Հումորը թեթևացնում է կյանքը։ Այն մարդու մտավոր զարգացման ցուցիչ է։ Սակայն ազգային, քաղաքական, կարևոր հարցերում, մարդկային կամ սոցիալական ողբերգություններին առնչվող խոսույթում հումորն անտեղի է, երբեմն վիրավորական։ Բռնապետներն են հաճախ հումոր անում, հատկապես՝ երբ հարցը վերաբերում է քաղաքական պատասխանատվությանը, մարդու իրավունքներին, ժողովրդավարությանը։ Օրինակ՝ Վենեսուելայի նախկին ղեկավար, տխրահռչակ Նիկոլաս Մադուրոն հաճախ էր տափակ հումոր անում, երբ հարցը վերաբերում էր սոցիալական ծանր խնդիրներին, երկրում խորացող աղքատությանը, գործազրկությանը, Վենեսուելայի հակաքաղաքակրթական ուղեգծին։
Նիկոլ Փաշինյանը ևս հաճախ է հումոր անում լուրջ թեմաների քննարկման ժամանակ։ Փիլիսոփայության դոկտոր, հաղորդակցության գիտությունների պրոֆեսոր Յորգ Մաթեսը մի քանի ուսանելի հոդված ունի, որտեղ ուսումնասիրում է, թե քաղաքական ելույթներում հումորն ինչպես կարող է շեղել լսարանի ուշադրությունը բուն թեմայից։
Փաշինյանը, հավանաբար, սերտել է այս հնարքը։ Այն հերթական անգամ դրսևորվեց նոյեմբերի 5-ին Կառավարության նիստից հետո ճեպազրույցում։ Լրագրողի հարցը վերաբերում էր ողբերգական ավտովթարների վիճակագրությանը, որը չի նվազում։ Լրագրողը հարցնում է, թե ի՞նչ է անում կառավարությունը, որ մարդիկ չմահանան ճանապարհներին, արդյո՞ք կառավարությունում կա ավտովթարների պատճառների վերլուծություն, ուսումնասիրություն, զսպելու ի՞նչ մեխանիզմներ են իրականացվում։
Ցավոտ հարց է։ Սակայն Փաշինյանը անհարկի ընդհանրացում է անում։ «Քանի դեռ կան ավտոմեքենաներ, ավտովթարներ տեղի են ունենալու, և աշխարհի բոլոր երկրներում տեղի են ունենալու, տեղի են ունենում»,- ասում է նա։
Ի՞նչ է սա՝ տափակ հումո՞ր, թե՞ խնդիրը անլրջացնելու փորձ։
Առաջին հայացքից՝ սա տափակաբանություն է։ Սակայն մարդու ծիծաղը չի գալիս, քանի որ հարցը վերաբերում է մարդկային, սոցիալական ողբերգություններին։ Թեև Փաշինյանը այս տափակաբանությունից հետո կարևոր տեղեկություններ է փոխանցում, թե աշխատանքային խումբ ունեն երթևեկության անվտանգությունը բարձրացնելու նպատակադրմամբ, և բացի աշխատանքային խմբից՝ նաև ինստիտուցիոնալ կառույցներ ունեն, որ այդ ուղղությամբ աշխատում են և պետք է աշխատեն։ Սակայն նրա նախորդ խոսքը անլրջացնում է հետո ասվածը։ Եվ լսողն արդեն լուրջ չի վերաբերվում խնդրին։
Նշենք, որ աշխարհում կան երկրներ, որտեղ ավելի շատ մարդիկ են զոհվում ավտովթարից։ Եվ կան երկրներ, որտեղ քիչ են զոհվում, քան Հայաստանում։ ՀՀ ՆԳ նախարարության պաշտոնական տվյալներով՝ 2025-ին 4784 պատահար է գրանցվել, որոնց հետևանքով զոհվել է 283 մարդ, 1 մլն բնակչի հաշվով մոտ 92 զոհ: Վրաստանում ավելի վատ է. 2025-ին գրանցվել է 469 զոհ, 1 մլն բնակչի հաշվով՝ 126 զոհ։ Սինգապուրում 2023-ին 1 միլիոն բնակչի հաշվով 14 զոհ է եղել ավտովթարներից, Նորվեգիայում՝ մոտ 20 զոհ 1 մլն բնակչի հաշվով, Իսլանդիայում՝ մոտ 22 զոհ։ Գուցե այս երկրներում աշխարհիկ և հոգևոր իշխանությունները ոչ միայն աշխատանքային խմբեր են ստեղծում, այլև լուրջ են վերաբերվում խնդրին և հասնում այսպիսի ցածր թվերի։ Իսկ Հայաստանում, հավանաբար, հիմնականում զբաղված են ընդդիմադիրներին ճնշելով։ Եվ ժամանակ էլ չկա պատահարների և զոհերի քանակը կրճատելու մասին մտածելու։
Համակարգում տիրող անլրջության ցուցիչ է նաև չափանիշների բացակայությունը։ Օրինակ՝ որոշ ավտոմեքենաների վրա դրվում են չինական անորակ, էժան լույսարձակներ, որոնք կուրացնում են դիմացից եկող մեքենայի վարորդին, ինչն էլ երբեմն ավտովթարի պատճառ է դառնում։ Ո՞վ պետք է ստուգի, թե ավտոմեքենայի լուսարձակները ստանդարտին համապատասխանո՞ւմ են, որակյա՞լ են, կա՞ ռիսկ, որ դրանք վթարի պատճառ կդառնան։
Կարճ ասած՝ Փաշինյանի անհարկի ընդհանրացումը հարգալից չէ հանրության, հատկապես՝ ավտովթարներից տուժածների, զոհերի հարազատների հանդեպ։ Այսպիսի մոտեցումը ոչ միայն անլրջացնում է թեման, այլև սխալ ազդակ է ուղղում աշխատանքային խմբին ու ինստիտուցիոնալ կառույցներին, թե այս հարցում կարող են անգամ չերազել Սինգապուրին կամ Նորվեգիային հասնելու մասին։ Հակառակը՝ կարող են մատը մատին չտալ ու մի բան էլ լավ զգալ, որ Վրաստանի համեմատ՝ լավ վիճակում ենք։
Թաթուլ Մկրտչյան