Ներքին Տեսանյութ 1 ամիս առաջ - 20:53 02-10-2025

Փաշինյանը և Ալիևը հանդիպեցին, հերոսները շքանշաններից հրաժարվեցին, Բագրատ Սրբազանի դատը․ Ամփոփ լուրեր

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է հոկտեմբերի 2-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

Այսօր Արցախյան 44-օրյա պատերազմի մի շարք մասնակիցներ բողոքի ակցիա էին իրականացնում Կառավարության շենքի դիմաց։ Նրանք, ի նշան բողոքի, հրաժարվեցին իրենց ստացած գերատեսչական մեդալներից։ «Մենք չենք կարող այս շքանշանները կրել այն պարագայում, երբ ամեն արժեք, ամեն գաղափար, ամեն զոհողություն, որ դրված էր այս շքանշանների հիմքում, զրոյացվել է»,- ասաց ակցիայի մասնակիցներից Արման Պետրոսյանը։ Ակցիայի մասնակիցներից Հովսեփ Ղազարյանի խոսքով՝ Հայաստանի իշխանությունները 2020-ի նոյեմբերի 9-ից հետո անընդհատ զիջումների են գնացել, և որպեսզի ցույց տան իշխանությունների վարած քաղաքականության նկատմամբ անհամաձայնությունը, նրանք որոշել են նման ակցիա իրականացնել։ «Ամենացավալին այն է, որ սկսեցին հրաժարվել մեր ինքնությունից, ազատությունից և պայքարելու իրավունքից։ Դրա պատճառով է, որ այսօր իմ մարտական ընկերների հետ եկել ենք բողոքի ձայն բարձրացնելու։ Մեր մեդալները և շքանշանները վերադարձնելու միջոցով ուզում ենք ասել, որ այս իշխանությունը զբաղված է ապազգային և ապահայկական գործունեությամբ»,- ասաց Ղազարյանը։ Ակցիայի մասնակիցներին կառավարությունից ոչ ոք չընդունեց, նրանք էլ Կառավարության շենքի դիմաց դրեցին իրենց այս տարիների ընթացքում ստացած բոլոր մեդալները, շքանշանները և հեռացան։

Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում հանդիպում են ունեցել։ Հանդիպումը կայացել է Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթաժողովի շրջանակներում։ Կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Փաշինյանն ու Ալիևը ընդգծել են վաշինգտոնյան պայմանավորվածությունների նշանակալիությունը, վերահաստատել պատրաստակամությունը` շարունակելու աշխատանքը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հետագա ամրապնդման ուղղությամբ։ «Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը կարևորել են տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության օգուտները, քննարկել են Ադրբեջանի տարածքում ենթակառուցվածքների զարգացման և Հայաստանի տարածքում «TRIPP» նախագծի իրականացման առաջընթացը՝ մտքեր են փոխանակել Վաշինգտոնի հռչակագրի իրագործման շուրջ»,–ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ այս համատեքստում կողմերը ողջունել են ԵԱՀԿ Մինսկի գործընթացը և դրա հետ առնչվող բոլոր կառույցները։ Կողմերը կարևորել են նաև վստահության ամրապնդման միջոցառումների հետագա իրականացման անհրաժեշտությունը և համաձայնել են շարունակել իրենց շփումները։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում, դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, այսօր շարունակվել է Բագրատ Սրբազանի և «Սրբազան պայքար» շարժման 17 աջակիցների գործով նախնական դատալսումները։ Նիստի հենց սկզբում պաշտպան Հովհաննես Խուդոյանը վարույթով ներգրավված բոլոր հանրային մեղադրողներին բացարկ հայտնեց։ Բացարկի հիմքը հայտնի ձայնագրությունն է, որտեղ Սրբազան շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, շարժման ակտիվիստներ ու մի շարք այլ անձինք են խոսում։ Պաշտպանն ընդգծում է, որ քրեական վարույթի նյութերում առկա է կեղծիք։ «Երկխոսության առանձին հատված դուրս է բերված արձանագրությունից՝ քննարկման բովանդակությունն այլ համատեքստում ներկայացնելու համար»,- նշեց Խուդոյանը։ Նրա խոսքով՝ համատեքստից կտրված բովանդակությունը հետագայում օգտագործվել է ՀՀ ՔԿ պաշտոնական հաղորդագրություններում, ՔԿ նախագահի, գլխավոր դատախազի Հանրային հեռուստաընկերության հետ հարցազրույցներում, ինչպես նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու և ազատազրկելու վերաբերյալ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդությունում։ Խուդոյանն ընթերցեց խոսակցության իրական բովանդակությունը, որը, սակայն, քննիչը լսելուց հետո արձանագրել է, որ «ամեն ինչ լսեց և ճիշտ է արձանագրված», մինչդեռ տարբեր բովանդակություններ են։ Նա հավելեց նաև, որ տեղեկատվությունն այդ փուլում ստանալուց հետո էլ հանրային մեղադրողները որևէ գործողություն չեն ձեռնարկել կեղծիքների հանգամանքները պարզելու և իրենց լիազորությունների շրջանակում արձագանքելու համար։

Իր հերթին Բագրատ սրբազանն էլ հայտարարեց՝ հենց առաջին օրն է ասել, որ մեղադրողները մեղադրող չեն, այլ զրպարտող են։ Սրբազանը 3 հարց ուղղեց հանրային մեղադրողներին՝ պահանջելով պատասխանել և հիմնավորել իրենց պատասխանը։ «Ինչի՞ն է վերաբերում՝ «2 հոգու գյուլլել, 15 հոգու բանտ դնել» արտահայտությունը, երկրորդ՝ ավտոբուս վառելու թեմա կա՞, թե՞ չկա, երրորդ՝ ռուսական հետք կա՞, թե՞ չկա»,- ասաց սրբազանը՝ մեջբերելով այն հայտարարություններն ու շահարկումները, որոնք պարբերաբար իշխանություններն օգտագործում են։ Նա նաև հույս հայտնեց, որ հանրային մեղադրողներն իրենք ինքնաբացարկ կհայտնեն և «այդ քայլով կազատեն իրենց և իրենց սերունդներին ապագա բոլոր դժբախտություններից»։ Նա նաև շնորհավորեց այն դատախազներին, որոնք օրերս պարգևների են արժանացել՝ նշելով, որ դրանով պարտական են իրենց և Միքայել սրբազանին։ Ավելի ուշ՝ շուրջ 3 ժամ տևած քննարկումներից հետո դատավոր Կարեն Ֆարխոյանը մերժեց պաշտպան Հովհաննես Խուդոյանի ներկայացրած միջնորդությունը՝ բացարկ հայտնել հանրային 5 մեղադրողներին։ «Դատարանն այն գտնում է ոչ հիմնավոր և մերժում է»,- հայտարարեց դատավորը։ Նա նաև նշեց, որ նախնական դատալսումների փուլում ապացույցները չեն կարող գնահատվել, դա կարվի հիմնական դատալսումների ժամանակ։

Մանրամասները՝ տեսանյութում: