Բագրատ Սրբազանի հաղթանակի 3 գրավականները
copy image url

Բագրատ Սրբազանի հաղթանակի 3 գրավականները

Ներքին Միտք 11 ամիս առաջ - 22:30 20-05-2024
ՔՊ-ականներն ու իշխանական քարոզչամեքենան իրենք իրենց հույս են տալիս, թե Բագրատ Սրբազանի շարժումն ինքն իրեն մարում է։ Դրա համար վկայաբերում են հրապարակային միջոցառումների սակավամարդությունը։ Արագ արդյունք ակնկալող մարդիկ ևս կարծիք են հայտնում, թե շարժումը դեպի անկում է գնում։ Հուսահատական և հիասթափական տրամադրություններ կան նաև շարժման որոշ հետևորդների շրջանում, որոնք ակնկալում են կոնկրետ քայլեր, գործողություններ։ Արդյո՞ք շարժման մարման մասին հույսերն ու կասկածներն իրական հիմք ունեն, և ի՞նչ է անհրաժեշտ շարժումը հաղթական ավարտին հասցնելու համար։

Շարժման հետևորդների ակնկալիքներն արդարացի են։ Իրոք, ժամանակն է, որ շարժումը հանդես գա նախաձեռնություններով, կոնկրետ քայլերով, որոնք թեկուզ փոքր, բայց շոշափելի արդյունք կունենան։ Օրինակ՝ շարժման աջակից պատգամավորները կարող են պաշտոնանկության վերաբերյալ ստորագրահավաք նախաձեռնել, հանդես գալ օրենսդրական թիրախային նախաձեռնություններով։ Եթե նույնիսկ մեկ նախաձեռնություն հաջողվի, ապա հավելյալ լիցք կհաղորդվի շարժմանը։ Այդ նախաձեռնությունները նաև որոշակի հստակություն կմտցնեն շարժման մարտավարության մեջ։ Նույնպես կարելի է բաց, թափանցիկ դարձնել շարժման ֆինանսավորումն ու տարածքային գրասենյակների բացումը, տեղերում աշխատանքներ կազմակերպելու համար։

Շարժումը կարող է նաև ազգային տոների, հիշատակի օրերի վերաբերյալ վերաբերմունք դրսևորել։ Օրինակ՝ լավ առիթ է Մայիսի 28-ը, որը ՔՊ-ական իշխանությունների կողմից ստվերվում է։ Մանավանդ պատմական և իրական հայրենիքների խոսույթի համատեքստում Մայիսի 28-ը կարելի է իրական տոնի վերածել, ի ցույց դնելով շարժման առաջնորդի և մասնակիցների նվիրումն անկախության գաղափարին։ Տեղին կլինի հիշեցնելը, որ Սրբազանը անկախության պայքարի մասնակից է եղել երիտասարդ տարիներին, շփվել Մովսես Գորգիսյանի հետ, թղթակցել անկախական թերթերին։ Ոգևորիչ կլինի, եթե Բագրատ Սրբազանը մայիսի 28-ին հնչեցնի նաև «Աղոթք վասն անկախությանը», որը նա գրել է դեռ ուսանող տարիներին։ Դրանից հետո թերևս հետ կքաշվեն շարժման ընդդիմախոսները, որոնք շարժման մասնակիցներին կասկածում են ռուսական գործակալ լինելու մեջ։

Շարժմանը թափ հաղորդելու ներուժ ունեն նաև երգերը, հատկապես՝ քայլերգերը։ Կարելի է նաև մշակութային միջոցառումներ, մրցույթներ կազմակերպել, որոնք հանրության ուշադրությանը կարժանանան և շարժման շուրջ կհամախմբեն ստեղծագործողներին։ Եղանակի տաքացման հետ մեկտեղ կարելի է շուրջօրյա միջոցառումներ անցկացնել կոնկրետ քաղաքական պահանջով, ոտրոգրահավաքներ կազմակերպել լյուստրացիայի, դեսովետիզացիայի մասին օրենսդրական նախաձեռնություններն առաջ մղելու համար։ Հնչեղություն կարող են ապահովել նաև դատական գործերը ՔՊ-ական իշխանությունների կատարած ապօրինությունների փաստերով։ Իսկ եթե շարժումը դատ բացի նաև խորհրդային բռնազավթման տարիներին ժողովրդի, մասնավորապես՝ հոգևորականության դեմ բռնաճնշումների փաստով, ապա շարժումը նաև միջազգային հեղինակություն ձեռք կբերի։

Շարժման հաջողությանը կարող է նպաստել նաև նրա համակարգումը, ղեկավար մարմնի կազմավորումը, աշխատանքի բաժանումները ու պլանավորումը։ Կազմակերպչական աշխատանքներին անհրաժեշտ է ներգրավել հնարավորինս շատ մարդկանց, որոնք իրենց իրացված կզգան։

Հաջողության հաջորդ գրավականը քաղաքական դիրքորոշման հստակեցումն է։ Այս դեպքում ներքին և արտաքին ուժերի համար շարժումը հասկանալի և կանխատեսելի կդառնա։ Դիրքրորշումը կարելի է արտահայտել առանցքային ելույթով կամ հոդվածով, որտեղ կուրվագծվի այն Հայաստանը, որը լինելու է Բագրատ Սրբազանի կառավարման արդյունքում։

Ի վերջո՝ հաջողության ամենամեծ գրավականը հիմնարար արժեքներն են, որոնք ամրագրվելու են հետփաշինյանական Հայաստանում որպես օրենքների հիմք և սոցիալ վարքաբանության հավատամք։ Արժեքների ամրագրումը գաղափարական հենք կհանդիսանա։ Եթե ժողովրդի մեծ մասը ընդունի այդ արժեքները, առաջնորդվի դրանցով, ապա կարելի է ասել, որ շարժումն արդեն հաղթել է մտքերի, գաղափարական մակարդակում։ Դրանից հետո՝ առաջին իսկ ընտրությունների ժամանակ Բագրատ Սրբազանի հաղթանակը կապահովվի։

Պարզ ասած՝ հիմնարար արժեքների ամրագրումը, քաղաքական դիրքորոշման հստակեցումն ու աշխատանքների համակարգումը շարժման հաջողության 3 գրավականներն են։ Ինչքան շուտ արվեն սրանք, այնքան շուտ կարելի է պնդել, որ շարժումը վստահաբար հաղթելու է։

Թաթուլ Մկրտչյան