Առավոտյան պիկ ժամերին Երևանի մետրոպոլիտենի կայարաններում և վագոններում տիրող գերբեռնվածությունը շարունակում է մնալ մայրաքաղաքի ամենացավոտ խնդիրներից մեկը։
Քաղաքացիները պարբերաբար ահազանգում են, որ ստիպված են լինում բաց թողնել մի քանի գնացք՝ վագոններում ֆիզիկապես տեղ չլինելու պատճառով։ Մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Աննա Ասլանյանը
Oragir.News-ի հետ զրույցում նշեց, որ այս պահի դրությամբ հնարավոր առավելագույնն արվում է ուղևորափոխադրումը սպասարկելու համար. «Վագոնային պարկն ինչ կա՝ ամբողջությամբ գծերում է, երթևեկության մեջ»,- ասաց նա։
Ասլանյանը չի հերքում, որ մետրոյի վագոններն արդեն տարիների պատմություն ունեն և բավականին մաշված են, այդ իսկ պատճառով պարբերաբար ստուգումների են ենթարկվում․ «Որոշակի կիլոմետր անցնելուց հետո վագոնները պարտադիր գնում են դեպո՝ տեխնիկական ստուգման։ Դա պարտադիր է, դա անվտանգության հետ է կապված»։ Ընդ որում, ստուգումները կախված չեն կոնկրետ ժամային գրաֆիկից, այլ իրականացվում են բացառապես ըստ անցած կիլոմետրաժի»։
Իսկ թե երբ է նախատեսվում ավելացնել վագոնների քանակը շարժակազմերում, Աննա Ասլանյանը նշեց, որ այդ հարցը մշտապես գտնվում է ղեկավարության ուշադրության կենտրոնում:
«Քննարկումներ լինում են, քննարկվել է նաև քաղաքապետարանի գործակարգավարական նիստերի ժամանակ, պարոն Սեդրակյանը (մետրոպոլիտենի տնօրենը-խմբ․) ամեն ինչ անում է, որ գործընթացը արագացնի, սակայն խնդրի արագ լուծման գլխավոր խոչընդոտը հսկայական ֆինանսական միջոցներն են։ Մեկ վագոնը մոտավորապես 2 միլիոն եվրո արժի»,- նշում է մեր զրուցակիցը։
Թեև մետրոյի ներկայացուցիչը հստակ ժամկետներ չկարողացավ նշել, թե երբ գծերում կհայտնվեն հաջորդ ավելացված վագոնները, այնուամենայնիվ, հույսի նշույլներ կան։ Նրա խոսքով՝ Կառավարության ներդրումային հիմնադրամի նիստում ևս քննարկվել է համապատասխան գումար հատկացնելու հարցը։
«Թե երբ կլինի՝ այս պահի դրությամբ հստակ ոչինչ դեռ չեմ կարող ասել, գիտեմ, որ քննարկումները ակտիվ ընթանում են»,- եզրափակեց Աննա Ասլանյանը։
Հասմիկ Մովսիսյան