Տավուշի մարզի 4 ոչ անկլավային գյուղերն Ադրբեջանին հանձնելու որոշումն առաջացրել է հանրության մտահոգ հատվածի, ինչպես նաև բազաթիվ քաղաքական ուժերի դժգոհությունը, որոնք այս օրերին տարբեր միջոցներով պայքարում են այդ որոշման դեմ։
Միևնույն ժամանակ ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից իրականացվող բողոքի ակցիաները բախվում են Ոստիկանության կոշտ հակազդեցությանը։ Հատկանշական է, որ ոստիկաններն առավել կոշտ վերաբերմունք են ցուցաբերում Ազգային ժողովրդավարական բևեռի անդամների և աջակցների նկատմամբ, որոնցից շատերին բերման են ենթարկում ոստիկանության բաժիններ, նրանց նկատմամբ քրեական գործեր են հարուցում և այլն։
Oragir.News-ի հետ զրույցում ԱԺԲ խորհրդի անդամ Արա Պապյանն այս մոտեցումը պայմանավորեց այն հանգամանքով, որ ԱԺԲ-ն գետնի վրա բազմամարդ ցույցեր է անցկացնում․
«ԱԺԲ-ն գետնի վրա բազմամարդ ցույցեր է անցկացնում՝ ի տարբերություն այլ ուժերի, որոնք կա՛մ ուժ են կոչվում, կուսակցություն են կոչվում, բայց իրականության մեջ չկան, 4-5, 10 հոգի մարդ են, կա՛մ եթե ավելի մեծաքանակ են, զուտ խորհրդարանական ելույթներ են ունենում։
Բնականաբար ԱԺՆ-ն անելով այդ քայլերը՝ օրինակ է ծառայում, իրենք էլ վախենում են, որ հնարավոր է նույն տարբերակով, որոնք իրենք եկան իշխանության, այսինքն՝ համաժողովրդական ճնշման միջոցով, ժողովուրդն իրենց ստիպի հեռանալ իշխանությունից։ Կարծում եմ՝ դա է բուն պատճառը»։
Հարցին, թե Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ԱԺՆ-ն պատրաստվո՞ւմ է այլ ուժերի հետ համագործակցել՝ Արա Պապյանը պատասխանեց, որ տարբեր քաղաքական ուժերի հետ շփումների մեջ են, սակայն նրանցից շատերի հետ էական տարաձայնություններ ունեն։ Նա ուշադրություն հրավիրեց այն բանին, որ եթե Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջելու ու նրան հեռացնելու հարցում բոլոր քաղաքական ուժերը միակամ են, ապա շարունակության հարցում ունեն զգալի տարաձայնություններ։
«Մենք հստակ գտնում ենք, որ Հայաստանի ապագան ոչ թե Ռուսաստանի, այլ Արևմուտքի հետ է, իսկ որոշ ուժեր, որոնք նույնպես պահանջում են Փաշինյանի հրաժարականը, Հայաստանի ապագան տեսնում են Ռուսաստանի հետ։ Մյուս խնդիրն էլ այն է, որ նրանք, ովքեր խոսում են իբր արևմտամետ, նրանք էլ Նիկոլի հրաժարականը չեն պահանջում, այդ թվում նաև վախ ունենալով, որ նրա հրաժարականից հետո իշխանության կարող են գալ ռուսամետ ուժերը։
Դրա համար, ըստ էության, մենք հիմա գործում ենք միայնակ, առանձին, բայց կրկնում եմ՝ շփումներ ունենք, որոշ հանդիպումներ ունենում ենք գետնի վրա պայքարող ժողովրդի հետ, այդ թվում նաև Ոսկեպար-Կիրանց հատվածում»,- կարծում է նա։
Մեր հարցին, թե հնարավոր է, որ իշխանությունների կողմից ԱԺԲ-ի անդամների նկատմամբ առանձահատուկ կոշտ վերաբերմունքը պայմանավորված է հենց այն հանգամանքով, որ վերջինս ՀՀ-ի ապագան տեսնում է ոչ թե ՌԴ-ի, այլ Արևմուտքի հետ՝ Պապյանը դրական պատասախանեց՝ նշելով, որ գործոններից մեկն էլ հենց դա է։ Նա նշեց, որ թեև առաջնային գործոնը Նիկոլ Փաշինյանի աթոռապաշտությունն է, սակայն վերոհիշյալ հանգամանքը նույնպես կա։
«Այդ հարցը նաև դրսից են բզբզում․ պատահական չէ, որ նույն ռուսական մամուլում են մեր դեմ հրապարակումներ լինում, մեզ ներկայացնում են որպես ծայրահեղական, ինչն արտացոլվում է նաև հայկական մամուլում։ Բայց մենք մեզ ծայրահեղական չենք համարում, որովհետև հայրենիքի շահերը պաշտպանելը ծայրահեղություն չէ, մենք դեմ ենք հողեր հանձնելուն, կամ երկիրը կործանելուն»,- նշեց նա։
Արա Պապյանը նկատեց, որ այն ինչի համար իրենց ծայահեղական են անվանում, ժամանակին Նիկոլ Փաշինյանն էր անում։ «Եթե փողոց փակելը համարում են ծայրահեղություն ու դեռ չփակած վիճակում հարձակվում են ու սկսում են ջարդել, բերման ենթարկել, ապա հարց է առաջանում՝ ժամանակին ձեր արածն ի՞նչ էր։ Ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի՝ չենք էլ հարձակվում Ռադիոտան վրա, կամ որևէ այլ շենքի վրա»,- ասաց նա։
Մեր զրուցակիցը նկատեց՝ իրենց առավելագույն չակերտավոր ծայրահեղությունը փողոց փակելն է։ Նա նաև շեշտեց, որ չի եղել մի դեպք, երբ ոստիկանների կողմից փողոցը բացելու օրինական պահանջ դրվի, իսկ իրենց չենթարկվեն դրան։ Պապյանի խոսքով՝ ոստիկաններն անգամ այդ պահանջը չեն ներկայացնում և միանգամից հարձակվում են ԱԺԲ-ի անդամների վրա․
«Այդպես եղել է 3 անգամ՝ ապրիլի 24-ին, 27-ին ու 30-ին։ Այստեղ մենք տեսնում ենք վախեցնելու միտում, ընդ որում բոլորին՝ ԱԺԲ-ին և այլն, որպեսզի բողոքողների թիվը չշատանա»։
Վերջինս համաձայնեց մեր դիտարկման հետ, որ իրենց նկատմամբ գործող իշխանությունները բռնություն են կիրառում արտաքին դերակատարների ուղղորդմամբ։ Նա թեև չի բացառում, որ ուղղորդումը Մոսկվայից լինի, սակայն ավելի հակված է կարծել, որ այդ ուղղորդումները ստացվում են Թուրքիայից և Ադրբեջանից։
Արա Պապյանը հավելեց, որ Թուրքիան և Ադրբեջանը խորապես անհանգստացած են ԱԺԲ-ի գործունեությունից։ «Մենք դա նաև Վաշինգտոնից գիտենք, որտեղ փորձում են մեր նախաձեռնություններն արգելափակել, մենք այնտեղ բավականին ակտիվ ենք և տեսնում ենք, որ իրենք անհանգստացած են։ Այսօր Նիկոլ Փաշինյանն իրենց կամակատարն է, և եթե ԱԺԲ-ն իշխանության գա, կամ իշխանության մաս կազմի Հայաստանի վրա թուրք-ադրբեջանական պարտադրանքը դժվարանալու է, որովհետև մենք հաստատ այդքան հեշտությամբ չենք ենթարկվելու և փորձելու ենք դրանց հակակշիռներ ստեղծել»,- եզրափակեց նա։
Դավիթ Գույումջյան