Ժողովրդի մի մասն իսկապես հույս ունի, որ Հայաստանն առաջիկայում կարող է ազատվել ռուսական ազդեցությունից, չեզոքացնել ռուսական սպառնալիքները, զարգացման, խորացնել ժողովրդավարությունը, պաշտպանել ազգային իրավունքները և այլն։ Ամեն անգամ, երբ բարձրաստիճան հայ պաշտոնյան գնում է Արևմուտք, այդ հույսը վերստին նորոգվում է, և անուղղելի լավատեսներն իրենք իրենց և ուրիշներին հույս են տալիս, որ այս անգամ առաջընթաց կարձանագրվի, ինչ-որ քայլ կարվի, գոնե հայտարարություն կհնչի։
Օրինակ՝ օրեր առաջ Դուբլինում Փաշինյանն ասաց, թե 20 տարի հետո ՀՀ-ն ԵՄ կազմում է տեսնում, և բազմաթիվ մարդիկ ուրախացան, որ գոնե անորոշ ապագային վերաբերող հարցերում Փաշինյանը ռուսամետ և ամոթալի դիրքորոշում չի հայտնում։
Մարդիկ ուրախանում են նաև, որ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսել է գնացել, ենթադրում, որ նա այնտեղ իրականացնելու է Նիկոլ Փաշինյանի քաղաքական երազանքը։ Այսինքն՝ եթե Փաշինյանը երազում է, որ 20 տարի անց ՀՀ-ն ԵՄ-ում է լինելու, ապա տրամաբանական է, որ ԱԳՄԱ նախարարն քայլեր պիտի անի այդ ուղղությամբ և դրա համար է գնացել ԵՄ մայրաքաղաք։
Եվ ահա, նա իր էջերում ցույց է տալիս, թե ինչ կարևոր բաներով է զբաղված Բրյուսելում։ Պարզվում է, նա այնտեղ նարդի է խաղում, խաշ ուտում, օղի խմում։ Գուցե դրա համա՞ր էր Բրյուսել գնացել։ Սա նրանց համար ժամա՞նց է, թե՞ աշխատանք։ Գուցե սա ԱԳՄԱ նախարարի նոր անելիքների շարքո՞ւմ է։
Մինչև 2013-ը բոլորը գիտեին, որ ՀՀ-ն արտաքին քաղաքական երեք առաջնահերթություն ունի՝ Արցախի հարց, Ցեղասպանության ճանաչում, Եվրաինտեգրում։ Ներկայումս Արցախը զավթված է։ Թուրք լրագրողների հետ հանդիպմանը Փաշինյանը հայտարարել է, որ Ցեղասպանության ճանաչումն արտաքին քաղաքական առաջնահերթություն չէ։ Եվրաինտեգրումը ևս առաջնահերթություն չէ։ ԵՄ-ի մասին այնքան խճճված են խոսում պաշտոնյաները, որ հավանաբար՝ իրենք էլ չեն հասկանում, թե ինչ են ասում։ Փոխարենը շատ պարզ են գրում պաշտոնաթողությունից հետո։ Օրինակ՝ նախկին ԱԽՔ-ը ԵՄ-ին միանալը պարտրանք է որակում։
Չնայած՝ ԵՄ ինտեգրման հարցում խորն անորոշություն է այսօր, փոխարենը մանրամասներով ցուցադրվում է Բրյուսելում խաշի սեղանն ու նարդին։ Այստեղ ամեն ինչ պարզ է։ ԱԳՄԱ նախարարն ու նրա աշխատողները ախորժակով և ուրախ դեմքերով ուտում և խմում են, զվարճանում, նարդի խաղում։
Սակայն ոմանք կարծիք են հայտնում, թե այս տեսանյութը լուրջ է։ Ողջամիտ ենթադրություն է առաջ քաշվում, որ խաշն ու նարդին արտաքին քաղաքական առաջնահերթություն են, ունեն քաղաքական նշանակություն։
Եթե այս ենթադրությունը ճիշտ է, ապա ԵՄ այլ քաղաքներում ևս հայկական ռեստորանները կհայտնվեն նախարար Միրզոյանի լրահոսում։ Մի տեղ նա խաշ կուտի, մյուսում՝ տոլմա կամ հարիսա։ Այդպես կնպաստեն, որ հայկական ռեստորանները շատ հաճախորդներ ունենան, մեծ շահույթներ ստանան։ Այսպես թերևս՝ կհիմնավորվի այն, թե ինչու ԱԳՆ-ն անվանափոխեցին ԱԳՄԱՆ-ի։ ԵՄ-ում շատ մարդիկ կճանաչեն Հայաստանը, գուցե նաև սիրեն մի քանի բաժակ խմելուց հետո և մտածեն ամառային արձակուրդն Երևանում անցկացնելու մասին։
Կարճ ասած՝ ՔՊ-ական պաշտոնյաները, հավանաբար, օրինակ կվերցնեն Արարատ Միրզոյանից։ Բրյուսել կամ եվրոպական այլ քաղաք մեկնելիս նրանք կայցելեն հայկական ռեստորան ու այդ մասին տեսանյութ կհրապարակեն, որ հայերի բիզնեսը ծաղկի, հայերը հարստանան, եվրոպացիները հայկական ռեստորանում հարբելուց հետո ճանաչեն Հայաստանը, սիրեն մեր երկիրն ու գան, մի քանի հարյուր դոլար թողնեն այստեղ, գնան։ Ակնհյատ է, որ ռեստորանի գովազդի, խաշ ուտելու և նարդի խաղալու մասին տեսանյութի հրապարակման արդյունքում կշահեն գրեթե բոլորը՝ և՛ պաշտոնյաները, որոնք ուտում են, խմում, նարդի խաղում, և՛ ռեստորանի տերերը, որոնց բիզնեսը գովազդվում է, և՛ եվրոպացիները, որոնք այդ գովազդի ազդեցության տակ գալիս են Հայաստան ու ծանոթանում մեր երկրի հետ, և՛ հայկական զբոսաշրջային բիզնեսը, և՛ ՀՀ պետական բյուջեն, և՛ բյուջեից սնվողները։
Իսկ եվրաինտեգրումը, անկախության և ժողովրդավարության բարեփոխումները, ԵՄ-ին միանալու քայլերը կարող են հետաձգել 20 տարի, ԱԳՄԱ նախարարը ներկայումս կարևոր գործով է զբաղվում։
Թաթուլ Մկրտչյան