Սպորտ 18 րոպե առաջ - 19:06 25-11-2026

Արթուր Պետրոսյանը աջակցություն է հայտնել ՀՖՖ նախագահի թեկնածու Գևորգ Ղազարյանին

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ և գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը հրապարակայնորեն աջակցություն է հայտնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի թեկնածու Գևորգ Ղազարյանին. գրում է Armsport.am-ը։

Նախկին մարզչի հայտարարությունը հրապարակվել է Ղազարյանի կողմից։ Պետրոսյանը հույս է հայտնել, որ առաջիկա ընտրությունները կանցնեն ազնիվ պայքարում՝ վստահություն հայտնելով, որ Ղազարյանն ու նրա թիմը կարող են առաջ մղել հայկական ֆուտբոլը։

«Չնայած կարիերայիս վերջին մասն անցկացրել եմ Շվեյցարիայում, երբեք անտարբեր չեմ եղել ու չեմ կարող լինել հայկական ֆուտբոլում կատարվող իրադարձությունների նկատմամբ։ Ես ինքս հայկական ֆուտբոլի սան եմ, խաղացել եմ Հայաստանի հավաքականում, եղել եմ թիմի մարզիչը, ներսից տեսել նաև ֆեդերացիայի լավ ու վատ կողմերը։

Շատ մեծ հույս ունեմ, որ ՀՖՖ առաջիկա ընտրությունները կանցնեն ազնիվ և արդար պայքարի պայմաններում։ Շատ լավ եմ ճանաչում Գևորգ Ղազարյանին, միասին հիշվող խաղեր ենք ունեցել, հատկապես ամենահիշարժանը՝ Մոնտենեգրոյի դեմ հանդիպումը։ Հավատում եմ Գևորգ Ղազարյանին և նրա թիմին։ Գիտեմ, թե որքան են ցանկանում, որ հայկական ֆուտբոլը զարգանա և քայլ առաջ անի։ Վստահ եմ՝ դա հնարավոր է։ Գևորգ ջան, քո կողքին եմ, հավատում եմ քո հաղթանակին»,- նշել է Պետրոսյանը։

Արթուր Պետրոսյանը ազգային թիմի նախկին անդամներից հերթականն է, որը սատարում է Ղազարյանին։ Ավելի վաղ իր աջակցությունն էր հայտնել նաև հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին՝ ընդգծելով հայկական ֆուտբոլում փոփոխությունների անհրաժեշտությունը։ Նոյեմբերի 24-ին Ղազարյանի թեկնածությանը սատարող հայտարարությամբ էր հանդես եկել նաև նախկին կիսապաշտպան Լևոն Պաչաջյանը։

Հիշեցնենք, որ ՀՖՖ նախագահի ընտրությունները կկայանան 2026 թվականի դեկտեմբերի 21-ին։ Պաշտոնի համար պայքարում է երկու թեկնածու՝ Գևորգ Ղազարյանը (առաջադրվել է Գյումրիի «Շիրակի» կողմից) և ՀՖՖ նախագահի միջազգային հարցերով խորհրդական Դենիս Ջորկաեֆը (առաջադրվել է «Սյունիքի» կողմից)։

Ամենից շատ դիտված

11:03 Քաղաքի կառավարման ղեկին հայտնվածները որոշել են` ովքեր ունեն 2010 թ.-ից ցածր մեքենա չեն կարողանա մուտք գործել մայրաքաղաք. Գևորգ Ստեփանյան
20:23 Գեղարքունիքի մարզում բախվել են «Hyundai»-ն, «Subaru»-ն և «ՎԱԶ 2107»-ը. կան վիրավորներ
19:36 Ամասիայում՝ նախկին ընդդիմադիրն ընդդեմ նախկին ՔՊ-ականի եղբոր, Աշոցքում՝ ՔՊ-ն առանց մրցակիցների
14:55 Գերմանիայում հայ ընտանիքի 5 անդամի են տանը մահացած հայտնաբերել
20:01 Վանաձորում 55-ամյա վարորդը «Opel Zafira»-ով վրաերթի է ենթարկել 8-ամյա երեխայի
20:17 Հարված` գյուղական ամբուլատորիաներին ու դեղատներին. ուշացող գումարների պատճառով հիվանդներին դեղ չեն տալիս
21:25 Վանաձորում վրաերթի ենթարկված 8-ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է
23:29 Թուրք նախարարը «Զանգեզուրի միջանցքը» անվանել է նաև TRIPP
21:43 «Հայ ժողովուրդ» եզրույթը «ՀՀ ժողովուրդ» ձևակերպմամբ փոխարինելը նշանակում է հրաժարվել հայկական ազգային պետության գաղափարից
12:30 Տիրադավին պարգևատրեցին, կաթողիկոսի անունը շրջանցեցին. ավագանու անդամը՝ Փաշինյան-Սիոն գործարքի մասին