Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 56 րոպե առաջ - 20:00 06-11-2026

Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Հայաստանում ակտիվ քննարկվում է Պաշտպանության նախարարության ներկայացրած օրենսդրական նոր նախագիծը, որով առաջարկվում է զգալիորեն ընդլայնել Ռազմական ոստիկանության լիազորությունները։

Կառույցին հնարավորություն է տրվելու իրականացնել հեռախոսային ու թվային հաղորդակցության վերահսկում (գաղտնալսում) և օպերատիվ նպատակներով ստեղծել «կեղծ կազմակերպություններ»։

Oragir.News-ի հետ զրույցում ԱյԹի ոլորտի մասնագետ Սամվել Հայրապետյանը` անդրադառնալով նախագծին, նշում է, որ ժամանակակից պայմաններում պետության տեխնոլոգիական կարողությունների զարգացումն անհրաժեշտություն է. «Ընդհանուր առմամբ, դրական եմ գնահատում Պաշտպանության նախարարության այս նախաձեռնությունը։ Ժամանակակից մարտահրավերների պայմաններում ուժային կառույցների տեխնոլոգիական ու օպերատիվ կարողությունների զարգացումը ոչ միայն արդիական, այլև անհրաժեշտ գործընթաց է։

Պետք է հասկանանք, որ հանցավոր գործունեությունը վաղուց դուրս է եկել ավանդական մեթոդների շրջանակներից։ Թվային հաղորդակցությունը, գաղտնագրված կապի միջոցներն ու սոցիալական հարթակները կարող են օգտագործվել նաև հանցագործությունների կազմակերպման, համակարգման և հետքերը թաքցնելու նպատակով։

Հետևաբար, տրամաբանական է, որ պետությունն իր իրավապահ ու անվտանգային կառույցներին տրամադրի ժամանակակից սպառնալիքներին համարժեք իրավական ու տեխնիկական գործիքակազմ։

Զինված ուժերի պարագայում խնդիրը միայն առանձին հանցագործությունների բացահայտումը չէ. խոսքը հիմնականում բանակի ներքին անվտանգության, զինծառայողների պաշտպանության, ռազմական կարգապահության և, ի վերջո, երկրի պաշտպանունակության մասին է»։

Մասնագետի պնդմամբ՝ քանի որ բանակն ինքնին փակ կառույց է, տրամաբանական է, որ հենց Ռազմական ոստիկանությունը պետք է ունենա հանցագործությունների թվային բացահայտման գործիքները, քանի որ քաղաքացիական ոստիկանությունը չունի համապատասխան լիազորություններ։

Հաշվի առնելով Հայաստանի վրա պարբերաբար տեղի ունեցող կիբերհարձակումները՝ մտահոգություններից մեկն այն է, թե արդյոք հավաքագրված գաղտնի ձայնագրություններին ու նամակագրություններին չե՞ն տիրանա ադրբեջանական հատուկ ծառայությունները։

Սամվել Հայրապետյանը փաստում է, որ բացարձակ պաշտպանված համակարգեր աշխարհում պարզապես գոյություն չունեն, սակայն դա չպետք է կանգնեցնի պետության զարգացումը. «Աշխարհում գոյություն չունի որևէ համակարգ, որը 100%-ով պաշտպանված է. դա բացառված է և վաղուց ապացուցված փաստ։ Ինչ վերաբերում է Հայաստանի դեմ կիբերհարձակումներին, ապա ներկայումս աշխարհի բոլոր երկրներն էլ թիրախավորվում են։ Թե ինչու են դրանք վերջին շրջանում զգալիորեն ակտիվացել, այլ քննարկման թեմա է։ Ես շեշտում եմ հենց այն հանգամանքը, որ համակարգերից պետք է կարողանան ճիշտ օգտվել։ Անհրաժեշտ է անել առավելագույնը, որպեսզի թե՛ փաստարկները, թե՛ գաղտնալսումներն ու ձեռք բերված ապացույցները մնան բացարձակապես պաշտպանված տիրույթում և որևէ պարագայում հանրայնացման կամ արտահոսքի վտանգ չստեղծվի»։

Որպես օրինակ մեր զրուցակիցը հիշատակում է ԱՄՆ դաշնային դեպարտամենտի գաղտնի կառույցներից մեկի ծառայողների տվյալների վերջին խոշոր արտահոսքը՝ հավելելով, որ մարդկային գործոնի պատճառով աշխարհում ոչ մի երկիր ապահովագրված չէ։

Սակայն, նրա ձևակերպմամբ, «ժամանակակից պետությունը չի կարող 21-րդ դարի թվային սպառնալիքներին արձագանքել բացառապես անցյալ դարի օպերատիվ գործիքներով»։

Հասմիկ Մովսիսյան