Միտք Ներքին 8 ամիս առաջ - 09:40 30-09-2025

Ավինյանը ներխուժեց ԿԳՄՍՆ ոլորտ, իշխանությունը ճաքո՞ւմ է 

Երևանի քաղաքապետարանը երեկ՝ սեպտեմբերի 29-ին, ըստ էության՝ պատերազմ հայտարարեց ԿԳՄՍՆ-ին։

ԿԳՄՍՆ-ն այբբենարանում Մեսրոպ Մաշտոցին ներկայացնում է QR կոդով։ Նոր հրատարակվող բոլոր դասագրքերում կան QR կոդեր։ Կրթության փորձագետները բազմիցս են քննադատել այս նորարարությունը, հիմնավորելով, որ ոչ բոլոր աշակերտներն ունեն հեռախոս, պլանշետ, հետևաբար՝ ստեղծվում են անհավասար պայմաններ։ Դրանից զատ՝ ողջամիտ ռիսկ կա, որ QR կոդերը տեսնելու, կարդալու առիթով հեռախոս վերցնող աշակերտի ուշադրությունը կարող է շեղվել դասագրքից, դասից, և նա կարող է զբաղվել հեռախոսով, խաղերով, դասը սովորելու փոխարեն։

ԿԳՄՍՆ-ն հակադարձում էր, որ շարունակելու են նորարարությունը, ավելի են շատացնելու QR կոդերը դասագրքերում։ Ավելին՝ ծրագրեր են մշակում կրթության ընթացքում հեռախոսների, պլանշետների կիրառումն ընդլայնելու ուղղությամբ։ ԿԳՄՍՆ-ի այսպիսի քաղաքականությունը ստիպեց աշակերտներին հեռախոսներով գալ դպրոց։ Հեռախոսը դարձավ կրթական գործընթացի անբաժան մասը։ Իսկ ծնողները հավելյալ ծախսեր էին անում, որ երեխաները նոր, որակյալ հեռախոս, պլանշետ ունենան, QR-ներով լցված դասագրքերից օգտվեն, սովորեն, մարդ դառնան։

Դպրոցները ԿԳՄՍՆ ենթակայության տակ են։ Այն ոչ միայն կրթական հայեցակարգեր է կազմում, դասագրքեր փոփոխում, այլև ամբողջությամբ որոշում է, թե ինչպիսին պետք է լինի դպրոցը։ Օրինակ՝ մեկ ամիս առաջ ԿԳՄՍ նախարարը որոշեց դասերը սկսել ժամը 8։15-ին։ Այսինքն՝ աշակերտներին, կրթական ծրագրերին, դասագրքերին և դպրոցին վերաբերող բոլոր հարցերի, խնդիրների պատասխանատուն ԿԳՄՍՆ-ն է։ Նա է քաղաքականություն որոշում, նա իրավունք ունի որոշելու, թե ով ինչ պետք է անի դպրոցում։

Սակայն սեպտեմբերի 29-ին քաղաքապետարանը, վերազանցելով իր լիազորությունները, ինչպես ասում են՝ «շնորհքով ներխուժեց» ԿԳՄՍՆ ոլորտ։ Երևանի քաղաքապետարանն առաջարկում է սահմանափակել բջջային հեռախոսների օգտագործումը դպրոցներում։ Գործակարգավարական նիստում քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ այս հարցը քննարկվել է նաև մի խումբ ծնողների հետ ու արձագանքը դրական է եղել։

Սա կամայականությո՞ւն է, թե՞ ԿԳՄՍՆ-ն լուծարվել է, ու կրթության ոլորտի քաղաքականությունն այսուհետև որոշելու է Ավինյանը։

Առաջին տպավորությունն այն է, որ իշխանությունը ճաքում է, ոլորտները խառնվում են, ով ինչ կարողանում՝ անում է, որ պետության նավը չխորտակվի։

Շրջանառվում է նաև վարկած, ըստ որի՝ այս նախաձեռնության հեղինակը Նիկոլ Փաշինյանն է։ Որոշ մայրեր իսկապես չեն կարողանում երեխաներին կտրել հեռախոսային խաղերից։ Ենթադրելի է, որ ինչ-որ ծնող խնդրել է Փաշինյանին, որ արգելվի դպրոցներում հեռախոսների կիրառումը։ Փաշինյանն էլ, հավանաբար, մոռացել է, թե ում պատասխանատվության տակ են դպրոցները, և հրահանգ է իջեցրել քաղաքապետ Ավինյանին։ Վերջինս էլ պիոներական պատրաստակամությամբ կատարել է հրահանգը, պարտադիր ընդգծելով, որ հարցը քննարկել են ծնողների հետ։ Մեկ այլ վարկածով՝ Ժաննա Անդրեասյանը հրաժարվել է կատարել Փաշինյանի հրահանգը, և այն իջեցվել է Ավինյանին։

Սա ցույց է տալիս, որ կարևոր չէ, թե ով ինչ պաշտոն է զբաղեցնում, պատասխանատվության ինչ շրջանակ ունի։ Կարևոր է, թե ինչ է հանձնարարում Փաշինյանը։ Ավինյանի այս որոշումը հիմք է ենթադրելու, որ Փաշինյանը կառավարելի քաոս է ստեղծում կառավարման համակարգում, ինչը կարող է քայքայել պետությունն ու ստեղծել անվտանգային լուրջ ռիսկեր։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան