Ներքին 6 ժամ առաջ - 18:00 25-11-2026

Եթե սուտ լուր է, խի՞ դատի չեն տալիս․ 3 օրում 220-240 խոզ է վաճառվել, գնացեք գյուղ, նայեք՝ որտեղ են թաղել անկածներին

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Վերջին օրերին խոզաբուծության և խոզի մսի ներկրման շուկայում լուրջ կրքեր են բորբոքվել։ Ամեն ինչ սկսվեց «Հայկական խոզաբույծների միության» տարածած ահազանգից, ըստ որի՝ Հայաստան է ներկրվել սուր վարակիչ հիվանդություններով խոզերի խմբաքանակ, որը հապճեպ մորթվել և իրացվել է տեղական շուկայում, իսկ Արմավիրի մարզի Լենուղի գյուղում գրանցվել է խոզերի մեծ քանակի անկում։

Այս հայտարարությանը կոշտ արձագանքեց ներկրմամբ զբաղվող «Օջախ Ագրո» ընկերությունը՝ պնդելով, որ տարածվող լուրերը ապատեղեկատվություն են և նպատակ ունեն Ամանորի նախաշեմին արհեստականորեն բարձրացնել տեղական խոզի մսի գինը։

Խնդրի շուրջ պարզաբանում ստանալու նպատակով Oragir.News-ը կապ հաստատեց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ, որտեղից հայտնեցին, որ ահազանգն ուսումնասիրվում է, և արդյունքների պատրաստ լինելուն պես պաշտոնական հրապարակում կլինի։

Հակասական կարծիքների և ներկրողների մեղադրանքների ֆոնին զրուցեցինք «Հայկական խոզաբույծների միության» նախագահ Թովմաս Մարտիրոսյանի հետ՝ պարզելու, թե որքանով են հիմնավոր իրենց պնդումները և ինչու Լենուղի գյուղում տեղի ունեցածի մասին ավելի մանրամասն փաստեր չեն հրապարակվում։

«Ես անձամբ խոսել եմ գյուղի բնակիչների հետ։ Իհարկե, ես մինչև չճշտեմ, չհամաձայնեցնեմ, ո՞նց կարող եմ ինձ նման բան թույլ տալ․․․․ դե թող լռեն ուրեմն, եթե դա բոլորին ձեռք է տալիս, թող բոլորն էլ լռեն»,- նշեց միության նախագահը։

Մարտիրոսյանը հրաժարվեց հստակ թվեր հրապարակել՝ առաջարկելով լրագրողներին անձամբ այցելել համայնք և տեղում համոզվել իրավիճակի լրջության մեջ. «Չեմ կարող ասել․ գնացեք այդ գյուղ, ճշտեք, խնդրում եմ։ Մենք ՍԱՏՄ-ին ենք գրել, վարչապետին ենք գրել, նախարարին ենք գրել, բայց դուրս է գալիս՝ մենք սուտ ենք խոսում։ Դե գնացեք այդ գյուղ, գնացեք նայեք՝ որտեղ են թաղել այդ խոզերը, նկարեք, գյուղացիներից հարցում արեք»։

Խոզաբույծների միության նախագահի խոսքով՝ տեղական ֆերմերներն այսօր լուրջ մտահոգություն ունեն, քանի որ իրենց տնտեսություններում խիստ կանխարգելիչ միջոցառումներ են իրականացնում՝ հնարավոր համաճարակից խուսափելու համար։
«Մենք խոզաբույծներով այդ հարցը բարձրացրել ենք, զգուշացրել ենք, մեր գոմերը կարանտինի տակ են, մենք բոլորս զգուշանում ենք, վախենում ենք, Աստված ոչ անի, դա էլ լինի սուր վարակիչ հիվանդություն»,- ընդգծեց նա։

Անդրադառնալով ներկրող ընկերությունների կողմից հնչող մեղադրանքներին՝ Թովմաս Մարտիրոսյանը նշեց, որ իրենց հրապարակումների տակ հենց ներկրողների աշխատակիցներն են փորձում հերքել տեղեկությունը, մինչդեռ ընդամենը երեք օրվա ընթացքում խանութներում 220-240 խոզի միս արդեն իրացվել է։
««Օջախ Ագրո»-ն իր ողջ անձնակազմով մտնում է հայտարարության տակը գրում է՝ «սուտ նորություն է»։ Եթե սուտ նորություն է, խի՞ դատի չեն տալիս, թող դատի տան։ Այո՛, իրացվել են, խանութներում վաճառվել է այդ միսը։ Չգիտեմ՝ մարդիկ գնել են, չեն կերել, թողել են Նոր տարվան ուտեն, չգիտեմ։ Ես չեմ գնում նման խոզի միս, դրա համար էլ չգիտեմ»,- եզրափակեց միության նախագահը։

Նյութը պատրաստ էր հրապարակման, երբ ՍԱՏՄ-ն հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, որ շրջանառվող լուրը չի համապատասխանում իրականությանը։
«Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն իրականացնում է սահմանային պատշաճ վերահսկողություն՝ պահպանելով ներմուծման համար օրենսդրությամբ սահմանված բոլոր ընթացակարգերը»,- ասվում է հաղորդագրության մեջ։


Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

11:03 Քաղաքի կառավարման ղեկին հայտնվածները որոշել են` ովքեր ունեն 2010 թ.-ից ցածր մեքենա չեն կարողանա մուտք գործել մայրաքաղաք. Գևորգ Ստեփանյան
18:45 Փաշինյանը չպետք է հրաժարական տա ու տուն գնա. նա պետք է դատապարտվի ցմահ ազատազրկման․ Հարութ Սասունյան
14:55 Գերմանիայում հայ ընտանիքի 5 անդամի են տանը մահացած հայտնաբերել
12:30 Տիրադավին պարգևատրեցին, կաթողիկոսի անունը շրջանցեցին. ավագանու անդամը՝ Փաշինյան-Սիոն գործարքի մասին
16:00 Հանրային ճնշումը կհանգեցնի իշխանափոխության
18:00 Եթե սուտ լուր է, խի՞ դատի չեն տալիս․ 3 օրում 220-240 խոզ է վաճառվել, գնացեք գյուղ, նայեք՝ որտեղ են թաղել անկածներին
15:28 Այսօր հայ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է․ Ավոն կդառնար 69 տարեկան
13:30 4.9 միլիոն դրամ՝ վարչապետի խորհրդականի ՀԿ-ին
07:41 Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ «Ժողովուրդ»
10:00 Ինքնիշխանություն՝ ըստ ՔՊ-ի. ՀԿԵ տնօրենների խորհրդում ՀՀ-ն այլևս ներկայացուցիչ չունի