Ներքին Տեսանյութ 4 ամիս առաջ - 19:56 17-07-2025

Սամվել Կարապետյանի ուժի սկզբունքները, Ալեն Սիմոնյանը բաժանվել է, Փաշինյանի ուղերձը. Ամփոփ լուրեր

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է հուլիսի 17-ի լուրերը՝ Քնարիկ Սահակյանի մեկնաբանությամբ:

Շուրջ մեկ ամիս կալանավորված գործարար և բարերար Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանն այսօր տարածած տեսաուղերձում խոսել է քաղաքական նոր ուժի հիմնական սկզբունքի մասին՝ ուշադրություն հրավիրելով այն բանին, որ երկիրը պետք է կառավարեն մաքուր ձեռքերով պրոֆեսիոնալները: «Ի՞նչն է հիմնական գաղափարը, եթե երկրի կառավարման մեջ կա պրոֆեսիոնալ, ով տիրապետում է գործին, ձեռքերը մաքուր են, նա, չնայած իր քաղաքական հայացքներին, պետք է մեծ դեր զբաղեցնի երկրի զարգացման մեջ», - նշել է նա: Նարեկ Կարապետյանը նշել է, թե հաշվի առնելով հենց արհեստավարժության սկզբունքը, նոր ուժը կարող է ավելի պրոֆեսիոնալ կառավարել: Վերջինս նկատում է, որ ի հեճուկս այս սկզբունքի, բոլոր նախկին ու ներկա իշխանություններն ունեցել են մեկ խնդիր՝ նրանք քաղաքականացրել են պետական կառավարումը: «Որպեսզի դու ունենաս ուժեղ ղեկավար կազմ քո երկրի, դու պետք է ապաքաղաքականացնես երկրիդ որոշում կայացնողներին, այսինքն նախարարությունները պետք է լինեն միայն պրոֆեսիոնալիզիմի հիմքի վրա ստեղծված համակարգեր: Մեր քաղաքական թիմի գործընկերներն էլ գիտեն և հասկանում են, որ հիմնականում գնահատվելու է միայն պրոֆեսիոնալիզմը: Այսպիսի քաղաքականացված պետական ապարատով դու չես կարող հաջողությունների հասնես: Դու պետք է Սփյուռքից ներգրավես լավագույն մասնագետներին, երկրիդ մեջ եղած անգամ ընդդիմության և դիմության լավագույն մասնագետներին և մեծ փորձ ունեցող մարդկանց՝ բիզնեսից», - նշել է Սամվել Կարապետյանի եղբորորդին: Նարեկ Կարապետյանն ասել է նաև, որ բիզնեսի ներկայացուցիչները նույնպես պետք է ներգրավված լինեն պետական կառավարման համակարգում՝ հաշվի առնելով նրանց կառավարչական մեծ փորձը:

Առաջին անգամ խոսելով նոր քաղաքական ուժի թիմի ձևավորման սկզբունքների մասին՝ Նարեկ Կարապետյանն իր այսօրվա տեսաուղերձում անդրադառնում է նաև իրենց օպոնենտների կողմից այդ նոր ուժի դեմ գործադրվելիք կեղծ պայքարի միջոցներին: Ըստ նրա՝ առաջին ֆեյք միջոցը լինելու է այն, որ Ռուսասատանն ուղարկել է Սամվել Կարապետյանին, որպեսզի այստեղ ռուսական ազդեցություն տարածի։ «Երկրորդ ֆեյքը նախկինների հետ առնչությունն է: Երկրի բոլոր ղեկավարները ցանկություն են հայտնել աշխատել հայկական Սփյուռքի կարկառուն ներկայացուցիչների հետ, մեծ ներդրողների հետ: Սամվել Կարապետյանը ևս հրավիրվել է նոր ներդրումներ անելու: Այդտեղ ստեղծվել են հարաբերություններ աշխատանքային և փոխադարձ հարգանքի վրա հիմնված՝ հայրենիքի ղեկավարի և հայրենիքում ներդրում անող գործարարի միջև: Այս հարաբերությունները հարգալից են, սակայն անցած ճանապարհներն ունեն տարբերություններ: Իմ կարծիքով, այն քաղաքական ստրատեգիան, որը հաջողվել է 2000-ականներից մինչ այսօր, չի կարող էֆեկտիվ լինել 2030 թվականին: Մեր բոլոր իշխանություններն ունեցել են մեկ խնդիր. քաղաքականացրել են պետական կառավարումը»,- նշել է նա: Կարապետյանն երրորդ ֆեյքն ավելի շուտ մանիպուլյացիա է որակել։ «Շվեյցարիայում մեր երկրի ղեկավարը հայտարարել է, որ պետք է Սփյուռքը Հայաստանին աջակցող ինստիտուտ էլ չլինի: Նույն էլ, ասում է, որ Հայաստանը Սփյուռքին աջակցող ինստիտուտ էլ չլինի: Սփյուռքն ամեն տարի Հայաստանին ուղարկում է 5 մլրդ դոլար: Դա մեր ՀՆԱ-ի 20-25 տոկոսի չափ է»,- հավելել է նա:

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և Մարիամ Մարգարյանն ամուսնալուծվել են։ Տեղեկությունն առավոտյան Irakanum.am–ն էր հայտնել, որն ավելի ուշ արդեն Ալեն Սիմոնյանը հաստատեց՝ նույն լրատվամիջոցի հետ զրույցում՝ նշելով, որ շատ է ցավում տեղի ունեցածի համար։ Լրատվամիջոցի գրել էր, որ Ալեն Սիմոնյանի և Մարիամ Մարգարյանի ամուսնալուծության գործընթացը տեղի է ունեցել փոխադարձ համաձայնությամբ, նրանք դիմել են ՔԿԱԳ կենտրոն և հայտնել ամուսնալուծվելու ցանկության մասին։ Օրենքի համաձայն՝ նրանց ժամանակ է տրվել գործընթացն ավարտին հասցնելու համար։ Նշենք, որ Ալեն Սիմոնյանի և Մարիամ Մարգարյանի բաժանության մասին արդեն տևական ժամանակ է խոսվում։ Նաև մի քանի տարի է՝ սոցիալական ցանցերում և ԶԼՄ-ներում լուրեր են պտտվում, որ Ալեն Սիմոնյանը սիրավեպ ունի իր ընկերներից մեկի դստեր՝ դերասանուհի Անելյա Գուբրյանի հետ։ Նրանց տարիքային տարբերությունը 20 տարի է։

Նախորդ ուրբաթ կալանավորված երեք անչափահասների մայր Լիանա Հարությունյանի կալանքը փոխվեց վարչական վերահսկողության ու բացակայության արգելքի խափանման միջոցներով: Մեղադրող դատախազը չառարկեց Լիանա Հարությունյանի խափանման միջոցի փոփոխությանը՝ հայտարարելով, թե հաշվի են առնում երեխայի լավագույն շահը: Դատավոր Արշակ Մաթևոսյանը հայտարարեց, թե որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով, որ Հարությունյանն իր խնամքին երեք անչափահաս երեխա ունի: Դատավորը նաև որոշեց վարույթից հեռացնել Լիանա Հարությունյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանին՝ հարգելի չհամարելով նիստից նրա բացակայությունը: Մաթևոսյանը բացատրեց, թե պաշտպանը նախորդ նիստին արդեն իսկ ծանուցվել էր նիստի մասին: Երեք անչափահաս երեխաների, այդ թվում՝ 8 ամսական փոքրիկի մայրը մեղադրվում է Հնդկաստանի 16 քաղաքացիների անօրինական միգրացիան կազմակերպելուն օժանդակելու համար։ Նա կալանավորվել էր անցած ուրբաթ՝ մանկահասակ երեխայի հետ միասին։ Կնոջ կալանքը քննադատության մեծ ալիք էր բարձրացրել: Վերջինիս խափանման միջոցը փոխելու երաշխավորություն էին ներկայացրել ԱԺ ընդդիմադիր մի խումբ պատգամավորներ։

Մանրամասները՝ տեսանյութում: