Հայկական խոզաբույծների միությունը գրում է.
Gevorg Papoyan / Գևորգ Պապոյան
Հարգելի՛ հայ սպառող, հարգելի՛ հայ քաղաքացի,
Հայկական խոզաբույծների միությունը ահազանգում և զգուշացնում է. այսօր Հայաստան ամենամսյա ռեժիմով ներկրվում է մոտ 12,000 գլուխ կենդանի խոզ։ Ներկրումից ընդամենը 1-2 շաբաթ անց այդ կենդանիները ենթարկվում են սպանդի՝ սանիտարահիգիենիկ նորմերի ամենակոպիտ խախտումներով, և միսը հայկական շուկայում իրացվում է որպես տեղական արտադրանք։
Ավելին՝ մեզ մոտ առկա են հավաստի տվյալներ և բոլոր փաստերը, որ վերջերս Հայաստանի Հանրապետություն է ներկրվել մեծ քանակությամբ հիվանդ և սուր վարակիչ հիվանդություններով վարակված խոզերի խմբաքանակ, որը հապճեպ ենթարկվել է սպանդի և վաճառվել տեղական շուկայում՝ ուղղակի սպառնալիք ստեղծելով քաղաքացիների առողջության և երկրի անասնագլխաքանակի համար։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ) և նրա ղեկավար Տիգրան Պետրոսյանը, փաստացի աչք փակելով այս ամենի վրա, թաքցնում են իրականությունը և սպասարկում խոզ ներմուծողների շահերը՝ վտանգելով թե՛ տեղական արտադրողին, թե՛ սպառողի առողջությունը։
Մասնավորապես, ներմուծող ընկերություններից «Օջախ Ագրո»-ն և ՍԱՏՄ ղեկավար Տիգրան Պետրոսյանը գտնվում են սերտ կապերի մեջ (ինչպես և մյուս բոլոր խոշոր ներմուծողների հետ)։ Այս հովանավորչության պայմաններում «Օջախ Ագրո»-ի կողմից Հայաստան են ներկրվում մեծ քանակությամբ խոզեր և իրացվում շուկայում՝ բոլոր հնարավոր խախտումներով։ Ընկերության կողմից Մասիսի տարածքում վարձակալած ֆերմայում տեղի են ունենում կոպտագույն խախտումներ, որոնց մասին ՍԱՏՄ ղեկավարը քաջատեղյակ է, սակայն շարունակում է աչք փակել դրանց վրա։
Խնդրում և պահանջում ենք բոլոր հայ քաղաքացիներից և սպառողներից.
Միս գնելիս պարտադիր պահանջե՛ք, որպեսզի գնապիտակի վրա հստակ նշված լինի մսի ծագման երկիրը (որտեղի արտադրանք է)։
Մի՛ թողեք, որ ձեզ խաբեն. պաշտպանե՛ք ձեր առողջությունն ու տեղական գյուղացու քրտինքով ստեղծված արտադրանքը։