Ներքին 1 ժամ առաջ - 16:50 14-10-2026

Ինչպես կարմիր գծերի 2․1 մլրդ-ը բաշխեցին իրենց մեջ, այնպես էլ խցանումների հարցը կլուծեն

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Երևանի քաղաքային իշխանությունների նոր նախագիծը, որով նախատեսվում է մարզերից եկող մեքենաները կանգնեցնել մայրաքաղաքի մուտքերի մոտ, հերթական ֆինանսական թակարդն է քաղաքացիների համար։ Թե ինչու է խցանումների դեմ պայքարի պատրվակով իրականում իրականացվում հերթական թանկացումը և ինչպես է այն հարվածելու հատկապես մարզերից եկող ուսանողների գրպանին, Oragir.News-ի հետ զրույցում, Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը նշում է, որ այս նախագծի շուրջ քաղաքային իշխանությունները՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և նրանց աջակցող կոալիցիոն ուժերը, մտածում ու ծրագրեր են մշակում արդեն շուրջ 2-3 ամիս։

Հարցին, թե արդյոք այս քայլով կլուծվի՞ մայրաքաղաքի խցանումների խնդիրը, «Մայր Հայաստան» խմբակցության անդամը բացասական պատասխան տվեց՝ զուգահեռներ անցկացնելով նախկինում արված թանկացումների հետ․ «Ինչպես և կարմիր գծերը 12 000 դրամից դարձրեցին 160 000 դրամ՝ խաբելով, թե խցանումների համար են անում։ Դատարանը ճանաչեց իրավաչափ, 2 մլրդ 100 մլն հավաքագրեցին, և տեսանք, որ այդ 2 միլիարդ 100 միլիոնը բաշխում են իրենց մեջ․ փոխքաղաքապետը, քաղաքապետերը մոտ 2 միլիոն աշխատավարձ են հունվարի 1-ից ստանալու»,- հայտարարեց Ստեփանյանը։
Ըստ նրա՝ խցանումների հարցը չի լուծվելու, փոխարենը մարզերի բնակիչներին սպասվում է ժամանակի կորուստ, նյարդային համակարգի խախտում և ֆինանսական լուրջ հարված։

Ավագանու անդամը կոնկրետ հաշվարկով ներկայացրեց, թե ինչպես է նոր կարգը դատարկելու քաղաքացիների, հատկապես ուսանողների գրպանները։

«Եթե նախկինում ուսանողը մարզից 300 դրամով գալիս հասնում էր Մաշտոցի պողոտա և ոտքով գնում, օրինակ, Թատերական ինստիտուտ, ապա այսուհետ նա ստիպված է լինելու կրկնակի վճարել․ Մարզային տրանսպորտով հասնել միայն Երևանի մուտքի մոտ (300 դրամ), մուտքից մինչև բուհ հասնելու համար վճարել ներքաղաքային տրանսպորտին (150 դրամ)։ Երեկոյան նույն սկզբունքով հետ վերադառնալ (ևս 150 դրամ)։ Արդյունքում՝ օրական 300 դրամ ծախսող ուսանողի միայն տրանսպորտային ծախսը կրկնապատկվելու է՝ դառնալով 600 դրամ»,- կանխատեսում է բանախոսը։

Իսկ թե քաղաքի մուտքերի մոտ արդեն պատրա՞ստ են համապատասխան կայանատեղիները, Գևորգ Ստեփանյանը փաստեց, որ Երևանում ոչ մի նոր կայանատեղի կամ էստակադաշրջանցում չի կառուցվել։ Իշխանությունները պարզապես տեղադրելու են տեսախցիկներ, մարդկանց ստիպելու են կայանել որտեղ պատահի՝ խոստանալով, որ «հետո կսարքեն», իսկ այդ վայրերը, ըստ նրա, կդառնան «աջակցենք մետրոյի ճակատագրին» տարածքներ։

Ստեփանյանը նաև վստահություն հայտնեց, որ այդ կայանատեղիները միանշանակ լինելու են վճարովի՝ հավելելով․ «Երևան քաղաքում անվճար մնացել է միայն կեղտոտ օդը»։

Բանախոսը շեշտեց, որ ստեղծված իրավիճակը հանրության կողմից տարիներ շարունակ տիրող լռության, հանդուրժողականության և ընտրություններին պասիվ մասնակցության ուղղակի հետևանքն է, ինչից էլ օգտվում է կառավարող քաղաքական ուժը։


Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

22:00 Մերօրյա Սարոյան եղբայրները. մեկը ՔՊ-ական թաղապետ է, մյուսը` դաշնակցական
20:43 Չարչրկված բենզալցակայանը պատկանել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի հորաքրոջը
19:00 «Բուդկչիներին»` ոչինչ, հարուստներին` 2091.9 քմ ինքնակամ շինություն
19:48 Գյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:58 500 միլիոն դոլար արժողությամբ սուպերզբոսանավը․ ինչպես է Ջեֆ Բեզոսը վայելում շքեղ կյանքը Լորեն Սանչեսի հետ
22:57 Նեթանյահուն և Թրամփը քննարկել են Իրանի դեմ հարվածները վերսկսելու հարցը
18:19 ՔՊ-ն որոշել է թալանել և սնանկացնել մեր ընտանիքը․ Էդգար Ղազարյան
22:30 Ռուբինյանն իմ ղեկավարը չի, իմ ծառայողն ա, ինքն ինձնից շատ փող ա ստանում, որ պատգամավորներին ծառայություններ մատուցի. Էդգար Ղազարյան
22:09 Շենգավիթում հերթական անգամ թալանել են «Հավերժություն» սգո սրահը. կասկածյալի ինքնությունը պարզվել է
18:13 Թաթա Սիմոնյանի համերգը հետաձգվել է հարգելի պատճառներով