Ներքին Միտք 39 րոպե առաջ - 18:45 25-11-2026

Փաշինյանը չպետք է հրաժարական տա ու տուն գնա. նա պետք է դատապարտվի ցմահ ազատազրկման․ Հարութ Սասունյան

Ութ տարի շարունակ հետևելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ անկայուն շարժումներով և պոռթկումներով ուղեկցվող հակահայկական հիստերիկ հայտարարություններին՝ կարծում եմ, որ հայ ժողովրդին այլ ելք չի մնում, քան նրան ձերբակալելը, դատելը և ցմահ ազատազրկման դատապարտելը։ Այս մասին գրում է The California Courier թերթի գլխավոր խմբագիր և հրատարակիչ Հարութ Սասունյանը։

Փաշինյանին չպետք է թույլ տալ պարզապես հրաժարական տալ և հեռանալ։ Նա պետք է անձնական ծանր պատասխանատվություն կրի Հայաստանի թշնամիների հետ համագործակցելու համար, մասնավորապես՝
• Արցախը Ադրբեջանին հանձնելու, ինչի հետևանքով զոհվեցին մի քանի հազար երիտասարդ հայ զինվորներ, իսկ հազարավորները վիրավորվեցին,
• 2021-2022 թվականներից ի վեր Ադրբեջանին թույլ տալու օկուպացնել Հայաստանի Հանրապետության տարածքի մի մասը,
• Հայաստանի սրբազան ազգային խորհրդանիշներն անարգելու,
• Հայաստանի սահմանադրությունն ու հարյուրավոր օրենքներ խախտելու,
• Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ Հայաստանի օրինական պատմական պահանջներից հրաժարվելու։

Անհուսալի վիճակում հայտնվելով և չգտնելով խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների հանրաքվե անցկացնելու հարցի հաստատումն ապահովելու այլ միջոց՝ Փաշինյանը նախորդ շաբաթ նոր հնարք մտածեց։ Նա խորամանկորեն հայտարարեց, որ հրաժարական կտա, եթե Հայաստանի քաղաքացիները հանրաքվեում մերժեն առաջարկվող Սահմանադրությունը՝ պայմանով, որ խորհրդարանը նախ հավանություն տա հանրաքվեի անցկացմանը։ Այնուհետև հավելեց, որ եթե քաղաքացիները հավանություն տան Սահմանադրությանը, ինքը հրաժարական կտա մինչև 2031 թվականը։

Բարեբախտաբար, խորհրդարանական ընդդիմության երկու խմբակցություններն արդեն մերժել են նրա խաբուսիկ առաջարկները, որոնք, ինչպես ինքն էր անմտորեն պնդում, նրանք «չեն կարող մերժել»։

Փաշինյանն այս դատարկ խոստումներն է տալիս մի քանի պատճառով։
Առաջին՝ նրա կուսակցությունը խորհրդարանում չունի հանրաքվե անցկացնելու որոշումը հաստատելու համար անհրաժեշտ ձայների երկու երրորդը։ Սա այն դեպքում, երբ 2026 թվականի հունիսին կայանալիք ընտրություններից առաջ նա զգուշացնում էր, թե եթե իր կուսակցությունը չստանա մանդատների երկու երրորդը, ապա սեպտեմբերին պատերազմ կսկսվի։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պնդել է, որ եթե Հայաստանը չփոխի Սահմանադրությունը և դրա նախաբանից չհեռացնի Արցախի մասին հիշատակումը, ինքը չի ստորագրի բանակցությունների արդյունքում համաձայնեցված խաղաղության պայմանագիրը։

Փաշինյանի քաղաքական ապագան կախված է Ալիևի՝ այդ պայմանագիրը ստորագրելու համաձայնությունից։ Պատճառն այն է, որ Փաշինյանը բազմիցս մոլորեցրել է հայ հասարակությանը՝ պնդելով, թե Ադրբեջանի հետ պատերազմում հայ զինվորներն այլևս չեն զոհվի, եթե հաստատվի այն խաղաղության համաձայնագիրը, որն, իր պնդմամբ, արդեն ձեռք է բերել կամ պատրաստվում է ձեռք բերել։

Առայժմ Փաշինյանին հաջողվել է հասնել միայն նրան, որ երկու կողմերն էլ նախաստորագրեն խաղաղության պայմանագրի նախագիծը։ Այն դեռ ստորագրված չէ, թեև Ալիևն է թելադրել դրա բոլոր 17 հոդվածները։

Անգամ պայմանագրի նախաստորագրումը տեղի ունեցավ Ալիևի վրա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գործադրած մեծ ճնշման պայմաններում։ Թրամփը հուսահատորեն ցանկանում էր արժանանալ Խաղաղության նոբելյան մրցանակին։ 2025 թվականի օգոստոսի 8-ին՝ Սպիտակ տանը Փաշինյանի և Ալիևի հետ նախատեսված հանդիպման նախօրեին, Թրամփը ժամանակից շուտ հայտարարել էր, թե նրանք մեկնում են Վաշինգտոն՝ խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար։

Ալիևը նման պայմանագիր ստորագրելու հարցում շտապելու որևէ պատճառ չունի, քանի որ Փաշինյանից դեռ բազմաթիվ պահանջներ ունի։ Սահմանադրությունը փոխելու պահանջից բացի՝ Ալիևը պահանջում է՝
• թույլատրել Հայաստանից Արցախյան առաջին պատերազմի ժամանակ հեռացած 300 հազար ադրբեջանցիների վերադարձը Հայաստան,
• փոփոխել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը՝ լրացուցիչ տարածքներ զիջելով Ադրբեջանին,
• Ադրբեջանին վերադարձնել Հայաստանի տարածքում գտնվող՝ նախկինում ադրբեջանաբնակ անկլավները,
• Հայաստանից պահանջել տասնյակ միլիարդավոր դոլարների փոխհատուցում՝ Արցախը «օկուպացնելու» հետևանքով պատճառված վնասների համար։

Երկրորդ՝ ողջամիտ մտածողությամբ ոչ ոք չի հավատա Փաշինյանի խոստումներին։ Վերջին 8 տարվա ընթացքում նա հարյուրավոր անգամներ ստել է հասարակությանը։ Այն, ինչ հայտարարում է առավոտյան, կարող է հերքել կամ փոխել արդեն նույն երեկոյան։ Երբ նրան հիշեցնում են իր բազմաթիվ հակասական հայտարարությունների մասին, նա փորձում է ժխտել, թե երբևէ նման բան է ասել։ Նույնիսկ երբ լրագրողները հրապարակում են նրա նախկին հայտարարությունների ձայնագրությունները կամ սոցիալական ցանցերում տարածում իրար հակասող խոսքերի տեսանյութերը, նա կա՛մ ասում է, որ չի հիշում՝ նման բան ասե՞լ է, թե՞ ոչ, կա՛մ փորձում է անհեթեթ բացատրություններ տալ։

Փաշինյանի խոսքի կտրուկ փոփոխությունների ամենահայտնի օրինակը 2019 թվականի օգոստոսի 5-ին Ստեփանակերտում՝ Արցախի հազարավոր հայերի առջև արած հայտարարությունն է. «Արցախը Հայաստան է, և վե՛րջ»։ Մի քանի տարի անց, Արցախը Ադրբեջանին հանձնելուց հետո, նա հակառակ հայտարարությունն արեց՝ պնդելով, որ «Արցախն Ադրբեջանի մաս է»։

Ավելին՝ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ՝ Փաշինյանն իրավունք չուներ Արցախը ճանաչելու Ադրբեջանի կազմում։ Մինչ այդ նա ինքն էր ընդունել, որ Հայաստանի քաղաքացիներն իրեն ընտրել են Հայաստանի, այլ ոչ թե Արցախի վարչապետ։ Հետևաբար, Արցախի՝ Ադրբեջանի կազմում լինելու ճանաչումը և 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ալիևի ու Պուտինի հետ հրադադարի մասին համաձայնագրի ստորագրումը, որի հետևանքով Արցախի շուրջ գտնվող տարածքներն անցան Ադրբեջանի վերահսկողության տակ, Հայաստանի Սահմանադրության կոպիտ խախտումներ են։

Այնուամենայնիվ, Փաշինյանը շարունակում է ելք փնտրել ստեղծված իրավիճակից։
Սկզբում նա հայտարարեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացնի՝ զուր հույսեր փայփայելով, որ այդ ճանապարհով իր կուսակցությունը կստանա անհրաժեշտ երկու երրորդ մեծամասնությունը։ Սակայն երբ կուսակիցները նրան զգուշացրին, որ արտահերթ ընտրությունների արդյունքը կարող է հակառակը լինել, և նա կարող է կորցնել խորհրդարանում նույնիսկ ներկայիս մեծամասնությունը, Փաշինյանը շտապ հրաժարվեց այդ մտքից։

Այնուհետև Փաշինյանը դիմեց իր քաղաքական հակառակորդներին տարբեր ապօրինի միջոցներով սպառնալուն։ Դրանց թվում էին կեղծ մեղադրանքները, ձերբակալություններն ու ազատազրկումը։ Այս ամենի նպատակն էր հարկադրել ընդդիմադիրներին տալ իր կուսակցությանը անհրաժեշտ լրացուցիչ վեց ձայնը՝ հանրաքվե անցկացնելու որոշումը հաստատելու համար։

Հաջորդ քայլով նա հայտարարեց, որ հասարակությանը կոչ է անելու ճնշում գործադրել խորհրդարանական ընդդիմության վրա, որպեսզի վերջինս քվեարկի հանրաքվեի օգտին։ Սա ևս հուսահատ քայլ է։ Խիստ կասկածում եմ, որ նրա կողմնակիցները կարձագանքեն խորհրդարանը շրջափակելու և ընդդիմադիր պատգամավորներին հանրաքվեի օգտին քվեարկել պարտադրելու կոչերին։

Չնայած այս բոլոր քայլերին՝ Փաշինյանին այդպես էլ չի հաջողվել գտնել Սահմանադրությունը փոխելու և Ալիևին գոհացնելու միջոց։

Ամենից շատ դիտված

11:03 Քաղաքի կառավարման ղեկին հայտնվածները որոշել են` ովքեր ունեն 2010 թ.-ից ցածր մեքենա չեն կարողանա մուտք գործել մայրաքաղաք. Գևորգ Ստեփանյան
20:23 Գեղարքունիքի մարզում բախվել են «Hyundai»-ն, «Subaru»-ն և «ՎԱԶ 2107»-ը. կան վիրավորներ
19:36 Ամասիայում՝ նախկին ընդդիմադիրն ընդդեմ նախկին ՔՊ-ականի եղբոր, Աշոցքում՝ ՔՊ-ն առանց մրցակիցների
14:55 Գերմանիայում հայ ընտանիքի 5 անդամի են տանը մահացած հայտնաբերել
20:01 Վանաձորում 55-ամյա վարորդը «Opel Zafira»-ով վրաերթի է ենթարկել 8-ամյա երեխայի
20:17 Հարված` գյուղական ամբուլատորիաներին ու դեղատներին. ուշացող գումարների պատճառով հիվանդներին դեղ չեն տալիս
21:25 Վանաձորում վրաերթի ենթարկված 8-ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է
23:29 Թուրք նախարարը «Զանգեզուրի միջանցքը» անվանել է նաև TRIPP
21:43 «Հայ ժողովուրդ» եզրույթը «ՀՀ ժողովուրդ» ձևակերպմամբ փոխարինելը նշանակում է հրաժարվել հայկական ազգային պետության գաղափարից
12:30 Տիրադավին պարգևատրեցին, կաթողիկոսի անունը շրջանցեցին. ավագանու անդամը՝ Փաշինյան-Սիոն գործարքի մասին