Մոսկվան պատրաստ է քննարկել եվրոպական անվտանգության համակարգի շուրջ իր պահանջները, սակայն Ուկրաինան և Եվրոպան դեռևս պատրաստ չեն փոխզիջումների գնալ հակամարտությունը կարգավորելու համար։
Եռակողմ բանակցություններից հետո լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նա միաժամանակ շեշտել է, որ այդ հարցում Ռուսաստանի պահանջներն իրավաչափ են։
«Կիևի ներկայիս իշխանությունները մարտական գործողությունների դադարեցում չեն ցանկանում, քանի որ այդ դեպքում ստիպված կլինեն գնալ ընտրությունների… Սակայն չի բացառվում, որ Կիևում գիտակցեն իրողությունները, և փոխզիջումներ, այնուամենայնիվ, լինեն»,- ասել է ՌԴ ղեկավարը։
Անդրադառնալով Դոնալդ Թրամփի և Սի Ծինփինի հետ հանդիպմանը` Պուտինը եռակողմ ձևաչափը հաջողված է որակել՝ չբացառելով, որ որոշ հարցերի շուրջ որոշումներ կարող են կայացվել նաև այլ ձևաչափերով։
«Նոր Յալթայի» վերաբերյալ հարցին ի պատասխան՝ ՌԴ նախագահը նշել է, որ Յալթայում որևէ վատ բան չի եղել, այնտեղ արձանագրվել է նացիզմի դեմ հաղթանակը, ուստի լավ կլիներ այժմ էլ արձանագրել նեոնացիզմի դեմ հաղթանակը։