Ներքին Տեսանյութ 3 ամիս առաջ - 19:43 18-08-2025

Փաշինյանի ուղերձը, Սամվել Կարապետյանի 60-ամյակի շնորհավորանքները, Միքայել Սրբազանի դատը․ Ամփոփ լուրեր

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է օգոստոսի 18-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

Արձակուրդից վերադարձած Նիկոլ Փաշինյանն այսօր ուղերձով կդիմի ժողովրդին: «Սիրելի ժողովուրդ, այսօր ժամը 18․00-ին հանդես կգամ Ձեզ հասցեագրված ուղերձով»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Փաշինյանը՝ այլ մանրամասներ չհայտնելով։ Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ենթադրում է, որ ուղերձը վերաբերելու է այն հավաքին, որ Փաշինյանը ծրագրում է, կամ համենայն դեպս հայտարարել էր շաբաթներ առաջ՝ Էջմիածնում: «Այս իմաստով, ես տեսնում եմ նաեւ որոշակի սիմվոլիկա, որ մատուցում է Փաշինյանը: Նախօրեին՝ խաղողօրհնեքի, այլ կերպ ասած՝ Աստվածածնի Վերափոխման տոնի կիրակին, նա տեսանյութով ազդարարում է իր մուտքը քաղաք, ասելով, թե արձակուրդից վերադարձավ Երեւան: Չգիտեմ, Փաշինյանը արդյո՞ք փորձել է այդպիսով նաեւ ինչ որ ասոցիացիա առաջացնել Երուսաղեմ Հիսուսի մուտքի հետ»,- գրել է նա։ Բադալյանը չի բացառել, որ Նիկոլ Փաշինյանը կարող է հաշվարկել արտահերթ ընտրության նպատակահարմարություն, հետեւաբար դիտարկել դրան տանող պրոցեսների հնարավորությունը, իսկ եկեղեցու քայլերը կարող են լինել դրա թերեւս «ամենակարճ» ճանապարհը: «Եթե նա դիտարկի այդ տարբերակը, ապա դրան տանող ճանապարհը պետք է անցնի հասարակական-քաղաքական ճգնաժամի միջով, այլապես տարօրինակ կլինի, եթե նա ինքը վերցնի ու հայտարարի արտահերթի գնալու մասին: Պետք է լինի ճգնաժամ, որի «լուծում» կամ որից «ելք» դիտարկվի արտահերթը: Իսկ ճգնաժամի առավելագույն ներուժ կարող է ունենալ հենց եկեղեցու հանդեպ գործողությունների ակտիվացումը, ըստ տրամաբանության»,- գրել է քաղաքական մեկնաբանը՝ ուշադրություն հրավիրով այն բանին, որ սա ոչ թե պնդում է, այլ պարզապես հավանական վարկած։

Այսօր՝ օգոստոսի 18-ին, բարերար Սամվել Կարապետյանի 60-ամյա հոբելյանն է, որը նա անցկացնում է կալանավայրում։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը շնորհավորել է Կարապետյանին՝ նշելով․ «Պատկառելի այս հոբելյանը դիմավորում եք` գտնվելով հանիրավի ազատազրկման մեջ, ի պաշտպանություն մեր Սուրբ Եկեղեցու դրսևորած Ձեր արիասիրտ կեցվածքի և խրոխտ ոգու համար։ Ցավոք, հնարավորություն չունենք Ձեզ այցելելու և անձնապես մեր բարեմաղթանքները Ձեզ փոխանցելու: Սակայն մեր հոգևորականաց և հավատավոր ժողովրդի հետ միասին աղոթքներով Ձեզ հետ ենք։ Տարակույս չունենք, որ ամուր եք հոգով և աներեր՝ Ձեզ բնորոշ հաստատակամության և սկզբունքայնության մեջ»։ Վեհափառ հայրապետն ընդգծել է Կարապետյանի տարիների աշխատանքը, որով նպաստել է Հայաստանում, Արցախում և աշխարհի տարբեր հայկական համայնքներում առկա բազմաթիվ խնդիրների հաղթահարմանը և զարգացման ծավալուն ծրագրերի իրագործմանը։ Նա բարերարին մաղթել է կենաց արևշատություն, արիություն ու ամրություն փորձությունների մեջ, ուժ ու համբերություն՝ Կարապետյան ընտանիքին։

Սամվել Կարապետյանի 60-ամյակը շնորհավորել են Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահները։ «Այսօր իմ ընկեր, ազգային բարերար Սամվել Կարապետյանն իր 60-ամյա հոբելյանը դիմավորում է ընտանիքից, հարազատներից և ընկերներից հեռու՝ ապօրինի կալանավորված լինելով իր դավանած ազգային արժեքները պաշտպանելու համար։ Սամվելը և իրենց Հայրենիքը չդավաճանած բազում այլ հայորդիներ արժանապատվության և ազգասիրության, Հայաստանին և հայ ժողովրդին անմնացորդ ծառայելու վառ օրինակ են, որ չեն հրաժարվում իրենց համոզմունքներից անգամ Հայաստանի և Ադրբեջանի բանտերում գտնվելիս»,- նշված է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում։ Նա Կարապետյանին մաղթել է գալիք բոլոր ծնունդները դիմավորել երազած Հայաստանում։ Yerevan.today-ի փոխանցմամբ՝ Սամվել Կարապետյանի ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Ուղերձի բովանդակությունը լրատվամիջոցը չի հրապարակել։

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը պաշտոնական այցով ժամանել է Հայաստան։ Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Իրանի նախագահի այցի շրջանակում Երևանում օգոստոսի 19-ին կանցկացվի հայ-իրանական գործարար համաժողով։ Փեզեշքիանը Հայաստանից կմեկնի Բելառուս։ Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Փեզեշքիանը Հայաստան և Բելառուս կատարելիք այցերին ընդառաջ հանդիպում է ունեցել իրանցի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, որի շրջանակներում նշել է, որ այցերի ընթացքում կկենտրոնանան իրանական մասնավոր ընկերությունների դերի ուժեղացմանը և նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների, հատկապես համատեղ ներդրումային ծրագրերի առաջմղման վրա։ Կայքը նշում է, որ հանդիպման ընթացքում քննարկումները կենտրոնացած են եղել հիմնական էներգետիկայի, տրանսպորտի, առևտրի, ներդրումների, առողջապահության, շրջակա միջավայրի, գիտության, մշակույթի և զբոսաշրջության ոլորտներում հնարավոր գործակցության վրա։ Իրանի բարձաստիճան պաշտոնյաները քննարկել են նաև Վաշինգտոնում վերջերս ստորագրված հռչակագիրը Թրամփի ուղու ստեղծման վերաբերյալ՝ Իրանի ազգային շահերի պահպանման շեշտադրմամբ։ Քննարկվել են նաև Իրանի և Հայաստանի, ինչպես նաև Իրանի և Բելառուսի միջև կնքվելիք գործակցության համաձայնագրերն ու հուշագրերը՝ կարևորելով դրանց ժամանակին իրականացման անհրաժեշտությունը։ Իրանի նախագահը վերահաստատել է Իրանի հանձնառությունը՝ ընդլայնելու տարածաշրջանային գործակցությունը և ամրապնդելու հարևան երկրների հետ կապերը՝ կառուցողական ներգրավվածության և փոխադարձ օգուտների միջոցով։

Մանրամասները՝ տեսանյութում: