Գևորգ Էմին-Տերյանի հեղինակային «Բաստիոն» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալվել է ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը:
Ընդդիմադիր պատգամավորը խոսել է ընդդիմության օրակարգի, ՔՊ-ականների՝ իրենց հետ աշխատել չցանկանալու, COP17-ի կազմակերպման, հսկայական գումարներ վատնելու, Ամուլսարի հանքի շահագործման, դրա ռիսկերի, «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների՝ պարգևավճարներից հրաժարվելու, պատգամավորների բարեվարքության, ԱԺ-ում ֆիզիկական հաշվեհարդարի անընդունելի լինելու, իրենց դաշինքի ներկայացրած օրինագծերի՝ դեղերի մասին նախագծի և հակասաֆարովյան օրենքի փաթեթի մասին. վերջինը պետք է բացառի ադրբեջանցիների մշտական բնակությունը, գույքի ձեռքբերումը Հայաստանի տարածքում:
«Իմ տպավորությամբ՝ ԱԺ-ում դոմինանտ քաղաքական ուժը, Ազգային ժողովի աշխատանքների ֆունկցիոնալ գործունեության իմաստով «Ուժեղ Հայաստանն» ա, և «Ուժեղ Հայաստանի» դրվածքը աշխատանքի իրենց որոշակի իմաստով շոկի ա բերել»,- նշում է Ղազարյանը:
Ըստ նրա՝ ՔՊ-ն սովոր չէ աշխատելու, նախկինում ԱԺ հանձնաժողովների նիստերին մասնակցել են միայն հանձնաժողովների անդամները, ու շատ հաճախ ընդդիմությունը բոյկոտել է, ՔՊ-ն ինչ նախագիծ ներկայացրել է, քննարկումը տևել է 5 րոպե. «Հիմա իրանք գալիս են հանձնաժողովի նիստի, տեսնում են՝ տասը րոպե առաջ «Ուժեղ Հայաստանից» 12 հոգի նստած ա, որից երկուսն են հանձնաժողովի անդամ, մյուսները եկել են հարցերով, ելույթներով, եկել են աշխատելու, քննարկելու, իրենք պատրաստ չեն մեզ հետ էդ հարցերը քննարկելու, դրա համար վերցնում, փախնում են»:
Խոսելով COP17-ի մասին՝ նա ասաց, որ զարմացած է՝ ինչպես են Հայաստանին թույլ տվել հյուրընկալել այն. «Հիմնականում էս կարգի համաժողովները հյուրընկալում են էն կարգի երկրները, որոնք խնդիր ունեն՝ իրենց երկիր մարդ գա, հսկայական փողեր են ծախսում էդ երկրները, որպեսզի պաշտոնյաները նկարվեն, փողոցներ փակեն»:
Համաժողովի կազմակերպման համար ծախսվող հսկայական գումարները ընդդիմադիր պատգամավորը համարում է վատնում:
«Դրանք լինելու են տարբեր երկրների բնապահպանության նախարարությունների կամ բնապահպանական ՀԿ-ների ներկայացուցիչներ, գնաս ի՞նչ ասես՝ կազմակերպիչ երկիրը քաղաքական նպատակներով մի քանի օր առյո՞ւծ ա սատկացրել, Արցախյան պատերազմի ժամանակ Ադրբեջանը ֆոսֆորային ռումբե՞ր ա կիրառել, հեկտարներով անտառներ են վառվել, ու դրա համար ոչ մեկը պատասխանատվության չի ենթարկվել»,- նշում է Ղազարյանը:
Այս և այլ ուշագրավ հարցերի մասին ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:
Գևորգ Էմին-Տերյան