copy image url
Խոսք 2 տարի առաջ - 16:46 09-09-2021

Միջազգային իրավունքի տված հնարավորությունները գործնականում պետք է օգտագործել. Տարոն Սիմոնյան

Իրավաբանական գիտությունների թեկնածու, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանը Oragir.news-ի հետ զրույցում խոսել է սահմանին տիրող իրավիճակի, ՀՀ-ի՝ միջազգային իրավունքից օգտվելու, նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի իրավական ուժ ունենալու, 8-րդ գումարման Ազգային ժողովում կատարվող իրադարձությունների և կրթության որակի բարելավման նախադրյալների մասին։

- Պարո՛ն Սիմոնյան, սահմանին տիրող իրավիճակին ոչ միշտ ենք ռազմական առումով համարժեք պատասխան տալիս, և այստեղ հարց է առաջանում. մենք կարո՞ղ ենք ապավինել միջազգային իրավունքին, թե՞ այն արդեն, գոնե մեզ համար, վաղուց արժեզրկված և ոտնահարված երևույթ է։

- Եթե ուզում ենք ինչ-որ բանի ապավինենք, ապա նախ ինքներս պետք է օգտագործենք դա, հետո խոսենք այն մասին՝ վերջինս արժեզրկվե՞լ է, թե՞ ոչ։ Ցավոք, պետք է նշեմ, որ մինչև այսօր մենք միջազգային իրավունքին գրեթե ուշադրություն չենք դարձրել մեր արտաքին քաղաքականությունում, և այն հնարավորությունները, որոնք առկա են միջազգային իրավական գործիքակազմում, գրեթե 90%-ով չեն օգտագործվել, հետևաբար պետք չէ հիասթափվել միջազգային իրավունքից, այլ պետք է օգտագործել դրա տված հնարավորությունները, և այն պետությունները, որոնք օգտագործում են, կարողանում են նաև հաջողել արտաքին քաղաքականությունում։ Պետք է նշեմ, որ մենք մեր 30-ամյա պատմության ընթացքում գրեթե միշտ խուսափել ենք միջազգային իրավունքի տված հնարավորությունները գործնականում օգտագործելուց, շատ ենք խոսել, բայց չենք օգտագործել, այդ թվում՝ նաև սահմանային խնդիրների հետ կապված։ Մենք իսկապես պետք է զգույշ օգտագործենք սահման արտահայտությունը, որովհետև Ադրբեջանի հետ մենք ունենք և՛ սահման, և՛ շփման գիծ։ Այն, ինչ հրամցվում է հանրությանը, կեղծ օրակարգ է, նպատակամղված քաղաքականություն՝ հասարակության ներսում վախ առաջացնելու և հետևաբար ապագայում ընդունվող որոշումները նորից հասարակության վզին փաթաթելու պատրվակով՝ ասելով՝ տե՛ս, հասարակություն, դու ինքդ չես ուզում ռազմական բախումներ, դրա համար էլ պետք է սահմանային հարցերն ի վնաս հայկական շահի լուծել։

- Շուտով արդեն 1 տարի կլինի, ինչ ստորագրվել է նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը, սակայն մենք դեռ չգիտենք՝ արդյո՞ք այն ունի իրավական ուժ, թե ոչ, մինչդեռ, օրինակ, Ալիևը հայտարարել է, որ Արցախի հարցը լուծված է, քանի որ Ադրբեջանը վերականգնել է, թեկուզ ուժով, իր տարածքային ամբողջականությունը, հետևաբար Արցախի հարց չկա. իսկ ո՞ւր մնաց ազգերի ինքնորոշման իրավունքը։

- Ազգային ժողովի ամբիոնից և հնարավոր այլ հարթակներից այդ հարցին շատ եմ անդրադարձել՝ ասելով, որ այնտեղ կան դրույթներ, որոնք իրավական ուժ ունենալ չեն կարող, որովհետև այդ դրույթները միջազգային պայմանագրային իրավունքի մաս են, իսկ դա ենթադրում է, որ փաստաթուղթը կարող է ուժի մեջ մտնել միայն վավերացումից հետո։ Վավերացման հատուկ գործընթաց կա, և դա Ազգային ժողովով է կատարվում, իսկ Ազգային ժողով այդ փաստաթուղթը չի մտել։ Սահմանային հարցեր, ռազմական ուժի կիրառման, զինվորական ուժի տեղափոխման, մարդու իրավունքների հարցեր. սրանք բոլորը միջազգային պայմանագրային ոլորտին վերաբերող հարցեր են, որոնք չեն կարող որոշակիացվել, կամ դրա հետ կապված փաստաթուղթ չի կարող ստորագրվել միայն գործադիր իշխանության կողմից, դա պետք է պարտադիր խորհրդարանի կողմից վավերացման գործընթաց անցնի, իսկ այդպիսի գործընթաց չի եղել։ Իսկ ինչ վերաբերում է ռազմական գործողությունների կասեցմանը կամ գերիների վերադարձին, բնականաբար դրանք նշված տիրույթում չեն տեղավորվում, սակայն անգամ եթե գերիների վերադարձի մասին գրված չլիներ այդ փաստաթղթում, այն կոնվենցիոն իրավունքի ուժով պարտադիր պետք է ի կատար ածվեր։ Արցախի հարցը նորովի է սկսվել, որովհետև մենք ունենք իրավիճակ, որ ՄԱԿ-ի կանոնադրության առաջին և երկրորդ հոդվածով ամրագրված ամբողջ սկզբունքային համակարգը խախտվել է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից, իսկ այս իրավիճակում ասել, որ հարցը լուծված է, ո՛չ, հարցը գրեթե նոր է սկսված, որովհետև անտեսվել է թե՛ ազգերի ինքնորոշման իրավունքը, թե՛ տարածքային ամբողջականության սկզբունքը, ավելին՝ խախտվել է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մյուսը՝ ուժի չկիրառման և դրա սպառնալիքի չիրականացման։ Եթե առանձին միջազգային խաղացողներ կարող են անտեսել Արցախի օկուպացումը, ապա մենք չենք կարող։

- Պարո՛ն Սիմոնյան, Դուք՝ որպես պարկեշտ և քաղաքակիրթ մարդ, վստահ եմ՝ նորմալ չեք վերաբերում ՀՀ 8-րդ գումարման ԱԺ իրադարձություններին, ծեծկռտուքներին: Իհարկե, եթե չկա քաղաքական կամք նման միջադեպերը բացառելու, կա՞ն արդյոք իրավական լծակներ, որպեսզի մեր հանրությունն ականատես չլինի նման միջադեպերի։

- Գիտեք, դա ես դիտարկում եմ որպես բարոյական գահավիժման հերթական ակտերից մեկը, որը մեր հասարակությունում տեղի է ունենում, երբ հասարակության կողմից ընտրված քաղաքական գործիչներն իրենց թույլ են տալիս այնպիսի արտահայտություններ կամ վարքագիծ, որը բավականին ցածր գիտակցություն ունեցող մարդկանց է հատուկ։ Դա օրենքի ակնհայտ խախտում է, երբ պատգամավորը մեկ այլ պատգամավորի հարվածում է, սակայն չկա որևէ իրավական հետևանք։ Դա դատապարտելի է պատգամավորի էթիկայի շրջանակում և դատապարտելի է ՀՀ Քրեական օրենսգրքով, այսինքն՝ այդ արարքներում կա հանցակազմ՝ ծեծ, խուլիգանություն։ Սրանով ի՞նչ մեսիջ ենք տալիս հասարակությանը. եթե դու քաղաքական գործիչ ես, կարող ես նման վարքագիծ դրսևորել և մնալ անպատիժ։ Իհարկե, սա անընդունելի է, և այս ամենը պետք է իրավական հետևանք ունենա։ Այս միջադեպերն իրականում կարծես ուղղված լինեն հասարակությանը շեղելու երկրում առկա բուն հիմնախնդիրներից։

- Եվ վերջում անդրադառնանք կրթությանը. երկար ժամանակ դասախոսել եք, ի՞նչ կասեք վերջին շրջանում կրթության որակի, առկա խնդիրների և կրթության վերաբերյալ ապագայի Ձեր տեսլականի մասին։

- Կրթությունն ինձ համար ամենակարևոր թեմաներից մեկն է, քանի որ դասավանդում եմ ավելի քան 11 տարի։ Իմ խորին համոզմամբ, ամեն ինչ սկսվում է կրթությունից, և մեր խնդիրների մեծ մասն էլ խարսխված է հենց կրթության բնագավառում, սակայն կրթություն ասելով ոչ թե պետք է հասկանալ գիտելիքի տրամադրում, այլ հոգևոր դաստիարակություն, սակայն դա ոչ թե դպրոցներում դասավանդվող հոգևոր կրթությունն է, այլ հենց բուն մարդ էակ դաստիարակելու կրթությունը։ Որակի հետ կապված՝ բավականին շատ են խնդիրները, և դա գալիս է ոչ միայն կրթական համակարգից, այլև ընդհանուր սոցիալական միջավայրից։ Անհնար է կրթական մակարդակը կղզյակի պես առանձնացնել ամբողջ սոցիալական համակարգից, քանի որ սոցիումն իր դերն ունի կրթական համակարգում, դրա համար մենք պետք է ամբողջ սոցիումի վրա աշխատելու միջոցով ազդենք կրթական բարեփոխումների վրա։ Առաջին խնդիրը, որն առկա է կրթության բնագավառում, կրթություն-աշխատաշուկա կապի ոչ այդքան հստակությունն է, նաև բացակայությունը, կրթական ինստիտուտները տրամադրում են մասնագետներ, որոնք պահանջված չեն շուկայում, կամ պահանջում են ավելի պակաս կամ շատ մասնագետներ, իսկ շուկան դա չի կարողանում մարսել, դրա համար պետք է առաջնահերթության կարգով կրթություն-աշխատաշուկա կապը ճիշտ կառուցենք, դա վերաբերում է ցանկացած բնագավառին։ Մյուս կարևոր խնդիրն ինքնադրսևորման հնարավորության բացակայությունն է հայկական միջավայրում, իսկ արդյունքում այդպիսի խնդրի բախված մարդիկ կամ քիչ են իրացնում իրենց ներուժը, կամ էլ հեռանում են՝ իրենց գիտելիքը ծառայեցնելու այլ պետությանը։ Հաջորդ խնդիրն էլ կրթություն տրամադրողների մեջ է, այս մարդիկ հիմնականում իրենց աշխատանքը դիտարկում են ոչ որպես կենտրոնական աշխատանք, որովհետև ֆինանսական առումով դա չի բավարարում կյանքը կազմակերպելու համար, ինչն իր հերթին ազդում է կրթության որակի տրամադրման վրա։ Մեր կրթությունն այսօր հետնապահի դերում է, որովհետև աշխարհը շատ ավելի արագ է զարգանում, քան մենք հասցնում ենք տեղեկատվությունը տրամադրել հաջորդ սերնդին, և հաջորդ սերունդը պատրաստ է լինում անցյալի տեղեկատվությանը, անցյալի հասարակական մարտահրավերներին կամ պետական մարտահրավերներին, որովհետև մեր պրոֆեսորադասախոսական և մանկավարժական անձնակազմն արագ տեմպերով չի քայլում ժամանակակից աշխարհի հետ։ Մենք, իհարկե, ունենք բացառություններ, և նրանց վրա է հենվում կրթական համակարգը, բայց անհրաժեշտ է, որ մնացածն էլ առաջ շարժվեն։

Ամենից շատ դիտված