Ուղիղ եթեր
Բաստիոն 56 րոպե առաջ - 21:30 02-10-2026

Ռոբերտ Քոչարյանը պետք է ազատ արձակվի, որովհետև ոչ թե Պուտինի ընկերն է, այլ քաղբանտարկյալ է. Աննա Գրիգորյան

Գևորգ Էմին-Տերյան

Գլխավոր խմբագիր

Գևորգ Էմին-Տերյանի հեղինակային «Բաստիոն» հաղորդման տաղավարում հյուրընկալվել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը:

Աննա Գրիգորյանը խոսել է ընդդիմադիր առաջնորդներին մեկուսացնելու պատճառների, Ռոբերտ Քոչարյանի կալանքի, Արևմուտքի և Ռուսաստանի լռության, իշխանության չբալանսավորված քաղաքականության, Արցախի անկումը չկասեցնելու, երեկ Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցու դեպքի, պատկան մարմինների անգործության, Սահմանադրության փոփոխության հետևանքների, Եկեղեցու նկատմամբ հալածանքների մասին:

«Ակնհայտ է, որ բացառապես քաղաքական մոտիվներով այսօր կալանավորված է Ռոբերտ Քոչարյանը, սա ոչ միայն հաշվեհարդար է, այլև, ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասում՝ ժողովրդի պատվերն է, չնայած դա անթույլատրելի է, չի կարելի հենվել միայն ժողովրդի ասածների վրա ու ինչ-որ գործողություններ անել»,- նշում է նա:

Աննա Գրիգորյանը վստահ է՝ ընդդիմադիր ուժերի առաջնորդներին մեկուսացնելու պատճառն այն է, որ առաջիկայում լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում, Ադրբեջանին հերթական զիջումներն են արվելու. «Կալանքը բացառապես այն խնդիրն ա լուծում, որ առաջիկայում զիջումներից առաջ փորձում ա լռեցնել հիմնական քաղաքական դերակատարներին, փորձում ա լռեցնել հնարավոր օջախները»:

Աննա Գրիգորյանը նշում է, որ ի տարբերություն, օրինակ, «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի, որը թեպետ տնային կալանքի տակ է, բայց կարողանում է շփում ապահովել իր ղեկավարած ուժի հետ, իսկ իրենք Ռոբերտ Քոչարյանի հետ կոմունիկացիա չունեն:

Խոսելով Սեդրակ Քոչարյանի կալանքի մասին՝ Աննա Գրիգորյանը նշեց, որ դա աննախադեպ երևույթ է, երբ նույն ընտանիքի երկու անդամի են կալանավորում՝ դա համարելով ճնշման հերթական լծակ Քոչարյանի վրա:

Անդրադառնալով Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցու միջադեպին՝ ԱԺ պատգամավորն ասաց. «Մենք հանգրվանել ենք մի իրավիճակի, որ անվտանգություն ապահովող սուբյեկտը՝ պետությունը, դա պատվիրակել է սովորական քաղաքացու վրա. ուժային կառույցները, որ պետք ա գտնեին, մեկուսացնեին ներթափանցում իրականացրած, զինված ադրբեջանցուն, չեն արել, ու մարդու անվտանգության պաշտպանությունը մնացել ա իր ուսերին, այսինքն՝ ինքն աշխատում ա, հարկը տալիս ա, որ պետությունն ու պետության ղեկավարող անձինք ոչ թե պարգևավճար ստանան, այլ իր անվտանգությունն ապահովեն, արդյունքում ստացվում ա, որ երեք երեխաների մայրը ստիպված ա իր վրա կրակոց ընդունել, մի հատ էլ դանակով ինքնապաշտպանություն կազմակերպել: Բա Պապիկյան Սուրենն ինչո՞վ պետք ա զբաղվի, Անդրանիկ Սիմոնյանն ինչո՞վ պետք ա զբաղվի, Պապիկյան Սուրենը հազիվ ռիլ նկարով ա զբաղված, ռիլմեյքեր ա դարձել»:

Աննա Գրիգորյան կարծիքով՝ ԱԱԾ-ի լռության պատճառն այն է եղել, որ հույս են ունեցել առանց աղմուկի հայտնաբերել ադրբեջանցուն, որպեսզի իրենց ստեղծած խաղաղության միֆը պահպանվի:

Այս և այլ հարցերի մասին ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:

Գևորգ Էմին-Տերյան