Ամերիկյան «Օռլանդոն», որի կազմում հանդես են գալիս Հայաստանի ազգային հավաքականի նորեկ Հարվի Սարաջյանն ու ֆրանսիացի լեգենդար հարձակվող Անտուան Գրիզմանը, հայտարարել է գլխավոր մարզչի պաշտոնակատար Մարտին Պերելմանի և նրա օգնական Սեբաստիան Սետիի պաշտոնանկության մասին։
40-ամյա արգենտինացի մասնագետը թիմը գլխավորել էր 2026 թվականի մարտին՝ մրցաշրջանի մեկնարկում կրած երեք պարտություններից հետո հեռացած Օսկար Պարեխայի փոխարեն։ Պերելմանի գլխավորությամբ «Օռլանդոն» բոլոր մրցաշարերում անցկացրել է 38 հանդիպում՝ տանելով 17 հաղթանակ, կրելով 13 պարտություն և գրանցելով 8 ոչ-ոքի։ Թիմը հասել է ԱՄՆ-ի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ և դուրս եկել ՄԼՍ-ի փլեյ-օֆֆ, սակայն պայքարից դուրս է մնացել արդեն առաջին փուլում։
«Ակումբի բոլոր անդամների անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Մարտինին և Սեբաստիանին՝ մեր կազմակերպության հանդեպ նվիրվածության և անցումային փուլում դրսևորած առաջնորդական հատկանիշների համար։ Մենք տեսնում ենք տաղանդավոր և տոկուն ֆուտբոլիստների խումբ և մտադիր ենք գտնել այնպիսի գլխավոր մարզչի, որը կօգնի մեզ հասնել մեր նպատակին՝ նոր տիտղոսներ բերել Օռլանդո»,- ասել է ակումբի սեփականատեր և տնօրեն Մարկ Ուիլֆը։
Ակումբի գլխավոր մենեջեր և մարզական տնօրեն Ռիկարդու Մորեյրան նշել է, որ «Օռլանդոյում» գրանցվել է «զգալի առաջընթաց, հատկապես մրցաշրջանի երկրորդ հատվածում», սակայն ակումբում եզրակացրել են, որ հաջորդ քայլի համար անհրաժեշտ է «այլ որակների առաջնորդ»։
Հավելենք, որ «Օռլանդոն» կանոնավոր առաջնությունն ավարտել է Արևելյան կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականում։ 1/16 եզրափակիչում «Ցինցինատիի» դեմ խաղում թիմը 26-րդ րոպեին բացել է հաշիվը Մարտին Օխեդայի գոլի շնորհիվ, սակայն ի վերջո պարտվել է 1-3 հաշվով՝ երկու գնդակ բաց թողնելով Էվանդերից (43-րդ և 50-րդ րոպեներ) և մեկ գոլ՝ Սեմյուել Գիդիից (85-րդ րոպե)։
Armsport