Շիրակի մարզի գյուղական բնակավայրերում անասնապահությամբ զբաղվելը գնալով ավելի դժվար ու ծախսատար է դառնում։ Գյուղացիները բախվում են մի շարք խնդիրների՝ անասնակերի ձեռքբերումից մինչև կենդանիների մորթի և մսի իրացման հետ կապված խոչընդոտներ։
Արդյունքում՝ տարիներ շարունակ գյուղացիների ապրուստի հիմնական միջոցը համարվող անասնապահությունն այսօր շատերի համար ոչ թե եկամտի, այլ լրացուցիչ ծախսերի աղբյուր է դարձել։
Շիրակի մարզի Աշոցք խոշորացված համայնքի Թավշուտ գյուղի բնակիչ Մոնթե Մուրադյանը
Oragir.News-ի հետ զրույցում ասում է, որ ստեղծված պայմաններում նույնիսկ մեկ անասուն մորթելը գյուղացու համար կրկնակի ծախս է դառնում։
Նրա խոսքով՝ մորթի հետ կապված ծախսերն ու առաջացած խնդիրներն այնքան շատ են, որ հաճախ ստացված օգուտը չի արդարացնում կատարված ծախսերը։ Գյուղացին նշում է, որ անասնապահությամբ զբաղվելն այսօր դարձել է ոչ շահավետ։
Գյուղացին նախ պետք է կարողանա հոգալ անասունների կերի ծախսերը, ապա մտածի դրանցից եկամուտ ստանալու մասին։ Մյուս կողմից՝ մորթի կազմակերպման հետ կապված խնդիրները լրացուցիչ բեռ են ստեղծում։ Թավշուտի բնակիչների բարձրացրած խնդիրը նոր չէ։
Հիշեցնենք՝
Oragir.News-ը երեկ անդրադարձել էր նույն գյուղի բնակիչ Արմեն Հարությունյանի ահազանգին։ Վերջինս պատմել էր, որ անասունի ոտքը կոտրվելուց հետո որոշել էր մորթել այն և միսը բաժանել հարազատներին, սակայն, իր պնդմամբ, պարեկները վերցրել էին միսը։
Գյուղացին նաև
դժգոհել էր, որ տարածքում սպանդանոց չկա, և հարց բարձրացրել՝ նման պայմաններում գյուղացին որտե՞ղ պետք է մորթի իր անասունը։
Փաստացի, գյուղացիները հայտնվել են մի իրավիճակում, երբ անասնապահությամբ զբաղվելը գնալով դժվարանում է, իսկ խնդիրների լուծման բացակայությունը նրանց ստիպում է վերանայել տարիներ շարունակ իրենց ընտանիքների ապրուստն ապահոված զբաղմունքը։
Մանրամասները` տեսանյութում։
Անահիտ Չալիկյան