Հայաստանի անունը հերթական անգամ հնչել է միջազգային բեմում։ Տաշքենդում կայացած «Our Generation 2026» («Մեր սերունդը») մանկական երգի միջազգային մրցույթում մասնագիտական ժյուրիի քվեարկության արդյունքում հաղթող է ճանաչվել Հայաստանի ներկայացուցիչ՝ 12-ամյա Լեոն։
Պատանի երգիչը մրցույթում հանդես է եկել «Մամա» երգով՝ արժանանալով ժյուրիի բարձր գնահատականին և նվաճելով հաղթանակը։
Լեոն ոչ միայն երգարվեստում է դրսևորում իր տաղանդը, այլև աչքի է ընկնում բազմակողմանի հետաքրքրություններով։ Նա նվագում է կիթառ, զբաղվում ֆուտբոլով, լողով և թենիսով։ Բացի այդ, պատանի արտիստն արդեն հասցրել է ուժերը փորձել նաև կինոյում․ նա նկարահանվել է «Մոլորվածը» գեղարվեստական ֆիլմում՝ մարմնավորելով Արամի կերպարը։
Հատկանշական է, որ Լեոն երգիչներ Մարտին Մկրտչյանի և Հռիփսիմե Հակոբյանի որդին է, և այժմ ինքն էլ իր հաջողություններով շարունակում է ընտանիքի երաժշտական ուղին։
Նշենք, որ «Our Generation»-ը մանկական հեղինակային երգի միջազգային հեռուստատեսային մրցույթ է, որի հիմնական նպատակն է բացահայտել, աջակցել և միջազգային հարթակ տրամադրել տաղանդավոր պատանի կատարողներին։
12-ամյա Լեոյի հաղթանակը ևս մեկ գեղեցիկ առիթ է՝ հպարտանալու հայ պատանի տաղանդով և հայկական անունը միջազգային բեմում տեսնելու համար։
Տեսանյութը՝
այստեղ։