Երևան +9°
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 13:57 24-11-2021

ՔՊ-ական քաղաքապետի գետնին գցած նկարը աշխատանք արժեցավ

Դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար ՔՊ-ն անցել է ծայրահեղ միջոցների։ Oragir.News-ը տեղեկություն ստացավ, որ Վանաձորի գործող մարզպետ Արամ Խաչատրյանի հանձնարարությամբ աշխատանքից ազատվել է Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկայի տնօրեն Սյուզաննա Բալայանը, քանի որ պոլիկլինիկայի աշխատակիցներից մեկը «լայքել է» նախկին քաղաքապետ, ընտրություններում համայնքապետի թեկնածու առաջադրված Մամիկոն Ասլանյանի լուսանկարը։

Թեմայի առնչությամբ զրուցեցինք նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանի հետ, հարցրինք` տեղյա՞կ է, որ իր լուսանկարը «լայքելու» համար մարդ են աշխատանքից ազատում, ասաց. «Ամեն դեպքում շատ վատ դեպք է, չի՛ կարելի բժիշկների և մանկավարժների նկատմամբ նման վերաբերմունք դրսևորել և ցանկանալ քաղաքապետ դառնալ։ Ես ուղղակի կոպիտ կանդրադառնամ այդ ամենին, ես, ճիշտն ասած, տնօրենին անձամբ չեմ ճանաչում, որ խոսեմ, որովհետև պոլիկլինիկաները տնօրենի ենթակայության տակ չեն գտնվում, երբևէ շփում չեմ ունեցել։ Երեկ իրարամերժ լուրեր էին տարածում, ու եթե նման բան լինի, մենք ոչ միայն կխոսենք, այլև իրավաբանական պաշտպանություն կառաջարկենք այդ տնօրենին և հաստատ չենք հանդուրժի նման կոշտ ու կոպիտ օրինականություն։ Իսկ առհասարակ, բացի նմանատիպ դեպքերը, քարոզարշավն ընթանում է շատ դրական ֆոնի վրա, քաղաքացիների հետ շփումների մեջ ենք ու առօրյա քաղաքային խնդիրները միմյանց պարզաբանելու մթնոլորտում։ Ընդհանուր առմամբ, ամեն բան շատ դրական է»,- եզրափակեց նա։

Oragir.News-ը տեղեկությունը փորձեց ճշտել նաև Սյուզաննա Բալայանից, սակայն նա վստահեցրեց, որ տեղեկությունը սխալ է, ինքն աշխատում է, եւ «լայքելու» հետ կապված ոչ մի խոսակցություն չի եղել, աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել, թեև այս պահին շարունակում է մնալ պոլիկլինիկայի տնօրեն։

Մենք կրկին կապվեցինք Սյուզաննա Բալայանի հետ՝ հասկանալու, թե ինչն է դիմում գրելու պատճառը, և մեր տեղեկությունները ջանասիրաբար հերքող Բալայանն ասաց. «Կրկնում եմ, պարոն Ասլանյանի նկարը դեպքի հետ կապված չէ, այն կապված է գործող քաղաքապետ Արամ Խաչատրյանի՝ գետնին գցած նկարը լայքելու հետ։ Եկեք, այս պահին ես այլ մեկնաբանություն չտամ, եթե պետք լինի, ես Ձեզ հետ կկապվեմ»,- եզրափակեց նա։