Արտաքին 4 տարի առաջ - 12:59 13-10-2021

ԱՄՆ-ում եղջերուին ազատել են երկու տարի պարանոցին կրած անվադողից

ԱՄՆ Կոլորադո նահանգում բնապահպանական գործակալության աշխատակիցներին հաջողվել է ավտոմեքենայի անվադողը հեռացնել ազնվական վապիտի եղնիկի պարանոցից: Կենդանին տեղի անտառներում առնվազն երկու տարի ապրել է այդ անվադողը պարանոցին:

Եղնիկին ավելորդ բեռից ազատելու համար նրան որոշ ժամանակով քնեցրել են: Նաեւ ստիպված են եղել կտրել կենդանու եղջյուրները: «Այն հանելը հեշտ չէր: Մենք, անշուշտ, կնախընտրեինք անվադողը կտրել և չդիպչել եղջյուրներին»,- ասել է Կոլորադոյի այգիների և անտառների վարչության աշխատակից Սքոթ Մերդոկը:

Նա բացատրել է, որ աշխատակիցները չեն կարողացել կտրել անվադողի մետաղյա թելերը: «Բարեբախտաբար, անվադողն այնքան էլ ամուր չէր գրկում եղնիկի պարանոցը, ուստի հնարավոր եղավ այն տեղաշարժել»,- ասել է Մերդոկը:

Իսկ թե ինչպես է անվադողը հայտնվել կենդանու պարանոցին, չի հաղորդվում: