Ուղիղ եթեր
Ներքին 1 ժամ առաջ - 12:00 06-11-2026

Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

Անպատասխանատվությունն ինքնասիրության բացակայության ցուցիչ է։ Անգործությունը անպատասխանատվության հետևանքն է։ Բանակում ինքնասպանության դեպքերի բացատրությունը Նիկոլ Փաշինյանին չի բավարարում։ Այդ մասին նա հայտարարել է երեկ ճեպազրույցում։ Իսկ ի՞նչ է անում իշխանությունը, որ մեղավորները պարզվեն և դեպքերը նվազեն։

«Մենք ունենք դեպքեր, երբ մարդը հակված է ինքնասպանության, նրան ինքնասպանություն են քարոզում։ Վերջին դեպքում անձի մարմնին դաջվածքներ են հայտնաբերել։ Մասնագետներն ու հոգեբաններն ասում են, որ նման դաջվածքներ անում են ինքնասպանության հակված մարդիկ»,- նոյեմբերի 3-ին՝ խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հայտարարել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը։

Սա ուշագրավ բացահայտում է, որը վեր է հանում հանցավոր անգործության բազմաթիվ դրվագներ։

Բանակում հոգևոր ծառայություն էին իրականացնում գնդերեցները։ Երբ զինծառայողը ուզում էր աղոթել, խոստովանել կամ պարզապես զրուցել Աստծո մասին, ապա գնդերեցները տեղում էին, բավարարում էին զինծառայողների հոգևոր պահանջները։ Մեր Հայ առաքելական սուրբ եկեղեցու ճշմարիտ հավատացյալը չի դիմում ինքնասպանության։ Մեր եկեղեցու դավանաբանությամբ դա աններելի մեղք է։ Հոգևոր ճշմարիտ զրույցը կարող էր հեռու պահել զինծառայողին այդ աններելի հանցանքից։ Պարզ ասած՝ բանակում գնդերեցները ստեղծում էին ներքին խաղաղ միջավայր, որտեղ չէին կարող ծաղկել աղանդները՝ հանգեցնելով ինքնասպանության։

ՔՊ-ական իշխանությունների անպատասխանատու և անհաշվենկատ որոշմամբ գնդերեցները հեռացվել են բանակից, և այնտեղ հիմնավորվել են աղանդները, որոնք սխալ բաներ են քարոզում ու մարդուն դրդում ինքնասպանության։ Գնդերեցներին բանակից հեռացնելու որոշման հեղինակն ու կատարողները գիտակցո՞ւմ են իրենց որոշման ողբերգական հետևանքները։ Ինչ-որ մեկը պատասխանատվության կենթարկվի՞, որ բանակում աղանդներն ազատորեն գործում են և մարդուն դրդում ինքնասպանության։

Քննչականի պետը խոսում է նաև ինքնասպան եղած զինծառայողների մարմիններին առկա դաջվածքների մասին։ «Մասնագետներն ու հոգեբաններն ասում են, որ նման դաջվածքներ անում են ինքնասպանության հակված մարդիկ»,- ասում է բարձր պաշտոնյան։ Քննչական կոմիտեն քանի՞ հոգու է ներգրավել այս դրվագով։

Բանն այն է, որ զինծառայողները ծառայության մեկնելուց առաջ ռազմաբժշկական հանձնաժողովի կողմից զննության են ենթարկվում։ Հանձնաժողովը զննության արդյունքում եզրակացություն է տալիս զինծառայության պիտանի կամ ոչ պիտանի լինելու վերաբերյալ։ Մասնավորապես՝ եթե զինակոչիկի կամ պայմանագրային ծառայության մեկնողի մարմնին նկատում են այնպիսի դաջվածքներ, որոնք անում են ինքնասպանության հակված մարդիկ, ապա նրան ուղղորդում են հոգեբուժարան, որ հոգեբույժները ճշգրիտ ախտորոշեն, թե դաջվածք արած քաղաքացին ինքնասպանության հակում ունի՞, թե՞ ոչ։

Ինքնասպան եղած զինծառայողին պիտանի ճանաչած ռազմաբժշկական հանձնաժողովի նախագահը, հոգեբույժը հարցաքննվե՞լ են ինքնասպանությունների գործերի շրջանակում, նրանց անգործության կամ ոչ պիտանի քաղաքացուն ծառայության ուղարկելու դրվագով քննություն եղե՞լ է։

Իսկ եթե ինքնասպանություն կատարած զինծառայողն այդ դաջվածքն արել է զինծառայության ընթացքում, ապա պատասխանատու են այդ զինծառայողի ավագ սպաները։ Եթե սպաները, հրամանատարները չեն նկատել, որ զինծառայողն այդպիսի դաջվածք է արել, կամ նկատել են ու բանի տեղ չեն դրել, ապա Քննչական կոմիտեն կարող է նրանց կասկածել հանցավոր անգործության մեջ, որը հանգեցրել է ողբերգական հետևանքների։ ՔԿ-ն քանի՞ սպայի է քննել այս դրվագով։

Կարճ ասած՝ ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը իր հայտարարությամբ ցույց է տվել, որ բանակում ինքնասպանությունների գործերում բազմաթիվ անձինք կարող են ներգրավվել անգործության և անպատասխանատվության դրվագներով։ Հարցն այն է, թե ՔԿ-ն կփորձի՞ բացահայտել ողբերգության այդ կասկածյալներին, թե՞ ինքն էլ անգործություն և անպատասխանատվություն կցուցաբերի, կպարտակի ողբերգության մեջ ենթադրյալ մեղավորներին։



Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
13:19 Առաջիկա օրերին սպասվում է ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով
13:26 9 մարդու կյանք խլած վթարի վայրում ճանապարհը գծանշված է եղել․ Խուդաթյանը պարզաբանում է ներկայացրել
22:58 Ուշիի վթարի զոհերից է բռնցքամարտի Եվրոպայի 22-ամյա չեմպիոն Էրիկ Մխոյանը
16:00 Ալիևի սահմանադրությունն արժի 64 մլրդ դրամ. վերջին ընդդիմադիրը
17:15 Ովքեր էին Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածներն ու վիրավորները. նոր մանրամասներ
18:00 «Ճշտով» կատարված գնումները․ շեֆի ավտոն ուշ են լվացել, պայմանագիրը լուծվել է
08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:49 Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը դադարեցվում է. ինչ է լինելու բուժանձնակազմի հետ
18:48 Մեր պայքարը ոչ միայն Սամվել Կարապետյանի համար է, այլև հայ ազգի ու պետականության. Հայկ Ֆարմանյան