Oragir.News-ը ներկայացնում է հունվարի 20-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:
Նիկոլ Փաշինյանը ստացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնական հրավերը՝ Խաղաղության խորհրդին որպես հիմնադիր անդամ միանալու վերաբերյալ։ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանի փոխանցմամբ՝ կառավարության ղեկավարն ընդունել է առաջարկը՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը խաղաղության առաջմղմանը: Թրամփի «Խաղաղության խորհուրդը» ներկայանում է որպես նոր միջազգային խաղաղապահ մարմին։ New York Times-ը, որ ծանոթացել է խորհրդի կանոնանդրությանը, գրում է՝ Թրամփը հրավիրում է երկրներին միանալ երեք տարվա ժամկետից ավելի, եթե նրանք պատրաստ են առաջին տարում վճարել ավելի քան մեկ միլիարդ դոլար։ Խորհուրդը սկզբնապես նախատեսված էր Գազայի վերակառուցումը վերահսկելու համար, սակայն դրա կանոնադրությունում չի հիշատակվում պաղեստինյան անկլավը, ինչը ենթադրում է հնարավոր ավելի լայն մանդատ։ Ըստ New York Times-ի՝ խորհրդի կանոնադրությունը հրավերների հետ միասին ուղարկվել է հավանական անդամներին շաբաթավերջին: 1 միլիարդ դոլար վճարելու մասին լուրը ավելի վաղ հայտնել էր նաև Bloomberg-ը: Ուրբաթ օրը Սպիտակ տունը հայտարարել է, որ խորհրդի անդամների թվում կլինեն պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները, և Համաշխարհային բանկի ղեկավար Աջայ Բանգան։
Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի առաջնորդած քաղաքական ուժը` «Ուժեղ Հայաստան»-ը, առաջիկա ԱԺ ընտրություններում հաղթելու դեպքում առաջին հերթին կստեղծի 300 հազար աշխատատեղ։ Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի շնորհանդեսի ժամանակ հայտարարեց «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։ «Առաջին քայլով ստեղծում ենք 300 հազար նոր գործի տեղ, որի հիմքում ուղենշված է մակրոտնտեսական պլանավորված քաղաքականություն, այն է` զարգացնել արդյունաբերականությունը, վերարդյունաբերականությունը։ Դինամիկ երկիր ունենալու համար մենք պետք է ունենանք ստեղծարար տնտեսություն»,– հայտարարեց Նարեկ Կարապետյանը։ Նոր աշխատատեղերի բացումը տնտեսական ծրագրի առաջին քայլն է, 2–րդ քայլով նախատեսվում է փոքր բիզնեսին ընդհանրապես ազատել հարկերից, 3–րդ քայլով 20%–ով ավելի էժան դեղորայքի ապահովում բոլորի համար, 4–րդ քայլով բերքի երաշխավորված մթերում գյուղերում, 5–րդ քայլով` 20 հազար մատչելի բնակարան պետական աջակցությամբ։ Կարապետյանը նշեց, որ Հայաստանը երկիրը տարեկան 7 մլրդ դոլարի ներմուծում է անում, որի արդյունքում ներմուծման և արտահանման տարբերությունը համարյա 4 մլրդ դոլար է։ Որպեսզի այս գումարը մեր երկրում ու մեր երկրի ներսում շրջանառվի, այդ իսկ պատճառով Կարապետյանն առաջարկում է գործարաններ ստեղծել ներմուծվող ապրանքների, առաջին հերթին` նավթամթերքի ու բենզինի ուղղությամբ։ «Մենք առաջարկում ենք կառուցել նավթամշակման գործարան Հայաստանում, որը կունենա շուրջ կես միլիարդ դոլարի շրջանառություն։ Մյուս ներմուծվող ուղղությունը գազն է։ Իրանից կվերցնենք գազ, Հայաստան–Իրան սահմանի վրա կստեղծենք ջերմաէլեկտրակայան։ Իրանը նման գործարան կառուցել չի կարող, քանի որ գտնվում է սահմանափակումների տակ, իսկ Հայաստանը կարող է։ Սա նույնպես կապահովի կես միլիարդ դոլարի շրջանառություն»,– վստահեցրեց Նարեկ Կարապետյանը` ավելացնելով, որ մյուս բոլոր ներմուծվող ուղղություններով ևս հնարավոր է արտադրություններ ստեղծել։ Փոքր բիզնեսի մասով էլ Կարապետյանն առաջարկում է ազատել բոլորին շրջհարկից, որպեսզի այն կարողանա շնչել։ Նա հիշեցրեց, որ միայն 2025 թ. ընթացքում հարկերը կրկնապատկվելու պատճառով մեր երկիրը կորցրել է մոտ 3000 ընկերություն։
Լրագրողները Նարեկ Կարապետյանից նաև հետաքրքվեցին, թե ո՞վ է լինելու կուսակցության վարչապետի թեկնածուն, և արդյոք Սամվել Կարապետյա՞նն է այդ թեկնածուն։ Ի պատասխան Նարեկ Կարապետյանը նաև տեղեկացրեց, որ փետրվարի 12–ին տեղի կունենա «Ուժեղ Հայաստան» կուսակցության համագումարը։ «Համագումարի ժամանակ կհայտարարենք վարչապետի մեր թեկնածուի անունը»,– պատասխանեց Նարեկ Կարապետյանը։ Կարապետյանի խոսքով` առաջիկա ընտրությունները շատ կարևոր են, և եթե որևէ ընդդիմադիր ուժ տեսնի, որ անցողիկ շեմը հաղթահարելու իր հնարավորությունները շատ փոքր են, չպետք է մտնի գործընթացի մեջ ու թույլ չտա, որ իր ձայները կորչեն։ Ըստ նրա` դա ընդդիմադիր դաշտի պայմանավորվածությունների ձևաչափը պետք է դառնա, քանի որ հակառակ դեպքում նրանք կաջակցեն այս իշխանությունների վերարտադրությանը։ «Իշխանության փոփոխությունը ընտրական պրոցեսով փոքր տոկոսների տարբերությամբ է տեղի ունենալու, ամենայն հավանականությամբ, և ընդդիմության կորցրած 3–4 տոկոսն առանցքային նշանակություն է ունենալու այս մեծ փոփոխության համար»,– ընդգծեց Կարապետյանը։ Նա վստահեցրեց, որ այս մասին իրենք ասել են բոլոր ընդդիմադիր ուժերի հետ հանդիպման ժամանակ, որ պետականամետ մոտեցումը պետք է գերիշխի սեփական ամբիցիաների նկատմամբ։ Ինչ վերաբերում է կոալիցիա կազմելուն, ապա, Կարապետյանի խոսքով, «Ուժեղ Հայաստանը» այս պահին քննարկումներ է անցկացնում երիտասարդ ուժերի հետ։
Մանրամասները՝ տեսանյութում: