Զարմանալի կերպարափոխություն տեղի ունեցավ ԱԺ-ում։ Հուլիսի 3-ի միջադեպը Հովիկ Աղազարյանի և ՔՊ-ական պատգամավորների միջև այդպիսի մի կերպարանափոխության ցուցադրություն էր։
«Այս քայլերով փորձ է արվում հակառուսական տրամադրությունները խորացնել ՀՀ-ում։ Խնդրում եմ ռուսական կողմին չտրվել մեր սադրանքներին»,- ասաց Հովիկ Աղազարյանն ԱԺ ամիբիոնից։
2022-ի սեպտեմբերյան ռուս-ադրբեջանական ագրեսիայից հետո ՀՀ իշխանությունը սառեցրեց ՀԱՊԿ անդամությունը։ Մոսկվան այն որակվեց հակառուսական քայլ։ ՀՀ-ի Հռոմի ստատուտին միանալը ևս նույնպիսի որակում ստացավ։ Հակառուսական որակվեց նաև Նիկոլ Փաշինյանի 2023-ի հոկտեմբերի 17-ի ԵԽ-ում ելույթը։ Այս շրջանում Հովիկ Աղազարյանը ՔՊ խմբակցության պատգամավոր էր։ ԱԺ ամբիոնից ու հանրային բանավեճերում պաշտպանում էր ՔՊ վարած կուրսը։ Նա չէր վրդովվում ՀԱՊԿ անդամության սառեցումից, Հռոմի ստատուտին միանալուց, Եվրամիությանն ու ԱՄՆ-ի հետ մերձենալուց։
Ինչո՞ւ Հովիկ Աղազարյանը հակառուսական քայլերով չէր մտահոգվում, երբ ՔՊ խմբակցության անդամ էր։ Իսկ երբ ընդդիմություն է դարձել, ոչ միայն սևեռվել է այս թեմայի վրա, այլև այդ պատճառով կռիվ է անում ՔՊ-ականների հետ։
Այս առումով՝ շրջանառվում է երկու վարկած։
Առաջինը՝ ՔՊ-ն, որպես իշխանության կուսակցություն, ձևացնում է, թե անկախության ու ժողովրդավարության ջատագով է։ Իրականում՝ ՔՊ-ն ռուսամետ ուժ է, այդպիսին է եղել ու կա։ Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը խոստովանեց, որ 2018-ին եղել է ֆորպոստի վարչապետ, 2020-ի վերջում ամենաֆորպոստի վարչապետ։ Հովիկ Աղազարյանը ևս ռուսամետ գործիչ է եղել, բայց նույնպես ձևացրել է, թե ազգային շահերով է առաջնորդվում։ Այդ պատճառով նա չէր վրդովվում ՀԱՊԿ անդամության սառեցումից, Հռոմի ստատուտին միանալուց կամ Եվրամիությանն ու ԱՄՆ-ի հետ մերձենալու քայերից, դրանք չէր որակում հակառուսական։ Իսկ հիմա, երբ ազատ, անկաշկանդ ընդդիմադիր գործիչ է, հանդես է գալիս որպես ռուսամետ, ռուսական շահերի ջատագով, Սամվել Կարապետյանի հետանդումն ու ՀԷՑ-ի ազգայնացումը որակում է հակառուսական քայլ։
Երկրորդը՝ Նիկոլ Փաշինյանի վերընտրվելու համար անհրաժեշտ է քյառթու ռուսամետ ընդդիմություն։ Այս դեպքում նա կստանա Արևմուտքի աջակցությունը՝ նույնիսկ խախտումներով անցկացված ընտրությունները կորակվեն ազատ-արդար։ Ու նա կրկին լեգիտիմությամբ կօժտվի։ Ընդդիմադիր գործիչը, եթե սիրում է Նիկոլ Փաշինյանին և ուզում է, որ նա վերընտրվի, ապա պետք է վառ ռուսամետ դիրքից հանդես գա։ Այսինքն՝ երկրորդ վարկածով՝ Հովիկ Աղազարյանը ձևացնում է, թե ռուսամետ գործիչ է ու մտահոգ է, որ ՀՀ իշխանությունը հակառուսական բաներ է անում, ԱԺ ամբիոնից խնդրում է «ռուսական կողմին չտրվել մեր սադրանքներին»։ Եվ դրան անմիջապես արձագանքում են ՔՊ-ականները, ամոթանք տալիս նախկին գործընկերոջը, իրավիճակին դրամատիզմ հաղորդում, որ աշխարհը տեսնի, թե ինչ անհաշտ դիմակայություն կա ազգանվեր ՔՊ-ի ու ռուսամետ Հովիկ Աղազարյանի միջև։ Եվ այս ամենն արվում է այն հաշվարկով, որ եթե ընդդիմադիր խմբակցությունները վաղը հրաշքով կերպարանափոխվեն, հրաժարվեն ռուսամետությունից ու դառնան անկախության ու ժողովրդավարության ջատագով, ապա դաշտն ամբողջությամբ կլցնի Հովիկ Աղազարյանը, որն ավելի վառ ռուսամետ է, ավելի նվիրված կարող է սպասարկել ռուսական շահերը, քան ընդդիմադիր երկու խմբակցությունները միասին վերցրած։
Կարճ ասած՝ Հովիկ Աղազարյանը ստանձնել է ամոթալի դեր, մարմնավորում է բացասական կերպար՝ ռուսամետ ընդդիմադիր գործչի կերպարը։ Այսպիսի կերպարափոխությունը աննախադեպ չէ։ Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, ՀՀՇ-ն, ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն ռուսամետ դիրքերից չէին հանդես գալիս, երբ իշխանություն ունեին։ Այս գործիչներն և կուսակցությունները, երբ իշխանություն էին, ազգանվեր ուժեր էին, անկախության ու ժողովրդավարության ջատագով էին հանդես գալիս։ Իսկ երբ ընդդիմության դաշտն անցան, դարձան վառ ռուսամետ։ Նույն տրամաբանությամբ ենթադրելի է, որ եթե 2026-ին Նիկոլ Փաշինյանը պարտվի ու զբաղեցնի ընդդիմության նիշան, ապա Հովիկ Աղազարյանին ամոթանք տվող ՔՊ-ականները վառ ռուսամետ ելույթներով հանդես կգան։
Այսինքն՝ հայկական ընդդիմության ռուսամետությունը պարադոքսալ օրինաչափություն է։ Եվ քանի դեռ նոր սցենար չկա, քաղաքական համայնքը նույն ներկայացումն է բեմադրելու ու խաղալու։ Եվ ում բախտը չբերի մրցապայքարում, նրան բաժին կհասնի բացասական կերպար, ռուսամետ գործչի դերը։
Թաթուլ Մկրտչյան