորական հոսպիտալից դուրս է գրվել հինգշաբթի օրը, վարակվել է կորոնավիրուսով և վերադառնում է հիվանդանոց՝ ստացիոնար բուժման համար, հաղորդում է CNN Prima News-ը։
Հրապարակման մեջ նշվում է, որ նա վերջերս է ստացել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երրորդ դեղաչափը։
«Ես չեմ կարող հաստատել, որ նա հիվանդ է։ Ես պարտավոր եմ պահպանել բժշկական գաղտնիքը։ Բայց ես կարող եմ հաստատել, որ նախագահին տեղափոխում են զինվորական հոսպիտալ»,- ասել է բժիշկ Բորիս Շտյաստնին, որը պատասխանատու է նախագահ Զեմանի առողջության համար Լանայի ամրոցում:
Չեխիայի նախագահի մամուլի քարտուղար Իրժի Օվչաչեկի խոսքով, պաշտոնական տեղեկությունը կհրապարակվի հաջորդ մամուլի հաղորդագրության մեջ։
Ըստ պարբերականի, Զեմանը դուրս է գրվել հիվանդանոցից, թեև Պրահայի զինվորական հոսպիտալի բժիշկները, որտեղ նա գտնվում էր հոկտեմբերի 10-ից՝ անանուն քրոնիկ հիվանդության պատճառով առաջացած առողջական խնդիրների պատճառով, պնդել են, որ նա շարունակի բուժումը։