Ուկրաինայի պաշտոնական «Air Alert» հավելվածը, որն օգտագործվում է հանրությանը սպառնալիքների մասին տեղեկացնելու համար, կիրակի՝ նոյեմբերի 1-ի երեկոյան ենթարկվել է կիբերհարձակման: Օգտատերերը սկսել են կեղծ ահազանգեր ստանալ ճառագայթային և քիմիական վտանգների, ինչպես նաև Կիևում փողոցային կռիվների սպառնալիքի մասին:
Ուկրաինայի ռազմաօդային ուժերն առաջինն էին, որ արձագանքեցին միջադեպին ։ Զինվորականները հայտարարեցին, որ հավելվածը, հավանաբար, ենթարկվել է «թշնամական ազդեցության» և ընդգծեցին, որ «ճառագայթային սպառնալիք չկա»։ Ուկրաինայի պետական արտակարգ իրավիճակների ծառայությունը հայտնեց, որ ազգային նախազգուշացման համակարգը գործում է բնականոն ռեժիմով, և բոլոր սպառնալիքի ազդանշանները փոխանցվում են տարածաշրջանային վարչակազմերին և փողոցային նախազգուշացման համակարգերին։
Մշակողները հետագայում հաստատեցին հաքերային հարձակումը։ «Այսօր չարտոնված անձինք միջամտել են հավելվածի աշխատանքին։ Մենք անջատել ենք push ծանուցումները և ժամանակավորապես կասեցրել հավելվածի աշխատանքը», - հաղորդել են նրանք Telegram-ում՝ կոչ անելով օգտատերերին չսեղմել կասկածելի ծանուցումներից ստացված հղումները։
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը նույնպես գրեթե միաժամանակ հաղորդել է հաքերային հարձակման մասին : Գործակալությունը հայտարարել է, որ իր բջջային հավելվածը ենթարկվել է «զանգվածային կիբերհարձակման», որի արդյունքում հարձակվողները կեղծ տեղեկություններ են ուղարկել օգտատերերին Ռուսաստանի ուղղությամբ ենթադրաբար արձակված միջուկային մարտագլխիկների մասին: Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ մասնագետները աշխատում են խոցելիությունը շտկելու և ծառայության բնականոն գործունեությունը վերականգնելու ուղղությամբ: