Ներքին 8 ամիս առաջ - 19:55 17-02-2026

Ռուբեն Վարդանյանի դատավճիռն իրավաբանորեն անհիմն է. իրավաբանական թիմի հայտարարությունը

Սույն թվականի փետրվարի 17-ին Բաքվի ռազմական դատարանը մեղադրական որոշում կայացրեց Ռուբեն Վարդանյանի նկատմամբ՝ նրան դատապարտելով քսան տարվա ազատազրկման: Այս վճիռն անկախ և անաչառ դատական գործընթացի արդյունք չէ, այլ քաղաքական նկատառումներով պայմանավորված վարույթի կանխատեսելի հետևանք՝ ամբողջությամբ անհամատեղելի արդար դատաքննության երաշխիքների հետ։

Այս մասին հայտարարություն է տարածել Ռուբեն Վարդանյանի իրավաբանական խումբը։

«Որպես նրա իրավաբանական թիմի ներկայացուցիչներ՝ մենք հայտարարում ենք, որ այս դատավճիռն իրավաբանորեն անհիմն է։

Դատավարությունն ի սկզբանե ընթացել է և՛ Ադրբեջանի ներքին օրենսդրության, և՛ այդ երկրի միջազգային պարտավորությունների լուրջ և համակարգային խախտումներով: Դատարանը չի բավարարել Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրով և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված անկախության և անկողմնակալության պահանջներին: Մեղադրանքների ձևակերպումը և էությունը խաթարել են անմեղության կանխավարկածը։

Պաշտպանական կողմը զրկված է եղել գործի նյութերին պատշաճ ծանոթանալու հնարավորությունից՝ ունենալով խիստ անբավարար ժամանակ նյութերի ուսումնասիրման համար։
Բազմիցս խոչընդոտվել են միջնորդություններ անելու և արդարացնող ապացույցներ ներկայացնելու փորձերը։ Պարոն Վարդանյանին չի տրամադրվել իր կողմից ընտրված փաստաբանի հետ լիարժեք աշխատելու հնարավորություն։ Սրանք ընթացակարգային խախտումներ չեն և ուղղակիորեն զրկել են Վարդանյանին արդյունավետ պաշտպանություն իրակականացնելու հիմնարար իրավունքից։

Դատավարության կողմերի հավասարության սկզբունքը չի գործել։ Պարոն Վարդանյանին չի տրվել իրեն առաջադրված մեղադրանքներն իրավասու, անկախ ու անաչառ դատարանում վիճարկելու իրական հնարավորություն: Նման հանգամանքներում դատավճիռն անկողմնակալ լինել չի կարող։

Մեղադրանքների բնույթն ավելի է ընդգծում մեղադրանքի քաղաքական էությունը։ Պարոն Վարդանյանը քրեական պատասխանատվության է ենթարկվել ոչ թե ապացուցված անհատական արարքների, այլ Արցախի/Լեռնային Ղարաբաղի ինստիտուտների հետ քաղաքական ներգրավվածության ու հանրային ծառայության համար: Ժամանակակից քրեական օրենսդրությունը, և՛ ներպետական, և՛ միջազգային, թույլ չի տալիս քրեականացնել ինքնությունը, քաղաքական պատկանելությունը կամ կառավարման հաստատությունների հետ առնչությունը՝ առանց կոնկրետ և ապացուցված հանցավոր գործողությունների։

Այս բոլոր խախտումների ամբողջությունը հանգեցնում է անխուսափելի եզրահանգման. Ռուբեն Վարդանյանին զրկել են արդար դատաքննության իրավունքից՝ բոլոր ասպեկտներով: Նրա դատապարտումն արտահայտում է Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի նկատմամբ իրականացվող քաղաքականության օրինաչափությունը և խորը մտահոգություններ է առաջ բերում իրավունքի գերակայության վերաբերյալ։ Հետևաբար այս դատավարությունը ևս, ինչպես մյուս տասնհինգ հայերի նկատմամբ վերջերս ավարտված դատավարությունը, ապօրինի է:

Կոչ ենք անում միջազգային կազմակերպություններին, մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմներին և պատասխանատու կառավարություններին` անհապաղ և կոնկրետ քայլեր ձեռնարկել պարոն Վարդանյանի և Բաքվում պահվող և ապօրինի դատապարտված մյուս հայերի իրավունքները պաշտպանելու և նրանց ազատ արձակումն ապահովելու համար: Քաղաքական դրդապատճառներով հետապնդումների նորմալիզացումը սպառնում է ոչ միայն շահագրգիռ անձանց, այլև միջազգային իրավակարգի հեղինակությանը»։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ