Հանրահայտ երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը հայտնվել է համացանցային քննադատությունների կենտրոնում՝ իր նոր՝ 150 դոլար արժողությամբ շրթունքների բալզամի պատճառով։ Սակայն հանրության դժգոհությունը պայմանավորված է ոչ միայն ապրանքի բարձր գնով, այլև դրա գովազդային հոլովակով, որը, ենթադրաբար, ստեղծվել է արհեստական բանականության միջոցով։
Ամեն ինչ սկսվել է JLo Beauty բրենդի և ավստրիական լյուքս դասի Swarovski ընկերության համատեղ նորույթից։ Խոսքը Beso Balm շրթունքների բալզամի սահմանափակ թողարկման մասին է, որի գինը հասել է 150 դոլարի։
Հատկանշական է, որ նույն բալզամը 2023 թվականին վաճառվում էր ընդամենը 19 դոլարով։ Այսպիսով, Swarovski-ի հետ համագործակցությունը դրա արժեքը բարձրացրել է գրեթե 690 տոկոսով։
Գովազդային հոլովակում ցուցադրվում է Swarovski բյուրեղներով զարդարված բալզամը, իսկ որպես երաժշտական ուղեկցություն ընտրվել է Լոպեսի հայտնի՝ 2002 թվականին թողարկված «Jenny From the Block» երգը։ Տեսանյութում նաև նշված է, որ բովանդակությունը ստեղծվել է արհեստական բանականության միջոցով։
Նորույթը ներկայացված է երեք տարբերակով՝ Crisp Apple, Cocoa Cream և Cherry Noir։ Դրանցից յուրաքանչյուրն ունի իր խորհրդանշական նշանակությունը՝ արտացոլելով Լոպեսի տարբեր կերպարները՝ պարուհի, աստղ և երգչուհի։
Չնայած բրենդի՝ շքեղության և բացառիկության վրա հիմնված գովազդային արշավին՝ արձագանքները հիմնականում բացասական են եղել։
«Կներես, Ջեյ Լո, բայց սա սարսափելի է», — գրել է երկրպագուներից մեկը։
Որոշ օգտատերեր բյուրեղներով զարդարված բալզամի տարաները համեմատել են նույնիսկ «փայլերով պատված մարիխուանայի մանրացուցիչների» հետ։ Մյուսներն էլ իրենց դժգոհությունն են արտահայտել գովազդային հոլովակի որակի վերաբերյալ՝ կասկածի տակ դնելով, թե ինչու է միլիոնավոր դոլարներ վաստակող աստղի բրենդը դիմել արհեստական բանականության օգնությանը։
«Այդքան փող ունեք, բայց չե՞ք կարողացել մի մարդ վարձել, որն անիմացիա կպատրաստեր», — հեգնել է մեկնաբաններից մեկը։
«Պարզապես տասը րոպե տրամադրեք՝ նորմալ տեսանյութ նկարահանելու համար և դադարեցրեք այս աբսուրդը», — գրել է մեկ այլ օգտատեր։
Քննադատություններից անմասն չի մնացել նաև ապրանքի գինը։ Շատերի համար անհասկանալի է մնացել, թե արդյոք Swarovski-ի բյուրեղներն իսկապես արդարացնում են բալզամի արժեքի նման կտրուկ աճը։
Որոշ մեկնաբաններ նորույթն անգամ անվանել են «պատմության մեջ ամենաաբսուրդային թողարկումներից մեկը»՝ հարց բարձրացնելով, թե ով է պատասխանատու աստղի բրենդի մարքեթինգային ռազմավարության համար։
Փաստորեն, այս անգամ Ջենիֆեր Լոպեսի՝ «Ես մնում եմ նույնը, նույնիսկ երբ եկամուտներս աճում են» երգային խոսքերը գովազդային ուղերձի փոխարեն սոցիալական ցանցերում քննադատության առիթ են դարձել։