Ողբերգական ելքով ճանապարհատրանսպորտային պատահարները անտարբեր չեն թողնում ոչ ոքի։ Վթարների պատճառները հաճախ կապվում են վարորդների անփութության, ճանապարհային երթևեկության կանոնների խախտման և վերահսկողության բացակայության հետ։ Արդյո՞ք այս իրավիճակի համար պատասխանատվություն պետք է կրի նաև կառավարությունը, նա հնարավորություն ունի՞ նվազեցնելու վթարների քանակը։
Oragir.News-ը Երևանի փողոցներում հարցում է անցկացրել՝ պարզելու, թե քաղաքացիների կարծիքով՝ կառավարությունը պատասխանատվություն կրո՞ւմ է ճանապարհատրանսպորտային պատահարների համար, և գործադիր իշխանությունը կարո՞ղ է կանխել կամ նվազեցնել վթարները։
Հարցվածներից մեկի խոսքով՝ վթարների համար առաջին հերթին պատասխանատու է կառավարությունը։ Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե քանի դեռ ավտոմեքենաներ կան՝ վթարներ լինելու են, քաղաքացին նշեց, որ ընդհանրապես չի լսում Փաշինյանին։
Մեկ այլ քաղաքացու կարծիքով՝ կառավարությունը վթարների համար պատասխանատվություն չի կրում, քանի որ եթե վարորդները կարգ ու կանոնով վարեն, բնականաբար, վթարներ չեն լինի։ Հարցին՝ արդյոք անհրաժեշտ չէ խստացնել օրենքները, քաղաքացին պատասխանեց, որ արդեն այնքան օրենք կա, և նոր օրենքների անհրաժեշտություն չի տեսնում։
Քաղաքացիներից մեկն էլ հավելեց, որ վթարների համար, իհարկե, կառավարությունն է պատասխանատու, և պետք է քայլեր ձեռնարկվեն դրանց թիվը նվազեցնելու համար։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է ուժեղացնել վերահսկողությունն ու խստացնել օրենքները, սակայն, ցավոք, լրացուցիչ քայլեր չեն ձեռնարկվում։
Մանրամասները՝ տեսանյութում։