5 տարի առաջ այս օրը՝ 2021 թվականի մայիսի 12-ին, ադրբեջանական զինված ուժերն առաջին անգամ ներխուժեցին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք, ինչը 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի հետ առաջին զինված ընդհարումն էր արդեն ոչ թե Արցախի, այլ Հայաստանի տարածքում։
Վաղ առավոտյան ադրբեջանական ստորաբաժանումները հատեցին պետական սահմանը և առաջացան Սյունիքի մարզի Սև լճի և Իշխանասարի ուղղությամբ՝ մի քանի կիլոմետր խորությամբ մտնելով Հայաստանի տարածք։ Հետագայում ներթափանցումներ արձանագրվեցին նաև Գեղարքունիքի մարզի մի շարք հատվածներում, գերեվարվեցին ու սպանվեցին մի շարք զինծառայողներ։
Թեև ադրբեջանական կողմը տարբեր մակարդակներով փորձեց տեղի ունեցածը ներկայացնել որպես «սահմանների ճշգրտում» կամ քարտեզների հետ կապված գործընթաց, այնուամենայնիվ հայկական կողմը հայտարարեց, որ խոսքը Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժման մասին է։ Նկատենք, որ խորհրդանշական էր նաև ընտրված Հայաստանի Հանրապետության տարածք ներխուժելու օրը։
Մայիսի 12-ը պատահական ամսաթիվ չէր․ 27 տարի առաջ հենց այդ օրը՝ 1994 թվականի մայիսի 12-ին, ուժի մեջ էր մտել Բիշքեքի հրադադարը, որով Արցախյան առաջին պատերազմն ավարտվել էր հայկական կողմի տպավորիչ հաղթանակով։ Տասնամյակներ շարունակ այդ օրը դիտարկվում էր որպես հրադադարի, հարաբերական կայունության և հայկական ռազմական հաղթանակի ամրագրման խորհրդանիշ։
27 տարի անց, սակայն, նույն օրը դարձավ նոր շրջափուլի մեկնարկ։ Շատ փորձագետներ 2021-ին ուշադրություն էին հրավիրում այն հանգամանքին, որ ներխուժումը տեղի ունեցավ ոչ միայն խորհրդանշական ամսաթվին, այլ նաև 44-օրյա պատերազմից ընդամենը կես տարի անց՝ այն շրջանում, երբ Հայաստանի պաշտպանական և քաղաքական համակարգերը դեռ վերականգնման փուլում էին։
2021 թվականի մայիսի 12-ի վաղ առավոտյան ադրբեջանական ստորաբաժանումները ներթափանցեցին Սյունիքի մարզի Սև լճի ուղղությամբ՝ առաջանալով Իշխանասարի և հարակից բարձունքների հատվածներում։ Հայկական կողմի տվյալներով՝ ադրբեջանական զինուժը մի քանի կիլոմետր խորացավ ՀՀ տարածքում՝ փորձելով վերահսկողություն հաստատել ռազմավարական բարձունքների նկատմամբ։
Մի քանի օր անց լարվածությունը տարածվեց նաև Գեղարքունիքի մարզում, հատկապես՝ Վարդենիսի և Սոթքի ուղղություններով, որտեղ ևս արձանագրվեցին ադրբեջանական դիրքային տեղաշարժեր։ Ներխուժման առաջին օրերին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ադրբեջանական զինուժը Հայաստանի տարածք է մտել մի քանի կիլոմետր խորությամբ, սակայն շեշտեց, որ իրավիճակը պետք է կարգավորվի բանակցային ճանապարհով՝ ռազմական բախումներից խուսափելու միջոցով։
Հայաստանի իշխանությունները դիմեցին Ռուսաստանին, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ), ինչպես նաև միջազգային գործընկերներին՝ ակնկալելով արձագանք և անվտանգային աջակցություն։ Սակայն ներքաղաքական դաշտում իշխանության արձագանքը դարձավ քննադատության առարկա․ ընդդիմությունը պնդում էր, որ իշխանությունները բավարար կոշտ չեն արձագանքում Հայաստանի տարածքային ամբողջականության խախտմանը։
Ավելին՝ երբ միջազգային դերակատարները սկսեցին դատապարտել ադրբեջանական ներխուժումը և կոչ անել, որ այդ երկիրն իր զինված ուժերն անհապաղ դուրս բերի Հայաստանի ինքնիշխան տարածքից, Նիկոլ Փաշինյանն առաջարկեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը հայելային կերպով զորքերը հետ քաշեն խնդրո առարկա շրջաններից։
Թեպետ Ադրբեջանն այս առաջարկն էլ մերժեց, որը բնավ չէր բխում Հայաստանի շահերից, այնուամենայնիվ Փաշինյանը սրանով ՀՀ ինքնիշխան տարածքը դարձրեց հակամարտության առարկա, իսկ ադրբեջանական զինուժի ներխուժումը դատապարտող հայտարարություններն ու հորդորները դադարեցին։
Մայիսյան այս ներխուժումից հետո սահմանային իրավիճակը դարձավ մշտական լարվածության աղբյուր։ Նույն տարվա նոյեմբերին Սյունիքի և Գեղարքունիքի ուղղություններով տեղի ունեցան խոշոր բախումներ՝ զոհերով և գերիներով։
Հաջորդ ներխուժումն ավելի լայնամասշտաբ էր․ 2022 թվականի սեպտեմբերի 13-15-ը ադրբեջանական զինված ուժերը հարձակում իրականացրին արդեն Ջերմուկի, Սոթքի, Վարդենիսի, Գորիսի և Կապանի ուղղություններով՝ կիրառելով հրետանի և անօդաչու թռչող սարքեր։
Այսպիսով՝ 2021-2022 թվականների ներխուժումների հետևանքով Ադրբեջանի զինված ուժերը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքից օկուպացրել են շուրջ 200 կմ2 տարածք, որն առ այսօր հրաժարվում են վերադարձնել՝ անգամ հաստատված խաղաղության վերաբերյալ պարբերաբար հնչող պնդումների ֆոնին։
Ցավով պետք է փաստենք, որ վերջին տարիներին մայիսի 12-ը շարունակում է հիշվել ոչ այնքան Բիշքեքի հաղթական հրադադարի օր, որքան որպես մի ամսաթիվ, երբ հետպատերազմյան շրջանում Ադրբեջանը առաջին անգամ ուժով մտավ Հայաստանի ինքնիշխան տարածք՝ ստեղծելով անվտանգության նոր և մինչ օրս չլուծված մարտահրավերներ։
Մերի Հակոբյան
Մերի Հակոբյան