Ֆրանսիայում համազգային գործադուլի շրջանակում արհմիությունների կազմակերպած ցույցերն ավարտվել են առանց լուրջ միջադեպերի։ Դրանց մասնակցել է 176 հազար մարդ։
Այս մասին հայտնել է TF1 հեռուստաալիքը՝ հղում անելով երկրի ՆԳՆ տվյալներին։
Բողոքի ակցիաներին աջակցել են նաև դպրոցականների և ուսանողների միությունները։
Ցույցերից մեկ օր առաջ ՆԳՆ վերլուծաբանները կանխատեսել էին 250-360 հազար մասնակցի ներկայություն։ Փարիզում ակնկալվում էր 30-60 հազար ցուցարար, սակայն ոստիկանության տվյալներով՝ մինչև ժամը 17։00-ն փողոց էր դուրս եկել ընդամենը 28 հազար մարդ։
Միևնույն ժամանակ, ակցիաների կազմակերպմանը մասնակցած Աշխատանքի համընդհանուր համադաշնությունը հայտարարել է, որ ամբողջ երկրում ցույցերին մասնակցել է 500 հազար մարդ, իսկ Փարիզում՝ 175 հազար։
Մայրաքաղաքում և երկրի մյուս քաղաքների մեծ մասում երթերն անցել են խաղաղ։ Միայն Նանտում են բախումներ տեղի ունեցել ոստիկանության և ցուցարարների միջև։
Իրավապահները ամբոխը ցրելու համար կիրառել են ջրցան մեքենա և արցունքաբեր գազ։
Ֆրանսիայում զանգվածային բողոքի ակցիաները շարունակվում են սեպտեմբերի վերջից։
Դպրոցականները սկսել էին փակել ուսումնական հաստատությունները՝ դժգոհելով դրանց վատ վիճակից, ծանրաբեռնված դասացուցակներից և մի շարք առարկաների ուսուցիչների բացակայությունից։ Հոկտեմբերին նրանց միացել են արհմիությունները՝ պահանջելով բարձրացնել աշխատավարձերը և հրաժարվել կառավարության նախատեսած լրացուցիչ խնայողության միջոցառումներից։