Լրատվակայքերից մեկին հարցազրույց է տվել Արցախի ՊԲ նախկին հրամանատար, ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։ Առ ի քաղաքավարություն անդրադառնալով Իրանի ղեկավարության ողբերգական մահվան դեպքին, Բաբայանը ցավակցական խոսքերից բացի նաև նշել է, որ Իրանը տարածաշրջանում կարևոր դերակատարություն է ստանձնել, սակայն հայ-ադրբեջանական հարաբերությունների վրա էական ազդեցություն չի կարող ունենալ։ «Ադրբեջանն այսօր էնպիսի վիճակում է, որ ոչ մեկը նրա վրա ազդեցություն չունի, իսկ Հայաստանի ղեկավարությունը լոկալ հարցերի միջոցով է փորձում անվտանգային հարցեր լուծել․․․ նախ՝ 4 գյուղի դեմարկացիա, հետո 4 անկլավի խնդիր․․․ ես ասել եմ, կրկնեմ՝ պետք է ի վերջո գալ Ադրբեջանին Մեղրիով տարանցիկ ճանապարհ տալու խնդրի լուծմանը», ասում է Բաբայանը՝ պարզաբանելով, որ խոսքը գնում է պարզեցված ընթացակարգով ուղու մասին։
«Հայաստնի արտաքին պարտք 12 մլրդ դոլար գումարի տարեկան սպասարկման վճարը 800 մլն դոլար է։ Առաջարկում եմ՝ միջազգային հանրությունը պարտքը փակի և դրա դիմաց Հայաստանից ստանա Մեղրիի ճանապարհը՝ նշածս ընթացակարգով։
Ռուսաստանը չպետք է վերահսկի Մեղրիի ճանապարհը։ ՌԴ-ն ընդհանրապես «խաղից դուրս» է, միայն խնդրում է պահակ կանգնել», ասում է Սամվել Բաբայանը՝ ընդգծելով, որ ՀՀ-ն պետք է հավասարակշիռ լինի և հաշվի առնի ռիսկերը թե՛ ճանապարհը վացելու, թե՛ չբացելու դեպքերում։ «Ճանապարհը բացելու դեպքում հասկանանք, որն է Իրանի մտահոգությունը, որը՝ Վրաստանինը։
Իրանը կփակի սահմանը, վրացիք 2-3 անգամ կբարձրացբեն տուրքերը։ Դա՝ բացելու դեպքում, բայց նաև կա ճանապարհից ահռելի տարանցիկ օգուտ ստանալու հեռանկարը։ Իսկ եթե չենք բացում՝ պիտի պրոֆեսիոնալ բանակ ունենանք, քանի որ ճանապարհ չտալու մեր երկրում պատերազմ է սկսելու Թուրքիայի, Ադրբեջանի և, հնարավոր է, Իրանի մասնակցությամբ»,-ասում է Բաբայանը։
«Հարկ է անցկացնել նոր խորհրդարանական ընտրություններ և որոշակիալ՝ տալի՞ս ենք ճանապարհը, որը հարկավոր է Թուրքիային, Ադրբեջանին, Միջին Ասիային և Չինաստանին։ Կրկնում եմ՝ ճանապարհ տալուն ամենաշատը դեմ է Իրանը, բայց ես ասում եմ հետևյալ տարբերակը․ ճանապարհը տալու դեպքում Ադրբեջանի հետ իրականացնում ենք 1925-26 թվականների քարտեզներով, որը ԽՍՀմ կազմ մտնելու քարտեզներն են, դեմարկացիա։ Դրանով վերականգնում ենք այդ թվականների Հայաստանի տարածքը, որը կազմում էր 30940 քառ․կմ։ Բայց եթե չեք տալիս Թուրքիայի, Ադրբեջանի համար այդքան կարևոր ճանապարհը՝ պահեք պրոֆեսիոնալ բանակ, որովհետև պատերազմ է սկսվելու, պետք է կարողանաք սահման պահել»։
Բաբայանն ասում է, որ նոր ընտրություն անելու գաղափարն իր մտքում առաջացել է դեռևս 2023 թվականի դեկտեմբերին։ Գտնում է, որ ստեղծված բարդ իրավիճակից դուրս գալու միակ ելքը ընտրություններն են, թողենք ժողովուրդը որոշի որ տեսլականին է համամիտ։
«Մեղրիի ճանապարհն է բոլոր հարցերի լուծումը։ Դրա շնորհիվ Ադրբեջանը կհեռանա Ջերմուկ-Սև լճից, Հայաստանն էլ կունենա 31940 քառ․ կմ տարածք։ Ադրբեջանը հենց այնպես չի վիթխարի գումարներ ծախսում, որ դառնա լոգիստիկ կենտրոն։ Այդ ճանապարհն է Ադրբեջանի ծրագրերի կարևորագույն բաղադրիչը», եզրափակել է Բաբայանը։
Դե ինչ, մենք նախկինում էլ արձանագրել ենք, որ Սամվել Բաբայանը շարունակում է մնալ Նիկոլ Փաշինյանի հավատարիմ գործընկերը, և «նոր ընտրություն» ասվածը փաստացի նշանակում է Փաշինյանի վերարտադրման երաշխիք։ Իսկ թե Մեղրիով ճանապարհ ասվածն ինչու չի իրականանում՝ Բաբայանը համառորեն անտեսում է այն միտքը, որ այդ տարանցիկ, «հեշտացված» ճանապարհով Թուրքիան կարճ ժամկետում Ռուսաստանի համար Ղազախստանում և Կենտրոնական Ասիայում ահաբեկչական բջիջների այնպիսի բազմություն է ստեղծելու, որ դրա համար էլ Ռուսաստանը ձգտում է վերահսկողություն սահմանել ցանկացած ձևաչափով տրվելիք ճանապարհի վրա։ Եվ եթե պարոն Բաբայանին թվում է, թե Ռուսաստանն այլևս գործոն չէ Հարավային Կովկասում, ապա նա, մեղմ ասած, մոլորության մեջ է։
Ռուսաստանը գործոն է, և այդ ճանապարհը կգործի այն ժամանակ, երբ Ռուսաստանը նպատակահարմար կգտնի վերագործարկել 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, հատկապես՝ դրա կարևորոգույն՝ իներորդ կետը։
Տիգրան Աթանեսյան