Ներքին 49 րոպե առաջ - 14:30 14-10-2026

Ամեն ինչ կոտրվում է խեղճ քաղաքացու գլխին, ո՞վ հետ կտա նրա փողը

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

Շինարարների փողոցի շինություններն ու կրպակները զանգվածաբար քանդելու թեմայի մի կարևոր հանգամանք լուրջ քննարկման կարիք ունի։ Ոմանք կարծիք են հայտնում, որ կրպակներ քանդող իշխանություններն այսպիսով ցույց են տալիս, որ կոռուպցիայի պարտակող են։ Այս կասկածը հիմնավորվում է հետևյալ կերպ։

Քանդվող կրպակների մի մասն ունեն սեփականության վկայական։ Դրանց մի մասը ձեռք է բերվել Ավինյանի օրոք, մյուսը՝ նախկինների։ Ավինյանի քաղաքապետարանը թույլտվություն է տվել բոլորին աշխատելու, հարկեր ու տուրքեր է գանձել բոլորից։ Եվ հիմա, երբ որոշել է քանդել դրանց մի մասը, ապա կարող էր դա անել օրինական ճանապարհով, ոչ թե վայրենավարի՝ խախտելով սեփականության իրավունքը, ատելություն հարուցելով ՔՊ-ի, իշխանության ու պետության հանդեպ։

Ո՞վ չգիտի, որ Երևանում առանց կաշառքի՝ հնարավոր չէ ոչինչ կառուցել, նույնիսկ՝ կրպակ դնել։ Ենթադրենք՝ մարդը որոշ գումար է տվել քաղաքային պաշտոնյաներին ու ստացել այդ հատվածներում շինարարություն անելու կամ կրպակ դնելու իրավունք։ Իսկ հիմա, երբ այդ կրպակը կամ շինությունը քանդում են, ինչո՞ւ պատասխանատվության չեն ենթարկում այն պաշտոնյաներին, որոնք, խախտելով օրենքը, համապատասխան թույլտվություններ են տվել։

Այսինքն՝ քաղաքապետարանը կարող էր դիմել իրավապահին՝ պահանջելով բացահայտել այդ օբյեկտների օրինականության հիմքերը։ Եվ այդ տվյալների հիման վրա Ավինյանը կարող էր ներկայացնել հիմքեր, որ այդ կրպակները կամ շինությունները ձեռք են բերվել կոռուպցիոն ճանապարհով։ Եվ երբ պարզեին այդ ամենը և բացահայտեին կոռուպցիոներ պաշտոնյաներին, դրանից հետո արդեն կարող էին քանդել նրանց կողմից ապօրինաբար թույլատրված շինություններն ու կրպակները։ Այսինքն՝ այդպիսի գործընթացները կարող էին կրպակներն ու խանութները քանդելու օրինական հիմք հանդիսանալ։ Եվ հանրային բողոքի այսպիսի մեծ ու սպառնալից ալիք չէր բարձրանա։

Նկատենք, որ կրպակի, առավել ևս շինության համար քաղաքապետարանի տասնյակ պաշտոնյաների հետ է գործ ունեցել քաղաքացին, դրանք բոլորը ստորագրել ու թույլ են տվել, որ այդտեղ կրպակ կամ շինություն լինի։ Այդ ստորագրողները և Ավինյանն անձամբ պետք է ներգրավվեն իրավական գործընթացներում և մասնագիտական կարծիքով հիմնավորեն, որ այդ տեղերում կրպակի կամ շինության տեղադրումը համապատասխանում է օրենքին, քաղաքաշինության և այլ պահանջներին կամ խոստովանեն, թե չեն համապատասխանում օրենքներին, նորմերին, բայց իրենք խախտելով օրենքը՝ թույլտվություն են տվել։ Այսպիսի խոստովանությունը ավելի շատ կմաքրի քաղաքի օդը, քան քանդված կրպակների տեղերում տնկվելիք խոտերն ու թփերը։

Եթե այսպիսի գործընթացներ չեն կազմակերպվում, ապա ողջամիտ կասկած է առաջանում, որ Ավինյանը հովանավորում է կոռուպցիան քաղաքապետարանում։ Այսինքն՝ Ավինյանի կողմից հովանավորվում են այն պաշտոնյաները, որոնք երեկ կամ տասնամյակներ առաջ թույլ են տվել, որ մայթերին կրպակներ տեղադրվեն, շինություններ կառուցվեն ու շահագործվեն։ Եթե այդ թույլտվությունները օրինական են, ապա կրպակներ քանդելու մասին Ավինյանի որոշումը հակասում է դրանց։ Եթե թույլտվություններն ապօրինի են, ապա համապատասխան պաշտոնյաները պետք է ներգրավվեն իրավական գործընթացներում։

Իսկ այսօր Ավինյանի որոշմամբ քանդում են կրպակներն ու խանութները՝ առանց այսպիսի պարզաբանումների։ Քաղաքապետարանի ու թաղապետարանի տաքուկ անկյուններում ծվարած պրոֆեսիոնալ կոռուպցիոներները անվրդով մարսում են իրենց կերածները, իսկ խեղճ քաղաքացու գլխին լուրջ խնդիրներ են կուտակվում։ Նա մնում է ձեռնունայն, իսկ պաշտոնյան նույնիսկ չի էլ ցավակցում։

Կարճ ասած՝ անտրամաբանական գործելաոճ է ընտրել Տիգրան Ավինյանը, ինչը կասկած է առաջացնում, որ նա հովանավորում է կամ պարտակում կոռուպցիան քաղաքապետարանում։ Եթե այս կասկածն անհիմն է, ապա կրպակներն ու խանութները քանդելուն զուգահեռ կհարուցվեն վարույթներ, որոնց կներգրավվեն բոլոր հին ու նոր քաղաքային պաշտոնյաները, որոնք առնչվել են այս կրպակներին ու խանութներին։ Սա կլինի տրամաբանական, հնարավոր կլինի դատարանի վճռով հիմնավորել, որ այդտեղ չպետք է լինեին խանութներ ու կրպակներ, կամ դրանք տեղադրվել են կամ շահագործվել օրենքի, նորմերի խախտումներով, ուստի՝ պիտի քանդվեն։

Այսպիսի իրավական գործընթացները նաև կկանխեին ինքնադատաստանի հնարավոր դրսևորումները։ Օրինակ՝ քաղաքացին կարող է քաղաքային պաշտոնյայից հետ պահանջել կրպակի կամ շինության համար իր տված փողը, որը, ենթադրաբար, փոքր գումար չէ։ Եվ պաշտոնյան կա՛մ պետք է ազնվորեն վերադարձնի քաղաքացուց վերցրած փողը, կա՛մ Ավինյանի այս որոշումը որակի անմարդկային, պաշտպանի կրպակատերերի օրինական իրավունքները, նրանց կողքին կանգնի ու մասնակցի ցույցի, վկայություն տա դատարանում, որ ամեն ինչ օրինական է, Ավինյանի որոշումն՝ ապօրինի։


Թաթուլ Մկրտչյան